«Հայաստանն ու սփյուռքը` «Սասնա ծռերից» հետո». համաժողով Տորոնտոյում

Սեպտեմբերի 10-ին «Հայկական Վերածնունդ» ընդդիմադիր խմբի կանադական մասնաճյուղը «Հայաստանն ու սփյուռքը` «Սասնա ծռերից» հետո» խորագրով համաժողով էր կազմակերպել Տորոնտոյում։

Համաժողովին մասնակցում էին Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքի շուրջ հարյուր ներկայացուցիչներ։ Համաժողովի ժամանակ խոսքով հանդես եկան հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանը, Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն (մի շարք հայտնի գրքերի հեղինակ, որոնց շարքում է նաև մեծ արձագանք գտած` «Ազգերի ձախողման պատճառները» («Why Nations Fail») գիրքը, «Հայկական իրավաբանական ասոցիացիայի» ներկայացուցիչներ Գարո Ղազարյանը և Գառնիկ Քերկոնյանը, «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» ներկայացուցիչ Ռիչարդ Գիրագոսյանը, «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը, Ֆրանսիայից ժամանած Ռոբերտ Այդաբիրյանը, ինչպես նաև Հայաստանից մասնակցող Մարինե Մանուչարյանը։ Համաժողովի վարողն էր Օտտավայից Վիկեն Լ. Աթթարյանը։

Համաժողովը բացվեց «Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանի կողմից ուղարկված նամակի տեքստի ընթերցությամբ, որտեղ ներկայացված էին Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ «Սասնա ծռերի» դիրքորոշումները։

Նշյալ նամակում «Սասնա ծռերի» ներկայացուցիչները հույս էին հայտնում, որ տվյալ համաժողովը հիմք կդնի Հայաստանում ինքնիշխանության և ժողովրդավարության հաստատման համար։ ««Սասնա ծռերի» անհնազանդությունն առաջին քայլն էր՝ դեպի ինքնիշխանություն և գաղութացման դեմ, որն իրականացվում է ոստիկանական բռնի ուժով։ Քաղաքացիական անհնազանդությունն ու մեր կողմից զենք վերցնելու որոշումը պահի թելադրանքն էր. զենք վերցնելու միջոցով անհնազանդության արտահայտումն այլընտրանք չուներ մեզ համար։ Սակայն, այս քայլով` զենք վերցնելով, մենք անհնազանդությանն այլընտրանք ստեղծեցինք։ Եթե մենք չկարողանանք մեր ստեղծած ալիքին շարունակություն հաղորդել, հետագայում նույնպես այլընտրանք չի լինի, քան նորից զենք վերցնելը»,- նշված էր «Սասնա ծռերի» հաղորդագրության մեջ։

Ըստ Վիկեն Լ. Աթթարյանի՝ «Սասնա ծռեր» խմբի կողմից իրականացված գործողությունները ջրի երես հանեցին սփյուռքի անկարողությունը. «Ավանդական սփյուռքի կազմակերպությունները կամ լռեցին, կամ նրանց ստիպեցին լռել։ Դա կատարյալ անգործություն էր»։

Ալեք Ենիգոմշյանը, ով համաժողովին հեռուստակամուրջի միջոցով էր միացել, ասաց, որ Հայաստանը կանգնած է պետականությունը վտանգելու և գոյատևման ռիսկի առաջ։ Ենիգոմշյանը կարծում է, որ Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը, և ավելին, ժամանակի ընթացքում շարունակում է է՛լ ավելի կորցնել ինքնիշխանությունը, քանի որ քաղաքական որոշումները Մոսկվայից են թելադրվում. այս փաստն ավելի ցցուն դարձավ այն բանից հետո, երբ ռուսական «Գազպրոմ» մեգա կազմակերպության հայազգի ներկայացուցիչը նշանակվեց Հայաստանի վարչապետ։

Ալեք Ենիգոմշյանը մտահոգված է Մոսկվայից հնչող հայտարարություններով, թեպետև՝ ոչ պաշտոնական, ըստ որոնց՝ Հայաստանն ավելի լավ իրավիճակում կհայտնվի, եթե միանա Ռուսաստանին։ Նա առաջարկում է ներկայիս ներքաղաքական իրավիճակից ելք գտնելու համար անցումային տրիբունալ ստեղծել, որում ներգրավված կլինեն նաև իրավաբաններ սփյուռքից, և որը կաշխատի «Սասնա ծռերի» գործողություններից հետո առաջացած թնջուկի լուծման ուղղությամբ։ Ենիգոմշյանը սփյուռքին կոչ արեց այս հարցի վերաբերյալ տեղեկատվություն տարածել և Հայաստանի ներքաղաքական կյանքին ներգրավվածություն ցուցաբերել։ «Հայաստանի փրկությունը նաև սփյուռքի փրկությունն է»,- ասաց Ենիգոմշյանը։

Գարո Ղազարյանը, ում կազմակերպությունն այն շատ քիչ սփյուռքյան կազմակերպություններից էր, որ «Սասնա ծռերի» գործողություններից հետո լռության չմատնվեց, ասաց, որ Հայաստանի նախորդ տարիների ցանկացած փուլում նայելով մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակին և երկրում քաղաքական իրավիճակին՝ կարելի էր հստակ պատկերացնել, թե ինչ էր լինելու հինգ տարի հետո։ Նա խոսեց Հայաստանում բողոքի ինքնաբուխ միջոցառումների ժամանակացույցից` «Մաշտոցի պուրակի» բողոքի միջոցառումներից, որոնք նախորդել էին «Սասնա ծռերի» գործողություններին։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների կողմից ժողովրդի պահանջների անտեսումն է, ինչը «Սասնա ծռերի» կողմից իրականացված հուսահատ գործողություն է ծնել։

Քաղաքագետ Ռիչարդ Գիրագոսյանն ասաց, որ Տորոնտոյում կազմակերպված միջոցառումը շատ ժամանակին է` հաշվի առնելով վերջին իրադարձությունների կարևորությունը։ Ըստ Գիրագոսյանի՝ Հայաստանը ներկայումս ճգնաժամ է ապրում։

«Դատելով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից, հստակ երևում է, որ Հայաստանը գտնվում է քաղաքական խորը ճգնաժամի մեջ։ Սակայն այս ճգնաժամը նորություն չէ. դա տարիների ընթացքում կուտակվածի արդյունքն է։ Այս ճգնաժամն է՛լ ավելի ցցուն է դառնում լեգիտիմության ակնհայտ պակասի ֆոնին, քանի որ Հայաստանի ընտրողներից խլվել է իրենց երկրի ապագան որոշելու իրավունքը։ Այս ճգնաժամի քաղաքական կողմը նույնպես նորություն չէ, սակայն նորություն է այս համատեքստում ստեղծված տնտեսական խիստ փխրուն ռիսկային վիճակը։ Այսպես կոչված՝ օլիգարխների հաստատումը` արմատացած կաշառակերության և քաղաքականության հետ խիստ սերտաճած փոխհարաբերությունների հետ միասին, ստեղծել են տնտեսական մի ճգնաժամային իրավիճակ, որն իր դժվարություններով թափվել է ժողովրդի գլխին»։

Ռ. Գիրագոսյանը կարծում է, որ Հայաստանի ներկայիս համակարգն այլևս ո՛չ ֆինանսապես է կայուն, և ո՛չ էլ քաղաքական տեսանկյունից, և Հայաստանը ներկայումս գտնվում է ղեկավարության անցումային փուլում։

Ռ. Գիրագոսյանը համոզված է, որ հաջորդ տարվա ընտրությունները որոշիչ ջրբաժան են լինելու Հայաստանի համար։ Այս ամենից քաղած դասերից մեկն այն է, որ ժողովրդի կողմից փոփոխություններ իրականացնելու համար բարձրացրած արդարացի պահանջների անտեսումը կարող է շատ վտանգավոր լինել։ Նա կարծում է, որ Հայաստանում ժողովրդի պահանջների անտեսման արդյունքում կուտակված ռիսկերը բավականին բարձր են և նույնիսկ վտանգավոր մակարդակի են հասել, և սա նոր սկիզբ է մեկ այլ` ավելի դինամիկ, այլ ոչ թե ստատիկ գործընթացի։

«Այսօր դրական փոփոխություն իրականացնելու համար ոչ թե բռնի ուժ է հարկավոր, այլ հարկավոր է համախմբում, մարդկանց մասնակցություն քաղաքական և քաղաքացիական կյանքին, որը հիմք կարող է դնել գալիք ընտրությունների արդար կազմակերպման պաշտպանության համար. սա է առաջ տանող ճիշտ ուղին»,- ասաց Ռիչարդ Գիրագոսյանը։

2

Դերասանուհի Արսինե Խանջյանը խոսեց Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին և դրանց հիմքում ընկած պատճառների շարքում թվարկեց համակարգային կաշառակերությունը, օրենքի իշխանության պակասը, անկախ դատական համակարգի բացակայությունը։

«Որպես հայ արտիստ և ակտիվիստ՝ ես իմ պարտքն եմ համարում խոսել այն աշխարհի վերաբերյալ, որն ինձ է վերաբերում և ինձ է շրջապատում։ Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի շեմին մենք կանգնած ենք Հայաստանի պետականությանը սպառնացող այնպիսի մարտահրավերների առաջ, ինչպիսիք են սոցիալական, քաղաքական և տնտեսական մարտահրավերները։ Հայաստանի ներքին հիմնական հիմնախնդիրները, որոնց հիմքում ընկած են համակարգային կաշառակերությունը, կարևոր պաշտոններում ծանոթ-բարեկամներին նշանակելու ավանդույթը, օլիգարխների առկայությունը, խոսքի ազատության սահմանափակումները, Ոստիկանության կողմից բիրտ ուժով դաժանությունները, մարդու և քաղաքացիական իրավունքների ոտնահարումներն ու անկախ դատական համակարգի բացակայությունը։ Այս հանգամանքների հետ միասին, տարածաշրջանային շրջափակումը, Ադրբեջանի հետ պատերազմը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում արտաքին ճնշումներն ու բնական ռեսուրսների բացակայությունը Հայաստանին կանգնեցրել են գոյատևման ռիսկի առջև։ Այն, որ հասարակությունն այլևս չի վստահում իշխանություններին, կա հիասթափություն, ինչպես նաև տնտեսական և սոցիալական բարեկեցության պակասը հանգեցնում են նրան, որ հասարակության շրջանում հուսահատ գործողությունների դիմողներ են լինում։ Ոմանք այդպես են խնդրի լուծման ուղին գտնում, ոմանք էլ լուռ թողնում-հեռանում են երկրից, որի արդյունքում՝ երկիրն այսօր լուրջ ուղեղների արտահոսք և արտագաղթ է արձանագրում, որն իր հերթին՝ վտանգում է պետության անվտանգությունը»,- ասաց Արսինե Խանջյանն ու սփյուռքին կոչ արեց՝ ներգրավվել Հայաստանի քաղաքական և քաղաքացիական կյանքին` հանուն Հայաստանում սոցիալական և տնտեսական վերակենդանացման։

Ըստ Արսինե Խանջյանի՝ սփյուռքը դա կարող է անել՝ արդարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքները պաշտպանելով, ինչպես նաև ավանդական սփյուռքի կազմակերպությունների առջև պահանջ դնելով, որպեսզի նրանք ավելի ընդլայնեն իրենց ներգրավվածության մակարդակը Հայաստանում և երկրի իշխանություններից պահանջեն հաշվետու լինել։

Ճանաչված տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն խոսեց ներառական ինստիտուտների վերաբերյալ իր կոնցեպտի մասին և Հայաստանի քաղաքական իրավիճակը համեմատեց նման ճանապարհ անցած այլ երկրների հետ՝ ընդգծելով, թե ինչ ընդհանրություններ կան նման պետությունների միջև։

««Սասնա ծռերն» ավելի խորը հիմնախնդրի սիմպտոմ է։ Երկրների ձախողման պատճառների վերաբերյալ հիմնական ուղերձներից մեկն այն է, որ, եթե դուք ցանկանում եք առողջ տնտեսական և սոցիալական համակարգ ստեղծել, դրա հիմքում պետք է ընկած լինեն որոշ ինստիտուտների ամբողջություն, և սա այն է, ինչը մեր գրքում մենք կոչել ենք ներառական ինստիտուտներ։ Այն, ինչ մենք նկատի ունենք, դա գործող ընտրական համակարգի հետ համատեղ՝ այլ ինստիտուտների առկայությունն է։ Բացի այդ, պետք է իշխանությունները հաշվետու լինեն նաև ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում, և պետք է լինեն ինստիտուտներ, որոնք հաշվետվություն կպահանջեն դատական համակարգից, խորհրդարանից, և իշխանության բեռը պետք է նաև որոշ չափով ընկած լինի զանգվածային լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության վրա, որպեսզի թույլ չտան՝ քաղաքական ուժի իրավունքի մոնոպոլիզացիա տեղի ունենա։ Հավասար հնարավորությունների ապահովումը նույնպես շատ կարևոր է, քանի որ այն երաշխավորում է, որպեսզի տնտեսական ձեռքբերումները հավասարապես կիսվեն, և ռեսուրսներն արդյունավետ օգտագործվեն, այլ ոչ թե՝ մենաշնորհների կողմից յուրացվեն, ինչպես որ ներկայումս Հայաստանում օլիգարխիկ համակարգն է անում»,- ասաց Աճեմօղլուն և որպես օրինակ բերեց Ուկրաինայի և Լեհաստանի միջև մի համեմատություն, ըստ որի՝ երկու երկրներն էլ 90-ականներին գրեթե նույն մակարդակից են սկսել, սակայն ներկայումս Լեհաստանը մեկ շնչի հաշվով երեք անգամ շատ ՀՆԱ ունի, քան Ուկրաինան։

3

Հարցուպատասխանի ժամանակ Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչ, «Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» զեկույցը հրապարակած հետազոտական խմբի հիմնադիր Վահան Գոլոլեանն ասաց, որ այդ հետազոտությունը հստակ ցույց է տալիս, որ լավ կառավարման և օրենքի իշխանության պակասն է հիմնականում, որ մարդկանց դուրս է մղում իրենց երկրից։ Գոլոլեանն օրինակ բերեց Կանադայի պատմությունից և համայն հայության՝ սփյուռքին ուղղված առաջարկություն հնչեցրեց։ Նա ասաց, որ հայերը պոտենցիալ ունեն, սակայն միշտ անջատված են եղել, միասնություն չեն ունեցել.

«Մենք պետք է այս բնավորությունը մի կողմ դնենք։ Մեզ պատշաճ խորհրդարանական ընդդիմություն է պետք։ Իմ կոչը կամ իմ առաջարկությունն իր տրամաբանությունն ունի, և ես օրինակ կբերեմ Կանադայի պատմությունից։ Կանադայի «Առաջադիմական պահպանողական» կուսակցությունն ի սկզբանե երկու անդամ ուներ խորհրդարանում, որից հետո կտրուկ սկսեց աճել մեկ այլ` արևմտյան թև, որը կոչվում էր «Բարեփոխում» կուսակցություն։ Կանադայի բիզնես համայնքն ասաց երկուսին էլ, որ նրանք ոչ մի լումա չեն ստանա, մինչև որ չմիավորվեն, որովհետև մենք հավատում ենք միավորված հավաքական ուժին՝ որպես ներուժ։ Իմ առաջարկը հետևյալն է, և ես այս կոչն ուղղում եմ համայն հայությանը` սկսած Կանադայից, Արգենտինայից, Ռուսաստանից, և վերջացրած Եվրոպայով. մենք պետք է ստեղծենք մի նոր համահայկական հիմնադրամ։ Այս հիմնադրամը պետք է կոչվի «Կառավարման և քաղաքացիական հասարակության հիմնադրամ»։ Այսօր ես խոստացել եմ այդ հիմնադրամի առաջին 100.000 դոլարի նվիրատուն լինել։ Այս կազմակերպությունը լինելու է ժողովրդավար։ Մենք տնօրենների խորհրդում կունենանք նաև ոչ հայ անդամներ։ Խորհրդում կլինեն կուսակցականներ և ոչ կուսակցականներ։ Այս հիմնադրամը երեք հիմնական ուղղություն պետք է ունենա. 1. պաշտոնապես աջակցության հնարավորություն տալ ընդդիմադիր կուսակցություններին, բայց պայմանով, որ նրանք իրենց ներկայիս` քսանի հասնող թվաքանակն իջեցնեն հինգից ցածր, 2. ընտրությունների դիտարկում, և 3. քանի որ Հայաստանում ինստիտուտների այդքան խիստ անհրաժեշտություն կա, մենք պետք է բարձրացնենք դատավորների աշխատավարձերը։ Դատավորները պետք է անկախ լինեն։ Սա է իմ կոչը, կամ առաջարկությունը համայն հայությանը։ Մեզ պետք է նոր` կառավարման և քաղաքացիական հասարակության հիմնադրամ, որը ֆինանսական և այլ ռեսուրսներ կներդնի բաց և թափանցիկ պայմաններում խորհրդարանում կառուցողական ընդդիմություն ունենալու համար»։

Կամո Մայիլյան
Տորոնտո-Երևան  

Տեսանյութեր

Լրահոս