«Սթափվե՛ք…». Վլադիմիր Գասպարյանի արդիական կոչը

Նոր կառավարություն, նոր նախարարներ, նոր ծրագրեր, նոր շարժուձև ու կոստյումներ՝ ավելի նոր։ Անցնում են նրանք դեֆիլեի նման, ու անցնելու են առաջիկա օրերին։ Ու նրանց անցման փոշու հետ օդում սավառնում է մի հանդիմանանք, որը հեղինակ չունի, բայց ունի մոդերատորներ ու որը հանդիմանանք չէ նույնիսկ, այլ մուննաթ՝ իր ցածրությամբ,  ու ուղղված է բոլոր նրանց, ովքեր հանդգնում են չհավատալ նոր փոփոխությունների շնչին ու նոր կառավարիչների փրկարարությանը։

Մուննաթի հիմքում համարյա հայրենադավության հասնող մեղադրանք է՝ հոռետեսությամբ երկրի զարգացումը նավսելու, բոլորի լավը չուզենալու ու դրականին սպասողների անդեմ բանակը չհամալրելու հոդվածներով…

Փոփոխությունների ցունամիից շնչահեղձ չլինողներն այսպիսով դառնում են, ոչ թե դառնում են, այլ ներկայացվում են՝ որպես երկրի լավը չուզողներ, լավը չտեսնողներ ու միայն վատը տեսնողներ, լավին «լավ» չասողներ ու վատին՝ ապուշ չժպտացողներ, ինչպիսին որ ժամանակակից իշխանաստեղծ ընդդիմության բանաձևն է։

Երբ  պետության հիմնարար կառույցները, որ «կառուցակարգեր» են կոչվում մասնագիտական գրականությունում, ու որպիսիք են սահմանադրությունը, օրենքները՝ դրանցով սահմանված լիազարությունների փոխանցման ու այդ լիազորությունների գերազանցման համար գերազանցողին աշխատասենյակից բանտախուց տեղափոխելու ինստիտուտները, ահա, երբ դրանք ոչ միայն չեն գործում, այլև փոխարինվում են ասողների ասածներով, պետական կառավարումը դառում է լիրիկական զեղում, ու սահմանադրական պահանջների կատարումը փոխարինվում է պոետական հուսադրմամբ, որը պորտվեյնի ազդեցությամբ ծնված պոետիզմ է՝ լավագույն դեպքում, ու առանց մուսայի մասնակցության ծնված՝ հասկանալիորեն։

Ու այդ անմուսա գրված տեքստերն այնքան են ֆորմալացվում ու ստանում են պետական  այնքան բարձր մակարդակ, որ գաղջով լցված մթնոլորտը սկսում են լցնել հիպերլավատեսության, սպասումների փուչիկներով։ Իսկ փուչիկը, մի քանի հատկությունների թվում, ունի պայթելու խասյաթ, ու ուշ կամ շուտ պայթելը կախված է փչողի դամից կամ փչման գազից, որը, եթե էժանագին է լինում, ինչպես լավատեսության պատվիրատու կուսակցության ջահելի հայտնի փուչիկները, պայթում է նախատեսվածից շուտ։

Բայց եթե այս երիտփուչիկների պայթյունից առաջացած վերքերը բուժվում են այրվածքաբանական կենտրոններում, ապա նույնը չի լինելու այսօր փչվող լավատեսական փուչիկների պարագային։ Որովհետև փուչիկներից այս մյուսի պայթյունի այրվածքը հոգեբանական կենտրոններում կամ հոգեբուժարաններում բուժվող, ոչ թե բուժվող, այլ թմրեցվող ու թմրեցմամբ ցավը բթացնող այրվածք է։ Իսկ Հայաստանում, եթե չենք սխալվում, հանրային հոգեբուժարան կառուցելու ծրագիր դեռևս չի գրվել ու չի հաստատվել։

Երևի այն պատճառով, որ որևէ գրանտատուի կողմից հանրային փսիխոզի բուժման հաստատություն կառուցելու փողը չի կպել։ Հայաստանում ոտնահարել կարելի է  ամեն ինչ, ու որքան անթույլատրելի է ոտնահարման առարկան, այնքան ավելի եկամտաբեր է ոտնահարումը, ինչպես, ասենք՝ Սահմանադրությունը կամ մարդու իրավունքը, կամ ազատությունները։

Դրանք մարսվող ու մարսված ոտնահարումներ են, ու երևի դրա համար ոտնահարողները որոշել են, որ կարող են մտնել նաև այնտեղ, որտեղ արգելված է անգամ նրանց մուտքը, որտեղ անգամ բարձրաստիճան սքեմներով ու ծանրաձույլ խաչերով տերտերները մուտք չունեն, ինչպես իրենց թվում է։ Իշխանությունը որոշել է, որ կարող է արդեն մուտք գործել մարդկանց հոգիները ու լավատեսություն սերմանել ոչ թե՝ կամավորության սկզբունքով, այլ՝ պարտադրանքի իմպերատիզմով։ Ու դա արվում է այնքան հետևողական ու աննահանջ, որ երևի առաջիկայում կներմուծվի «ով լավատես չէ, հայ չէ» կարգախոսը կամ ծրագրային դրույթը…

Հայաստանի տնտեսությունը ժամանակակից միջին կորպորացիայի փոքր մասնաճյուղի չափ տարածություն է, որը կարող են ոտքի կանգնեցնել միջին մակարդակի նման կորպորացիայի՝ միջինից բարձր հարթությունում գտնվող մի քանի մենեջերներ։ Եթե խնդիրը տնտեսության զարգացումն է՝ ըստ էության, ու ոչ թե՝ ըստ քարոզչության։ Հայաստանում տնտեսությունը, ինչպես մնացած ամենայնը, զարգացվում է՝ ըստ երկրորդի, որն իրականում հակազարգացում է՝ զարգացման մասին վիճակագրությամբ ու փրոմոռոլիկներով։ Նորմալ է։ Բայց աննորմալ է, երբ դա արվում է այնպիսի պարտադրանքով, որ մարդուն համարյա զրկում է չհավատալու ոչ այն է՝ սահմանադրական, ոչ այն է՝ նախաստեղծ իրավունքից։

Ու դա արվում է այնքան վերամբարձ ու այնքան ցածրաբովանդակ, որ Հայաստանում բոլոր իրավունքների իրացման համար պայքարելուց բացի ու, երևի, դրանից առաջ՝ մարդն արդեն ստիպված է լինում պայքարել հիմար չլինելու ու լավատեսության զանգվածային պարադին չմասնակցելու իր իրավունքի համար։

Ու դա պայքարի այն տեսակներից չէ, որն իրականացվում է պիկետով կամ հացադուլով, որովհետև պայքարի թիրախը ոչ միայն լավատեսության պատվիրատու անտեսանելի մոդերատորներն են, այլ արդեն իսկ լավատեսությամբ համակվածները, որոնք ցանցային ու տրենդային հոգեխանգարմունքի սինդրոմով պարտադրում են իրենց լավատեսությունը։

Ու բոլոր դրանց, ովքեր ամենուր են՝ հեռուստացույցում ու համացանցում ու փողոցում ու թերթերի էջերում, մնում է պատասխանել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից հայտնի մեջբերմամբ՝ «Սթափվե՛ք…»։ Այդ կոչն այսօր շատ ավելի արդիական է, քան այն ժամանակ, երբ հնչում էր Բաղրամյան պողոտայում։ Արդիական է՝ թե՛ ուղերձի, թե՛ հնչեցման վայրի առումով։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս