
Արգենտինայում ավելի քան 30 տոննա քաշով երկնաքար են հայտնաբերել

Արգենտինացի հետազոտողները երկնաքար են հայտնաբերել Չակոյի նահանգի հարավ- արեւմուտքում: Ինչպես «Տելամ» լրատվական գործակալությանը պատմել է Աստղագիտության տեղական ասոցիացիայի ղեկավար Մարիո Վեսկոնին, գտածոյի քաշը կազմում է 30,8 տոննա:
Երկնային մարմինը գտել են Գանսելո քաղաքի շրջակայքում, այսպես կոչված՝ Կամպո դել Սիելո («Երկնային դաշտ») գոտում, որտեղ 4 հազար տարի առաջ երկնաքարային անձրեւ է տեղացել: Արգենտինացի գիտնականների կարծքով՝ այս պահին գտնվել է այդ տարածաշրջանում ընկած տիեզերական օբյեկտների սոսկ 35 տոկոսը:
Չակոյի Աստղագիտության ասոցիացիայի հետազոտողների գնահատումներով՝ իրենց գտած բոլիդը կարող է լինել Երկիր մոլորակի վրա հայտնաբերված ամենախոշոր երկնաքարերից մեկը:
Այսօրվա դրությամբ ամենածանրը համարվում է «Գոբա» երկնաքարը, որը 1920 թվականին գտնվել է Աֆրիկայի հարավ-արեւմուտքում: Դրա քաշը կազմում է 60 տոննա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: