600 հայ Սիրիայից դիմել է՝ Հայաստան տեղափոխվելու. «Հալեպ» հ/կ-ի ղեկավար
Arevelk.am-ը գրում է. Մամուլում շրջանառվում է, որ 600 հայ է դիմել Երևանում գործող «Հալեպ» հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ Հայաստան փոխադրվելու համար: Կազմակերպության հիմնադիր Անի Բալխյանն «Արևելքի» հետ զրույցում հստակեցրեց, որ 600 հոգին վերջին շրջանում չէ, որ դիմել է, նրանք անցյալ տարվա մայիսից են Հայաստան գալու ցանկություն հայտնել . «Մի պահ, Սիրիայում համեմատաբար լավ էր վիճակը, իրենց կյանքը խաղաղվեց, մտքները փոխեցին, բայց վերջին սրացումներից հետո նորից թարմացրին իրենց դիմումները: Այս պահին 600 հոգի ուզում են գալ Հայաստան»,-ասաց Անի Բալխյանը:
Կազմակերպությունն իր շուրջը համախմբված բարերարների միջոցով անցյալ տարվա մայիսից 250 ընտանիքի համար միակողմանի տոմս է առել, որոնք Հալեպից փոխադրվել են Հայաստան, ևս 100 հոգու տոմսերը պատրաստ են, և մինչև նոյեմբեր կգան, հարյուրավորներ էլ ունեն ցանկություն և դեռ սպասում են իրենց տոմսերին, ինչի հնարավորությունը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Անի Բալխյանը, «Հալեպ» հ/կ-ն այս պահին չունի և հովանավորներ է փնտրում:
Ինչպես տեղեկացանք, Հայաստան գալուց հետո յուրաքանչուրին տրվում է 100 ԱՄՆ դոլար, ինչը, ըստ Անի Բալխյանի, բավական մեծ գումար է, ասենք չորս հոգանոց ընտանիքի համար. «Եթե ընտանիքի ամեն անդամ 100 դոլար ստանա, գոնե սկզբում կարող են իրենց պետքերը հոգալ»,-ասաց մեր զրուցակիցը: Այդ գումարը կազմակերպությունը կրկին բարերարներից է ստանում:
Հայաստան եկած կարիքավոր սիրիահայերի տան վարձի հարցերը OXFAM-ի հետ Հայաստանում գործող ևս մի քանի միջազգային կառույցներ են հոգում (ինչպես` «Առաքելություն Արևելք», «Armenian Redwood Project» և այլն): Նրանք առաջիկա մեկ տարվա ընթացքոմ ևս կվճարեն 300 ընտանիքի տան վարձ, և այն 100 հոգին, որ առաջիկայում գալու են, ըստ Անի Բալխյանի, առաջնահերթություն ունեն օգտվելու այդ օգնությունից:
Անի Բալխյանը նաև նշում է, որ, «Հալեպ» կազմակերպությունն անընդհատ զանգեր ու նամակներ է ստանում՝ հիմնականում Սիրիայում մնացած կարիքավոր ընտանիքներից, բայց ինչպես կազմակերպության ղեկավարն է դատում դիմումների թվից. «Եթե 20 հազարանոց սիրիահայ համայնքից (20 հազար սիրիահայը ասելով նա նկատի ունի ամբողջ Սիրիայի տարածքում ապրող հայերի թիվը, որոնցից միայն 6-7 հազարը Հալեպում է-խմբ.) ընդամենը 1000–ն է ուզում գալ, ուրեմն կարիքավորների թիվն այնքան էլ մեծ չէ: Ունևորներն իրենք են որոշում՝ իրենց տոմսերը առնե՞լ, գնա՞լ, կամ՝ մնա՞լ»: Եւ առհասարակ, գալու-մնալու հարցը, ըստ Անի Բալխյանի, անհատական որոշում է, և ոչ ոք չի կարող ոչ մեկին ստիպել՝ գալ կամ մնալ: «Բայց գալու դեպքում լավ կլինի, որ Հայաստան գան, որպեսզի Հայաստանում գոնե պահպանվի սիրիահայ համայնքը, չցրվի աշխարհով մեկ»,-իր մտահոգությունն է հայտնում Անի Բալխյանը: Այդ առումով Անի Բալխյանը հայացքն ուղղում է նախ սփյուռքի ուժերին և կոչ է անում սփյուռքահայ մեծատուններին՝ ջանքեր գործադրել և Հայաստանում պահել սիրիահայ մայր գաղութը:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում։