««Трудоголик»-ների վիճակը բացարձակ լավ չէ». Հոգեբան
Հանգստանալ և հանգստից վերադառնալ աշխատանքի՝ տարաբնույթ մարդկային զբաղվածություններ են: Այս կարծիքին է հոգեբան Ռուբեն Պողոսյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ երկու դեպքում էլ զբաղվածությունների անցումները սթրեսածին շրջաններ են համարվում:
«Կան «трудоголик»-ներ, որոնք ամբողջ կյանքում ապրում են աշխատելու համար, հանգիստ չեն կարողանում ընդունել, սա խնդիր է, դրանք հիմնականում հիստերիկներն են, եթե հանկարծ իրենք իրենց աշխատանքային ոճից դուրս գան, շատ ավելի վատ սթրեսային վիճակի մեջ են հայտնվում»,- նշեց հոգեբանը:
Նրա խոսքով՝ երբ նման մարդիկ չեն աշխատում, մինչև հանգստի մեկնելը՝ չիմանալով՝ ինչ անել, սթրեսի մեջ են ընկնում. «Այդ բուֆերը հաղթահարելու համար պետք է առնվազն 3-5 օր: Երբ գնում են արդեն հանգստի, նույնպես սթրես է, որովհետև նոր պայմաններին պետք է հարմարվեն: Սթրեսն այդքան վատ բան չէ, ինչպես մենք անընդհատ դրա բացասական սոցիալական կողմն ենք շեշտում: Սթրեսը մի շրջան է, որը կարծես թե վերաիմաստավորում, վերակառուցում է հոգեկան «շենքը», ֆիզիոլոգիական երևույթները, որպեսզի մարդը կարողանա հավասարակշռության գալ միջավայրի հետ: Մարդը սկսում է ավելի սթափ մտածել, ավելի սթափ որոշումներ կայացնել»:
Հոգեբանը նկատեց, որ հանգստից աշխատանքի անցնելու համար նույնպես անցումային շրջան է պետք, միանգամից աշխատանքի անցնելը շատ վատ է, որովհետև օրգանիզմը չի կարողանում կտրուկ վերակառուցվել, նրան ժամանակ է հարկավոր:
«Աշխատանքի անցնելու փուլը նույնպես սթրեսային է, նա սկսում է աշխատել, բայց դեռևս հոգեբանորեն հանգստավայրում է: Լավագույն ձևն այն է, որ, երբ գնում են աշխատանքի, որոշ ժամանակ մեկը մյուսին պատմի իրենց հանգստի մասին, որովհետև այդ հանգիստ ասվածն ավելի արտառոց երևույթ է, քան աշխատանքը: Որպեսզի անհատը կարողանա հաղթահարել այդ աշխատանքին անցնելու սթրեսը, անհրաժեշտ է խոսել, թե ինչպես է հանգստացել, ինչ իրադարձություններ են եղել, որոնք կարևոր են եղել իր համար, որովհետև հանգստավայրում միշտ կան դեպքեր, որոնք պատմելու են, դրվագներ են, կարծես էսսեներ լինեն»,- նկատեց բանախոսը:
Հարցին, թե չհանգստանալն ինչպե՞ս կարող է անդրադառնալ մարդու հոգեբանության վրա, Ռ. Պողոսյանը պատասխանեց, որ, եթե մարդ շատ երկար է աշխատում, այդ միօրինակության մեջ կարող է հուզականորեն «այրվել». «Որպեսզի կարողանան շեղվել այդ աշխատանքի բնույթից, այդ պատասխանատվությունից, կարող են մի 10 բաժակ սուրճ խմել, ծխել: Հուզական այրում է լինում, և դա ազդում է աշխատանքի արդյունավետության վրա, աշխատանքի որակն ընկնում է: «Трудоголик»-ների վիճակը բացարձակ լավ չէ, նրանց մոտ հոգեկան ախտահարումներն ավելի հաճախ են երևում: Սկսում են շատ ծխել, սուրճ խմել, մի տեսակ իրենց տեղը չգտնել, անքնություն է առաջանում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: