Բաժիններ՝

«Բաքվի նավթը մերն է»

Նախաբանի փոխարեն

1997թ. Երևանում իմ «Ազգային ինքնագիտակցություն» գրքի լույս տեսնելուց հետո անցել է 20 տարի: Ու թեև հասարակության մեջ դեռ չեն համարձակվում, մեջբերելով ժամանակակցի խոսքը, տալ նրա անունը, ինչ-որ բան ազգային ինքնագիտակցության մեջ այնուամենայնիվ փոխվել է դեպի դրական կողմ, կամ փորձում է փոխվել:

Ազգի առողջացման գործընթացը երկարատև է: Եվ ոչ այն պատճառով, որ մենք մեր աշխարհընկալման մեջ բավական պահպանողական ենք, ինչպես ցանկացած ողջ մնացած ժողովուրդ՝ ազգային պետության բացակայության պայմաններում, այլ այն բանի, որ շատ ուժեղ են իներցիոն գործընթացները:

Այդպես է ձևավորվում ցանկացած ժողովուրդ: Սակայն ժողովրդի զարգացման դինամիկային անհրաժեշտ է հետևել: Նրան հարկավոր է դաստիարակել և ուղղորդել, այլ ոչ թե ստիպել ապրել օրենքի ամենաթողության դաշտում՝ երկրի քաղաքացիներին տրամադրելով  իրավիճակային վերլուծության, ինչը  բարոյազրկում է ժողովրդին:

Այդպես հասարակական համակարգում հայտնվում են ստախոսությունը, կեղծավորությունը և կոռուպցիան: Բայց այնուամենայնիվ, կան որոշ դրական պահեր ժողովրդի արմատական մտածողության մեջ (Հայաստան՝ գումարած Սփյուռք):

Հետևաբար, եկել է ժամանակը շարադրելու մտքերը կարևորագույն հարցի շուրջ՝ ինչպիսի՞ն է Հայաստանի պետական սահմանների  ուրվագիծը (կոնֆիգուրացիա), որտեղ մենք կարող էինք լիարժեքորեն և անվտանգ ապրել և զարգանալ:

Այդ կարևորագույն հարցի որոշման մեջ ի հայտ կգան մեր ինքնագիտակցության կարևոր և թույլ կողմերը: Անհրաժեշտ է ցուցադրել կոպտագույն սխալները, որ թույլ են տրվել ազգային պետության ստեղծման ժամանակ, որը սկսել են կառուցել հեռավոր 1918 թվականին և որը զրկված էր անվտանգության ռազմավարությունից: Այդպիսին էր Երկրորդ Հանրապետությունը: Եվ հիմա՝ Երրորդը:

Չկան անգամ ժամանակային պատկերացումներ, թե ինչ սահմաններում և ինչպիսի փոփոխվող աշխարհում մենք կիրականացնենք մեր քաղաքական կամքը: Որքա՞ն դա կարող է մեզ վրա նստել, ինչպես՝ ժամանակային և դրամական արտահայտությամբ, այնպես էլ՝ մարդկային և ինտելեկտուալ ռեսուրսների առումով:

Կդիմանա՞ արդյոք այդ ամենին ժողովուրդը, Հայաստանի և Սփյուռքի տնտեսությունը: Ով որքա՞ն է հայի կյանքի գինը, եթե մենք մինչ օրս չենք թաղել Ցեղասպանության 1.5 մլն զոհերին:

Որտե՞ղ մենք կհայտնվենք մի կողմից՝ տեխնոլոգիաների նման սրընթաց զարգացման շրջանում, մյուս կողմից՝ Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների ժողովրդագրական բումի պայմաններում:

Գոյություն ունի իրական կյանք, և ամեն ինչ չէ, որ որոշվում է աշխատասենյակներում:  Կա նաև ժողովրդի կամքը: Մեր ժողովրդագրական վիճակն ավելի ու ավելի է վատթարանում: Այն, ինչ այսօր կատարվում է հայերի կյանքի հետ, չափազանց բացասական է: Երբ գյուղացին կամ արհեստավորը հեռանում է երկրից, դա հասարակության քայքայման ախտանիշ է:

Հայկական արտագաղթի առանձնահատկությունն այն է, որ այն արագ հարմարվում է նոր էթնո-պետական պայմաններում՝ վիրտուալ կերպով ներկա գտնվելով Հայրենիքում:

Հայաստանի քաղաքացին չի հավատում արդարությանը, որը նրան առաջարկում է իշխանությունը, և լքում է Հայրենիքը: Ինչպես ասել է անգլիացի պատմաբան Առնոլդ Ջոզեֆ Թոյնբին՝ «Հասարակությունում արդարության նվազմամբ պետությունը քայքայվում է»:

Մենք 2000 թվականից դարձել ենք սփյուռքի ազգ, այսինքն՝ ազգի 70 տոկոսն ապրում է իր էթնիկ կամ պատմական սահմաններից դուրս: Նման պայմաններում պետությանը չափազանց դժվար է պարզապես գոյատևել, իսկ այն դեռ պետք է զարգանա:

Չկան վերոնշյալ բոլոր հարցերի լուծման  իրական ռեսուրսներ:  Գործի է դրվել միայն դատարկ, կեղծ հայրենասիրության մեխանիզմը: Հայերի միֆականացված գիտակցությունը դարձյալ կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների:  Չկա սթափ հաշվարկ, ու, որ ամենագլխավորն է՝ չկա ընդդիմացող կողմին լսելու ցանկություն, կարծես ընդդիմախոսներն այդ երկրի որդիներն ու դուստրերը չեն: Իսկ դա ցույց է տալիս ղեկավարության գաղափարական ցածր մակարդակը: Միևնույն ժամանակ, սուտը խախտել է հասարակության ներքին հոգեբանական մթնոլորտը:

Մենք և նրանք

angaladyan01

Եվ, այնուամենայնիվ, իրական քաղաքական վերլուծությունը բնորոշ չէ մեր ազգին: Մենք  մեզ չենք ընկալում պատմության սուբյեկտներ: Իսկ եթե դա այդպես է, ապա մեր պատմությունը  միշտ եզրակացնում է՝ մենք երբեք մեղավոր չենք: Բանը հասնում է մինչև ծիծաղելի աստիճանի, ահա երկու օրինակ նորագույն պատմությունից:

Դիտեք պատերազմի վավերագրական կադրերը, ինչի՞ մասին են խոսում այդ իրադարձությունների մասնակիցները. «Մենք կարող էինք հասնել Մինգեչաուր կամ Բաքու, սակայն դա չենք արել… »: Կամ ապրիլյան օրերի իրադարձությունները. «Մենք կարող էինք հակառակորդից նոր դիրքեր վերցնել… »: Ահա թե ինչն է խնդիրը՝ կվերցնեինք…

Նշանակում է՝ մենք խաղում ենք հակառակորդի կանոններով՝ նա սկսում է և, երբ իրեն շահավետ է, դադարեցնում է իր գործողությունները … Իսկ մենք այդ ամենի հետ համաձայնում ենք: Այդպես եղել է և նոր պատմության մեջ: Ահա Սարդարապատի ճակատամարտը: Հաղթանակը հեշտ չտրվեց, սակայն մենք հասնում ենք մինչև Արաքս և կասեցնում այդ՝ արդեն լավ գործի դրված ռազմական մեքենան՝ փոխարենը՝ ճիշտ զարգացնելու հաջողությունը…

Ինչի՞ մասին է դա վկայում: Դա վկայում է այն մասին, որ մենք ոչ մի ռազմավարական պլան չունենք…

Կազմելով աշխարհի քարտեզը՝ մենք մտածում ենք հատվածաբար, խայտաբղետ, աղավաղված:  Եթե դա այդպես է, այդ պատկերի մեջ  մենք իսկապես չենք պատկերացնում մեր պետական շահերը:

Մենք նաև 1918թ. չէինք տեսնում ու չէինք հասկանում, թե որտեղ և ինչ սահմաններում ենք ցանկանում  ունենալ Առաջին Հանրապետությունը, իսկ խորհրդային ժամանակ չգիտեինք և այսօր էլ չգիտենք, թե ինչ սահմաններում ենք մենք տեսնում Երրորդ Հանրապետության զարգացումը:

Կշռադատ վերլուծությունը, բուն իրականությունը երբեք չեն եղել ազգի առաջնայնությունները: Հաճախ մեզ համար երկրորդային, փոքր նշանակության տեղեկությունը կարևոր է ռազմավարականից, առաջնայինից:

Այն մասին, որ աշխարհաքաղաքականության մեջ Բաքվի նավթն առանցքային դեր է զբաղեցնում, Ռուսաստանն ու Եվրոպան գիտեին ХIХ դարի 80-ականներից:  Ռուսական և Օսմանյան կայսրությունների փլուզումը բարդացրեցին իրավիճակը Անդրկովկասում: Ծագեց կարևորագույն հարց՝ ո՞ւմ պետք է պատկանի Բաքվի այդ նավթը: Այստեղ՝ Անդրկովկասում, հայտնվեցին և գերմանացիները, և անգլիացիները, և ֆրանսիացիները: Բոլորն ունեին այդ ռազմավարական արտադրանքի զավթման իրենց պլանը:

Մինչհեղափոխական Ռուսաստանում մինչև 20-րդ դարի սկիզբը Բաքվի նավթի հիմնական խաղացողները Ռուսական կայսրության հայ նավթարդյունաբերողներն էին: Թեև կային նաև միջնորդներ Թրքահայաստանից, մասնավորապես՝ համաշխարհային նավթաբիզնեսի ճարտարապետ, «Պարոն 5 տոկոս» Գալուստ Գյուլբենկյանի հայրը՝ Սարգիս Գյուլբենկյանը…

Սակայն հիմնական խաղացողները Ս. Լիանոզովի (Լիանոսյան), Ա. Մանթաշովի (Մանթաշյան) նավթային ընկերություններն էին, ինչպես նաև՝ Ռոտշիլդների տունն ու Նոբել եղբայրները:

Ո´չ ռուսական հեղափոխությունը, ո´չ Առաջին համաշխարհային պատերազմը ձեռնտու չէին հայկական խոշոր բուրժուազիային և մասնավորապես՝ նավթարդյունաբերողներին:

Ինչի՞ մասին էր 20 տարի մտածում հայ ժողովրդի քաղաքական էլիտան, որը կրթվել էր Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն համալսարաններում:

Չէ՞ որ համարվում էր, որ Անդրկովկասի քաղաքականապես ամենալուսավորյալ, կազմակերպված, ֆինանսապես ապահովված ազգը հայերն են:

Դրանք հավելեք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը ռուսական կանոնավոր բանակում ունեին լավ ուսուցում ստացած կամավորական ջոկատներ: Հայրենիքի ազատագրման գաղափարը, Հայաստանի անկախությունն ազգային ինքնագիտակցության կարևոր մաս էր: Սակայն թե ինչպիսի և ինչ սահմաններում կլինի Հայաստանը, այդ հարցը բոլորի համար բաց էր մնում:

Օրինակ՝ ХХ դարի սկզբին Բաքվում, ամենահարգված քաղաքական գործիչներից մեկի՝ Հովհաննես Քաջազնունու աշխատասենյակում էին հավաքվում կարևոր կուսակցությունների և միությունների ղեկավարները, և մի քանի տարի ընթանում էին քննարկումներ Հայաստանի զարգացման ուղիների վերաբերյալ:

Եվ ինչի՞ մասին էին նրանք մտածում: Եղե՞լ է ինչ-որ անսխալ գաղափար՝ դրա հաջորդական կյանքի կոչմամբ: Ահա 1918թ. փետրվարն է, Թիֆլիսում հայերի, վրացիների և կովկասյան թաթարների կողմից ստեղծվում է Անդրկովկասյան Սեյմը:

Սեյմի 4 կարևորագույն պաշտոններից ոչ մեկը (նախագահ, նախարարներ՝ պաշտպանության, ԱԳՆ, ՆԳՆ) չի հայտնվում հայերի ձեռքին: Այդ բոլոր պաշտոնները բաժին են ընկնում վրացիներին, և նրանք արդյունավետորեն դրանք օգտագործում են իրենց ազգային նպատակների համար:

Նրանք դնում և վճռում են ռազմավարական հարցեր Վրաստանի ապագայի համար, և առաջին հերթին՝ վիճելի տարածքների հարցերը: Կովկասյան թաթարները պայմանավորվում են թուրքերի հետ և միավորում իրենց ցեղերը:

Հարց է ծագում՝ ինչո՞ւ  հայկական ղեկավարությունը համաձայնեց իրերի նման դրության հետ: Ինչո՞ւ նրանք մտան այդ Սեյմի մեջ և կամ ինչո՞ւ դուրս չեկան դրա կազմից, երբ տեսան, որ այդ կազմակերպությունը ոչ մի օգուտ չի տալիս: Եվ ավելին, մեր լուռ համաձայնությամբ՝ պատմական հարթակ դուրս եկավ նոր՝ քաղաքական հարթակում երբևէ գոյություն չունեցող ադրբեջանական (Կովկասի թաթարներ) գործոնը:

Ինչի՞ց ելնելով այդ շինծու մարմինը, որը գոյատևեց երկու ամիս, տնօրինեց հայկական տարածքներն ու հանձնեց Կարսը:

Ինչպե՞ս դա կարող էր պատահել: Չի տեղավորվում գլխում՝ անառիկ ամրոցը, ռազմավարական հանգույցը պարզապես վերցնել ու տալ թուրքերին՝ հստակ չիմանալով, թե որին՝ Օսմանյան Թուրքիայում շուտով կլինի երկիշխանություն:

Ո՞ւմ թողեցին հայերը Բաքուն, որտեղ ներդրվել էին հայկական ահռելի ֆինանսանյութական և մարդկային ռեսուրսներ: Ինչո՞ւ չհրավիրվեց ազգի ղեկավարների համազգային համագումար: Ո՞վ պետք է օգներ հայ նավթարդյունաբերողներին, ու ինչո՞ւ անձամբ բուրժուազիան գնաց սխալ ճանապարհով՝ փոշիացնելով իր ահռելի հնարավորությունները:

Ինչո՞ւ քաղաքական և ֆինանսական էլիտաները չմիավորվեցին:

Ինչո՞ւ ինտելեկտուալ և կուսակցական էլիտաները միջնորդ չդարձան ազգի վերնախավի ֆինանսական և արդյունաբերական միավորման գործում, երբ դա նրանց ուղղակի պարտականությունն էր: Չէ՞ որ նրանք մեկ Հայրենիք ունեին: Պարզվում է, դա այդպես չէ: Սրանք առանցքային հարցեր են, որոնց մենք դեռ պետք է պատասխանենք:

Մենք այդքան շատ շանսեր չունենք պահելու նաև Երրորդ Հանրապետությունը, եթե չմշակենք երկրի անվտանգության ռազմավարական պլան, որն անհրաժեշտ է կոշտ և հետևողականորեն կյանքի կոչել:

Վերոնշյալ բոլոր հարցերն արդիական են ինչպես՝ այն ժամանակ, այնպես էլ՝ այսօր:

Պայքարը Բաքվի նավթի համար ընթանում էր լայն ճակատով, ներգրավվել էին բոլոր խաղացողները, և, ինչպես պարզվեց, հայկական շահն այդ խաղում չկար: Մենք լիակատար ռազմավարական ֆիասկո ապրեցինք, այն դեպքում, երբ բոլոր քաղաքական, ֆինանսաարդյունաբերական շրջանակների, հատկապես՝ նավթարդյունաբերողների միավորումն այլ արդյունքների կհանգեցներ:

Մեր հակառակորդները խելացի են՝ մուսաֆաթականները մի ժամում դարձան բոլշևիկ, իսկ մեր քաղաքական էլիտան, չհասկանալով ստեղծված վիճակի ողջ բարդությունը, շարունակում էր գաղափարախոսական և քաղաքական սկզբունքներ խաղալ:

Իրական ի՞նչ սահմաններում էին ցանկանում կառուցել իրենց անկախ պետությունը Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները՝ մայրաքաղաք Երևանով (և ինչո՞ւ Երևանում), եթե մի կողմ նետենք անտաղանդ պետական և քաղաքական գործիչների գեղեցիկ, անիրականանալի կարգախոսները: Չկա խելամիտ պատասխան:

Մենք թողնում էինք նավթային պահուստներով լի, մեր կողմից կառուցված և հարդարված քաղաքը, որտեղ հայ բնակչությունը երեք խոշոր էթնիկ խմբերից մեկն էր:

Ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե իշխող էլիտան ճիշտ մտածեր:

Իսկապես, Բաքուն չի եղել պատմական Հայաստանի կազմում: Չի եղել, սակայն կարող էր լինել: Հետո՞ ինչ, այն չի եղել պատմականորեն ո´չ ռուսական, ո´չ ադրբեջանական (կովկասյան թաթարներ), քանի որ նման ազգային պետություն չի եղել: Ահա և վերջ: Դա զգալով՝ կովկասյան թաթարների էլիտան 1918թ. սեպտեմբերի 15-ին Բաքու է ուղարկում խաժամուժի և կազմակերպում հայերի կոտորածը:

Շուտով բոլշևիկները վերցրեցին Բաքուն:  Ստանալով այդ հեռագիրը՝ Վ. Ի. Լենինը, որը ելույթ էր ունենում մոսկովյան գործարանում, բղավեց այն, ինչը գրված է պատմության խորհրդային շրջանի բոլոր դասագրքերում: «Կեցցե Խորհրդային Ադրբեջանը», և հստակ և առանց ակնարկի ասաց աշխատողներին. «Բաքվի նավթը մերն է»:

Մոսկվան այդ կարևոր պատմական դրվագում հաղթելով իր ընդդիմախոսներին (անգլիացիներ, ֆրանսիացիներ, գերմանացիներ, պարսիկներ, թուրքեր…)՝ ստեղծեց պետական նոր միավորում՝ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը:

Բոլշևիկները մտածում էին, թե հարցը վերջնականապես է լուծվել, և, որ նավթն իրենց ձեռքում է: Սակայն նավթը տասնամյակների հետ ավելի ու ավելի շատ էր դառնում ադրբեջանական:

Առաջին Հանրապետության տխուր փորձը մեզ դաս դարձավ: Երկրորդ Հանրապետությունն արդեն այդքան միամիտ չէր և ԽՍՀՄ-ի փլուզման շրջանում ճիշտ օգտագործեց քաղաքական իրավիճակը՝ վերադարձնելով պատմական Հայաստանի մասը, որը բոլշևիկները վուլգար կերպով փոխանցել էին (նավթի դիմաց) Ադրբեջանին: Որո՞նք են Երրորդ Հանրապետության առաջնայնությունները:

 Վերջաբանի փոխարեն

Այս հոդվածով ես հասարակության ուշադրությունն եմ հրավիրում մեր գոյության առանցքային հարցին: Չէ՞ որ հայտնի է, որ ժողովրդի կամ պետության ներսում կա կապի 3 տեսակ՝ ընտանիք, հասարակություն կամ ժողովուրդ և պետություն:

Ահա ռուսների մոտ՝ ընտանիքը թույլ է ժողովրդից, ժողովուրդը թույլ է պետությունից:

Հրեաների մոտ՝ ընտանիքը թույլ է ժողովրդից, ժողովուրդն ուժեղ է պետությունից:

Զարգացած Եվրոպայի, ԱՄՆ-ի մոտ՝ ընտանիքը թույլ է ժողովրդից, ժողովուրդը հավասար է պետությանը:

Հայերի մոտ՝ ընտանիքն ուժեղ է ժողովրդից, ժողովուրդն ուժեղ է պետությունից: Մեր  ամենաթույլ օղակը պետությունն է: Հաճախ հայերի շուրթերից լսում ենք կյանքի այս բանաձևը՝ «Մենք եղել ենք, կանք և կլինենք»:

Ես կարևոր հարց եմ տալիս՝ ինչպե՞ս:

10-12 2016 թվական, հուլիս, ԱՄՆ

Ռուբեն Անգալադյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս