Բաժիններ՝

Հայաստանի տնտեսության 6 «սև խոռոչները»

Երևանում կազմակերպված «Տնտեսական աճի հիմնախնդիրները Հայաստանում՝ երրորդ սերնդի բարեփոխումներ, ներդրումային միջավայր և զարգացման նախադրյալներ» թեմայով աշխատաժողովի հիմնական ելույթ ունեցողը մեր հայրենակից, տնտեսագետ, ՌԴ ակադեմիկոս Աբել Աղանբեգյանն էր։

Նա ներկայացնում էր Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի հիմնադիր Ռադիկ Վանունցի օգնությամբ կազմված 120 էջանոց զեկույցը՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության հեռանկարների մասին։

Ու չնայած զեկույցը մի քանի տարի առաջ է հրապարակվել, դրանցում տեղ գտած փաստերն ու դիտարկումները չեն կորցրել արդիականությունը։ Մենք առանձնացրել ենք Աղանբեգյանի ծավալուն ելույթի առավել հետաքրքիր հատվածները։

Ըստ ակադեմիկոսի, Հայաստանի տնտեսությունը ունի 6 հիմնական «սև խոռոչներ» (թեություններ), որոնք հաղթահարելուց հետո միայն կարելի է մտածել ներդրումների աճը խթանելու մասին։

Կարդացեք նաև

Առաջին կետը Հայաստանի սոցիալտնտեսական զարգացման մակարդակն է։ Ակադեմիկոսը ցավով նշում է, որ մենք այսօր թույլ զարգացած երկիր ենք, և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի 4000 դոլար (իսկ ըստ գնողունակության պարիտետի՝ 8000 դոլար) մակարդակը շատ քիչ է։ «Պետք է զարգանալ ավելի արագ, քան մյուսները, սակայն հիմա Հայաստանի տնտեսական աճի տեմպն ավելի թույլ է, քան մյուս զարգացող երկրներինը, ինչի հետևանքով մենք նահանջում ենք մյուսների համեմատ»։ Պետք է տնտեսական աճի տեմպերն ավելացնել, ասում է նա, և ավելացնում, որ ՀՀ տնտեսության իրական աճի տեմպը կարող է հասցվել մինչև 8%-ի։

Հաջորդ կետը արտաքին առևտուրն է։ Աղանբեգյանը մտահոգիչ է համարում ներմուծման և արտահանման մեծ տարբերությունը (արտաքին առևտրի բացասական սալտոն)։ ։ «Պետք է խթանել արտահանումը և տեղական արտադրության աճի հաշվին նվազեցնել ներմուծումը»,- ասում է նա։

Ակադեմիկոսը լուրջ խնդիր է տեսնում արդյունաբերության ոլորտում։ Նա նշում է, որ այս ոլորտի 16% տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ չափազանց քիչ է։ Ըստ այդմ, Աղանբեգյանը չափազանցություն է համարում, երբ ասում են, որ Հայաստանը ինդուստրիալ-ագրարային երկիր է։ Ըստ նրա, արդյունաբերության ոլորտում դեռ շատ անելիքներ կան, և անհրաժեշտ է վերականգնել տեմպերը։

Մյուս խնդիրը զբաղվածությունն է, ավելի ճիշտ՝ գործազրկությունը (ըստ Աղանբեգյանի՝ 17%)։ «Պետք է ավելացնել զբաղվածություն, ընդ որում, բարձր աշխատավարձերով։ Դրանով նաև կնպաստեք, որ Հայաստանից արտագաղթած մարդիկ վերադառնան»։ Աղանբեգյանը նաև տարակուսանք հայտնեց, որ ՀՀ վիճակագրությունից պարզ չէ, թե զբաղվածների կեսը որ ոլորտներում են աշխատում։

Պետության դերակատարությունը տնտեսությունում պետք է մեծացնել՝ ըստ Աղանբեգյանի։ Բյուջեն քիչ է, և դրանով լուրջ հարցեր հնարավոր չէ լուծել, մինչդեռ. «Ճեղքումները միշտ տեղի են ունենում պետության օգնությամբ»։

Եվ վերջապես, 6-րդ «սև խոռոչը» Երևանի և մարզերի միջև անհամաչափությունն է։ «Ամեն ինչ կենտրոնացված է Երևանում», – ասում է Աղանբեգյանը՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ տարածքային զարգացման համաչափություն ապահովելու համար։

Բացի «սև խոռոչներից», Աբել Աղանբեգյանը առանձնացել է նաև այն ուղղությունները, որտեղ Հայաստանը զարգացման ռեալ հնարավորություններ ունի։

Դրանց թվում ակադեմիկոսն առաջին հերթին առանձնացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ինչի համար պետք է լուրջ ուշադրություն դարձնել կրթության որակին։ Գերակա ուղղությունների թվում են նաև էներգետիկան, ալմաստի մշակումը, ոսկերչությունը, զբոսաշրջությունը, պղնձամոլիբդենային ռեսուրսները և այլն։

Ընդ որում, ըստ Աղանբեգյանի, պետք է ոչ թե, խտանյութ արտահանել, այլ կառուցել մետալուրգիական գործարան և ստեղծել ամբողջական արտադրական շղթա։

«Հայաստանը և Ռուսաստանը զարմանալի հնարավորություններով երկրներ են։ Հայաստանով շրջելու ժամանակ այնպիսի խելացի մարդկանց, ընկերությունների ղեկավարների էի հանդիպում, որ զարմանում էի՝ ինչպես կարելի է նման կադրեր ունենալով հայտնվել այս վիճակում», – ասում է Աբել Աղանբեգյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս