«ԵՏՄ-ն ավարտված կառույց է նաև Ռուսաստանի համար». Վրացի դիվանագետ
«Հայաստանը ԵՏՄ-ի բացը կարող է լրացնել ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով երեք տարի առաջ ՀՀ իշխանությունների՝ ԵՏՄ-ին միանալու որոշմանը և ԵՏՄ հեռանկարներին:
Իրակլի Մենագարիշվիլին հայացք նետելով Հայաստանի որոշմանն ու քննադատություններին՝ նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանը չէր կարող հրաժարվել Մոսկվայի պարտադրանքից, քանի որ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներն ու դրանցում Մոսկվայի ազդեցությունը մանևրելու սահմանները նեղացրել էր: Դիվանագետն ասաց, որ Ռուսաստանը ձևավորեց Եվրասիական տնտեսական միությունը՝ որպես հակակշիռ Եվրոպական միությանը:
Ըստ վրացի դիվանագետի՝ ԵՏՄ-ն պետք է դառնար հզոր քաղաքական և տնտեսական միավոր, գործոն աշխարհաքաղաքական հարաբերություններում:
Սակայն, Մենագարիշվիլու որակմամբ, ԵՏՄ ձևավորումը հեղինակազրկեց Ռուսաստանին, քանի որ համընկավ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների գործադրման ժամանակաշրջանի հետ, երբ Ռուսաստանի ռազմավարական գործընկերներ Ղազախստանը և Բելառուսը հետ կանգնեցին իրենց նախնական պատրաստակամությունից՝ տնտեսական կապեր ստեղծել ԵՏՄ-ի միջոցով Ռուսաստանի հետ, սկսելով ԵՏՄ-ի ներսում խախտել այդ տնտեսական կարգավորումները: Իրակլի Մենագարիշվիլին հիշեցրեց, թե ինչպես նախորդ տարվա հունվար ամսից խորը տարաձայնություններ սկսվեցին Բելառուսի և Ռուսաստանի և Ղազախստանի ու Ռուսաստանի միջև, ավելին Ռուսաստանից ապրանքների ներկրման պատժամիջոցներ սահմանվեցին:
«Այս ամենից հետո Նազարբաևն ու Լուկաշենկոն Պուտինին հրապարակային հասկացրեցին, որ Եվրասիական տնտեսական միությունը բացառապես տնտեսական միություն կարող է լինել, քանի որ քաղաքական կապերը Պուտինի հետ և հատկապես՝ այն հեռանկարը, որ ԵՏՄ-ն պետք է վերազգային կառույց դառնար ուկրաինական հակամարտությունից հետո, վախեցրեց Նազարբաևին ու Լուկաշենկոյին: Այս գործընթացներից հետո Պուտինը հասկացավ, որ իր պատկերացրած հզոր միությունը ստեղծել հնարավոր չէ, հատկապես պահանջվող լուրջ ներդրումների անհրաժեշտության դեպքում, երբ Ռուսաստանը չունի այդ հնարավորությունները, ուստի ինքը ևս կորցրեց հետաքրքրությունն այդ միության նկատմամբ՝ մի կողմ դնելով իր՝ ԵՏՄ-ին հետ առնչվող ձգտումները»,- հիշեցրեց Մենագարիշվիլին:
Այս պայմաններում ի՞նչ կարող է ակնկալել կամ ստանալ այդ միությունից Հայաստանը, որը ԵՏՄ-ին միացավ հարկադրաբար՝ չեղարկելով Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները: Մենագարիշվիլիի խոսքով՝ չարժե նույնիսկ դիտարկել ԵՏՄ անդամ երկրների առևտրաշրջանառության պաշտոնական տվյալները, այն, թե ինչ օգուտներ է տվել այդ միությունը հիմնադրման օրվանից, քանի որ նման օգուտներ չկան:
«Այդ միությունը ստեղծվել էր քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով, այդ քաղաքական խնդիրները մերժվեցին Պուտինի գործընկերների կողմից, դա դարձավ արհեստական կառույց, որից շուտափույթ հրաժարումը պարտություն կդիտվի Պուտինի համար: Կարելի է ասել, որ այդ միությունից Պուտինն արդեն ոչ պաշտոնապես հրաժարվել է: Հայաստանում ևս պետք է հրաժարվեն դիտարկել այդ միության հնարավոր օգուտները և մտածեն այդ բացը Եվրոպական միության հետ լրացնելու ուղղությամբ, և Հայաստանն ունի այդ ներուժը, քանի որ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների առաջամարտիկն է եղել:
Կարծում եմ՝ ապագա համաձայնագրի ստորագրումն այլևս Մոսկվայի թիրախում չի լինելու, քանի որ ԵՏՄ-ում պարտավորություններ, ըստ էության, չկան: Այնուամենայնիվ, Մոսկվան հասկանում է, թե ինչ սահմաններում Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ համագործակցել, և ներկայումս չի խախտում Մոսկվայի համար ընդունելի սահմանները, ուստի ապագա համաձայնագիրը, կարծում եմ, կստորագրվի, ինչպես հայտարարվել էր, մինչև տարեվերջ»,- նման հույս հայտնեց վրացի դիվանագետը: