10 կարողություն, որոնք անհրաժեշտ է զարգացնել ապագային պատրաստ լինելու համար
Weforum.org կայքը գրում է, որ ապագայի համալսարաններում մեզանից յուրաքանչյուրն իր համակարգչում ռոբոտ ուսուցիչ կունենա, որը կղեկավարի սովորելու գործընթացը։ Վեց շաբաթական կուրսերը կամ կոդավորման դասընթացները կլինեն այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ կլինի։ Կրթության աշխարհն ամբողջությամբ թվային և անհատականացված կլինի՝ հնարավորություն տալով սովորել համակարգչի օգնությամբ աշխարհի ցանկացած ծայրից։
Նոր աշխատանքները նոր հմտություններ են պահանջում
4-րդ արդյունաբերական հեղափոխության արդյունքում համալսարաններն ու ընկերությունները կանգնում են բազմաթիվ փոփոխությունների առաջ՝ սկսած զարգացող տեխնոլոգիաներից՝ մինչև առավել լայն սոցիալական փոփոխություններ։ «Աշխատանքների ապագան» զեկույցում ընդգծվել է, թե ինչպես են այդ միտումները փոխում աշխատող ուժի կառուցվածքը։ Զեկույցում քննարկման հիմնական առարկան աշխատանքի բնույթի փոփոխությունն է։ Այսօր աշխատանքը մեծապես միասնական է և կենտրոնացած՝ համակարգային խնդիրները ստեղծագործական ճանապարհներով լուծելու վրա։ Բացի այդ, աշխատանքն այսօր առավել շատ է ընդգրկում տարբեր գիտությունների միախառնում, քան նախկինում։ Որպես օրինակ՝ կարող ենք դիտարկել, թե ինչպես է Google ընկերությունն աշխատանքի ընդունել հոգեբանների՝ մասնագետներին օգնելու համար ֆոնտեր ստեղծելիս, և մարդաբանների՝ հասկանալու համար, թե ինչպես են օգտատերերը մտածում և վարվում։
Զեկույցում ընդհանրական եզրահանգումների հիման վրա ներկայացվել են այն 10 անհրաժեշտ կարողությունները, որոնց մարդը պետք է տիրապետի 2015 և 2020 թվականներին:
Թոփ 10 կարողությունները
2015թ.
- Խնդիրների համակարգային լուծում
- Մյուսների հետ համաձայնեցված գործողություններ
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Քննադատական մտածողություն
- Բանակցելու ունակություն
- Որակի ստուգում
- Ծառայությունների ուղղորդում
- Դատողություններ անելու և որոշումներ կայացնելու ունակություն
- Ակտիվ լսողություն
- Ստեղծարարություն
2020թ.
- Խնդիրների համակարգային լուծում
- Քննդատական մտածողություն
- Ստեղծարարություն
- Մարդկային ռեսուրսների կառավարում
- Մյուսների հետ համաձայնեցված գործունեություն
- Էմոցիոնալ դատողություն
- Դատողություններ անելու և որոշումներ կայացնելու ունակություն
- Ծառայությունների ուղղորդում
- Բանակցելու հնարավորություն
- Ճանաչողական ճկունություն
Այս կարողությունները զարգացնելու համար, ըստ մասնագետների, միայն ակադեմիական կրթությունը բավարար չէ։ Դրանք զարգացնելու համար անհրաժեշտ է նաև փորձ և փոխգործակցություն։ Մենք սովորում ենք համակարգային մտածողությանը, հարաբերությունների կարգավորմանը, զգացմունքային առումով կիրթ լինելուն՝ այդ կարողությունները կիրառելիս՝ մեծ և փոքր խնդիրներ լուծելու համար։
Չորրորդ ինդուստրիալ հեղափոխությունը մեզ ևս մեկ միտում է բերում՝ արագ փոփոխություններ։ Կասկած չկա, որ տեխնոլոգիական միտումները և կարողությունների ցանկը շարունակելու են փոխվել առաջիկա հինգ տարիների ընթացքում։ Դրանց հարմարվելն օրվա հրամայականը կլինի։ Բոլոր մակարդակի աշխատակիցները կարիք կունենան նոր գիտելիքներ ձեռք բերել և նոր կարողությունների տիրապետել իրենց ողջ կյանքի ընթացքում։
Համալսարան, որը կհամապատասխանի 4-րդ ինդուստրիալ հեղափոխությանը
Նախ՝ ապագայի համալսարանը միտված կլինի ճանաչողական և բազմաֆունկցիոնալ կարողությունների հաղորդմանը, ինչպիսիք են ստեղծարարությունը, քննադատական մտածողությունը, համագործակցելու կարողությունը և խնդիրների համակարգային լուծման կարողությունը։ Ուսանողները կստանան համակարգված գիտելիքներ՝ գիտություն, տեխնոլոգիա, ինժեներական և մաթեմատիկական կամ այլ կուրսերի ընթացքում։ Կրթության և աշխատանքային փորձի համակցությամբ ուղեկցվող կրթությունը կտարածվի այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Գերմանիան և ԱՄՆ-ը, որտեղ ուսուցման նմանատիպ պրակտիկա արդեն առկա է։
Ապագայի համալսարանը կգործի նաև «սովորել սովորելու» վրա սկզբունքով։ Կրթությունը ողջ կյանքում շարունակվող գործընթաց է, և այսօրվա փոփոխությունների պարագայում յուրաքանչյուրը կարիք կունենա ողջ կյանքի ընթացքում նոր կարողություններ ձեռք բերել։ Համալսարաններում դասավանդողներն աշակերտներին կդրդեն զարգացնել դասասենյակից դուրս սովորելու կարողությունը։ Բացի կարգապահությունից՝ համալսարանները կփորձեն սովորեցնել հիմնարար կարողություններ. օրինակ՝ ինչպես գտնել տեղեկատվության նոր աղբյուրներ, փորձագետներ, և ճիշտ հարցադրումներ ձևակերպել։
Կրթական տեխնոլոգիաներն իրենց դերն ունեն, բայց դրանց դերը սովորելու գործընթացին աջակցելն է, և ոչ թե՝ ամբողջությամբ դրա տեղը գրավելը։ Այսօր արդեն շատ համալսարաններ առաջարկում են կրթական վերը նշված բաղադրիչները։ Դրանց մեծ մասը նոր չեն։
Ցավոք, շատ համալսարաններ դեռևս չեն օգտագործում այս մոդելը։ Խնդիրն այս մոդելն առավել ունիվերսալ և հասանելի դարձնելն է։ Մենք շատ հեռու ենք այն ժամանակներից, երբ խնդիրների համակարգված լուծումը և ստեղծարարությունը հատուկ պետք է լինեն միայն ընկերության ղեկավարներին։ Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը հասնի իր կարողությունների ամենաբարձր մակարդակին՝ լինի նա ղեկավար կամ այլ աշխատակից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը