Լևոն Զուրաբյանը գոհ է իշխանությունների դրսևորած քաղաքական կամքից
Քիչ առաջ Ազգային ժողովում ստորագրվեց Ընտրական օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով քննարկումների արդյունքների հուշագիրը: Քաղաքական ուժերը, հիշեցնենք, համաձայնություն են ձեռք բերել ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու, առցանց հեռարձակման վերաբերյալ:
«Այն, ինչ թվում էր անհավատալի, այն, ինչ շատ վաղուց քաղաքական ուժերը, քաղաքական հասարակությունը պահանջում էին, և թվում էր՝ այդ հարցը չի լուծվի, այժմ լուծվում է: Այսօր անհավատալին դառնում է իրական»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընթացի բոլոր մասնակիցներին:
Լ.Զուրաբյանը գոհունակությամբ շեշտեց նաև իշխանությունների քաղաքական կամքը և վստահություն հայտնեց, որ կլինի միջազգային արձագանք: Նա նախազգուշացրեց, որ սա մաքուր և արդար ընտրությունների երաշխիք չէ, բայց դրա հիմնաքարն է. «Մեր պայքարը շարունակվում է, ոչ ոք թող մոլորության մեջ չլինի, որ պայքարն ավարտված է: Առաջ՝ դեպի մաքուր ընտրություններ»:
Զուրաբյանի վերջին արտահայտությունը կատակների տեղիք տվեց, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը կրկնեց ՀՀԿ-ի նախկին կարգախոսը՝ «Առաջ, Հայաստան», ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը վերափոխեց՝ «Առաջ, դեպի բարգավաճ Հայաստան»: Ետ չմնաց նաև ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը՝ «Առաջ, դեպի վերածնված Հայաստան»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը փոխադարձ շնորհակալություն հայտնեց քննարկումների մասնակիցներին և հուշագրի ստորագրումը կարևորեց քաղաքական երկխոսության տեսակետից՝ որպես նոր մշակույթի:
Քաղհասարակության ներկայացուցիչները հուշագրի ստորագրմանը չմասնակցեցին: Նրանք, հիշեցնենք, ավելի վաղ հայտարարել էին, որ հավանություն են տալիս հուշագրին: