«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար ադրբեջանական հողերի օկուպացիային պետք է վերջ դրվի». Բաքվում Թուրքիայի դեսպան

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է: Թե ինչ կլինի հետագայում, մենք կորոշենք Ադրբեջանի հետ:

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` այդ մասին Hürriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ալփեր Ջոշքունը:

Թուրք դեսպանը հայտնել է, որ հուլիսի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ Բաքվում քննարկել է երկկողմ և միջազգային օրակարգի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերը:

«Մևլյութ Չավուշօղլուն ևս մեկ անգամ ընդգծել է, որ որքան կարևոր է Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հարցը, այնքան կարևոր է նաև Թուրքիայի համար: Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, չեմ կարծում, թե նախարարն այդքան կտրուկ է եղել: Ադրբեջանական կողմը միշտ հայտարարում է`շարունակելով ադրբեջանական հողերի օկուպացիան, Հայաստանը մեկուսացնում է իրեն տարածաշրջանային համագործակցության ցանկացած համատեղ գործունեությունից:

Այն բանից հետո, երբ այդ օկուպացիային վերջ կդրվի և հակամարտությունը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, տարածաշրջանում կարող են ստեղծվել պայմաններ նոր նախագծերի համար, որոնց կարող է մասնակցել նաև Հայաստանը: Մեր նախարարն ընդամենը կրկնել է այդ կառուցողական գաղափարը»,- հայտարարել է Ալփեր Ջոշքունը:

Տեսանյութեր

Լրահոս