Բաժիններ՝

«Շենքերը, որոնք վկայում էին Երևանի ճարտարապետության մասին, քանդեցին՝ առանց խղճի խայթ զգալու». Անահիտ Բախշյան

«Երևանը մեր միակն է, մեր մայրաքաղաքն է, և աշխարհի յուրաքանչյուր հայ սիրում է Երևանը, ուզում է Երևանը տեսնել՝ որպես իսկապես հնագույն մայրաքաղաք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ խոսելով Երևանի 2798-ամյակի մասին։

Մեր զրուցակցի խոսքով՝ հնագույն մայրաքաղաք ասելով՝ ուզում ենք տեսնել Երևանի  հնագույն պատմությունը փաստող տեսքը, որն այսօր Երևանը չունի. «Իհարկե, պետք է հիշենք, որ Երևանի հնությունը, հնագույն լինելը փաստող Կարմիր բլուրը կա, Էրեբունի թանգարանը կա, բայց քաղաքի մեջ ունեինք հին Երևանի մասին վկայող շենքեր, որոնք այսօր չկան։ Ես ծնվել եմ 1947 թվականին և լավ հիշում եմ Երևանի հնության մասին փաստող շենքեր, որոնցից մի մասն այսօր չկան։ Բոլորս հիշում ենք հասարակության ընդվզումն այդ քանդման պրոցեսներին, շենքեր, որոնք վկայում էին Երևանի ճարտարապետության մասին, քանդեցին՝ առանց խղճի խայթ զգալու, հետևանքների մասին մտածելու, ինչ-որ անունը գերակա շահ դրեցին, ու ստացվեց հակառակը՝ Երևանի շահից չբխող քայլեր»։

Ա. Բախշյանը նկատեց, որ այսօր Երևանն անհամեմատ մաքուր է, բարեկարգ է, կանաչ տարածքները շատանում են, բայց այս պահին ինքը նաև գիտի, որ Երևանի զարգացմանը հակառակ քայլեր են արվում. «Մարդիկ սեփականաշնորհել են հողեր, սկսել են ինչ-որ կիսատ-պռատ շինարարություն և այդպես թողել են։ Ես դրա լուծումը չգիտեմ, ես այդ հարցը բարձրացրել եմ քաղաքապետարանում, պատասխանը եղել է, որ դա սեփական տարածք է, մարդն ունի սեփականության իրավունք»։

Անդրադառնալով Քաղաքաշինության նախարարության՝ կոմիտեի վերածվելու որոշմանը՝ Ա. Բախշյանը նշեց, որ չի պատկերացնում՝ ինչպե՞ս է նախարարության փոխարեն կոմիտեն գործելու. «Սակայն ասեմ, որ Քաղաքաշինության նախարարությունն էլ՝ որպես նախարարություն, իր գործունեությունն այնպես չի արել, որ ասենք՝ «վայ, ինչ լավ աշխատում էին մարդիկ, քաղաքաշինական հարցեր էին լուծում», հետևաբար, նախարարությունը եթե կոմիտե է, ինձ համար տարբերություն չկա, խնդիրն այն է, որ այդ կոմիտեն զբաղվի քաղաքաշինական գործերով»։

Կարդացեք նաև

Ըստ Ա. Բախշյանի՝ Քաղաքաշինության նախարարությունը պատասխանատվության մեծ բաժին ունի նրանում, որ այսօր Երևանում այդքան փոփոխություններ են տեղի ունեցել. «Քաղաքաշինության նախարարությունը չէ՞ր, որ Աֆրիկյանների շենքը քանդելու թույլտվությունը տվեց և այդպիսի շատ այլ շենքերի։ Քաղաքաշինության նախարարությունն ու քաղաքապետարանն են պատասխանատու, բայց ավելի շատ՝ Քաղաքաշինության նախարարությունը, որովհետև պետական քաղաքականություն որոշողն ինքն էր, Երևանի քաղաքապետարանը գործադիր մարմին է»։

Ա. Բախշյանը Երևանին առաջին հերթին՝ մաղթում է ապրել հավերժ, քանի հայ ժողովուրդը կա մոլորակի վրա. «Որ Երևանն ունենա իրեն այնքան սիրող, իր յուրաքանչյուր միլիմետր կանաչը ոչ միայն՝ պաշտպանող, պահպանող, այլև ավելացնող իշխանություններ, և երևանցիներն էլ այսօրվա տոնն ամեն մեկն իր հոգում զգա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս