
Որպես քաղաքական ուժ՝ պետք է պատրաստ լինենք 2026թ. ընտրություններին՝ չբացառելով փողոցային պայքարն ու իմպիչմենթը. Արթուր Վանեցյան
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն անգամ այսօր բոլոր փաստաթղթերով հանդիսանում է առաջնահերթություն և որևէ մեկը դա չի փոխել, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Իշխանություններն այսօր իրենց կեղծ թեզերով թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալու նպատակով փորձում են այդ հարցը հանել օրակարգից»,-ասաց Վանեցյանը։
Անդրադառնալով փաստին, որ Փաշինյանը դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը՝ Վանեցյանն արձագանքեց.
«Փաշինյանը, եթե միայն ցավար դրոշներն այրելու համար և որևէ գործողություն չաներ, որը կբխեր ոչ թե հայկական պետության շահերից, այլ կբխեր բացառապես թուրք-ադրբեջանական շահերից, կարող էինք այդ հայտարարությունը դիտարկել որպես երկրի ղեկավարի, որը պարտավոր է ամեն դեպքում պահպանել հարաբերությունները հարևան երկրների հետ։ Բայց այս իրավիճակում Փաշինյանի խոսքերը տեղավորվում են այնտեղ, որ ինքը հերթական անգամ ավելի եռանդով է սպասարկում թուրք-ադրբեջանական շահերը, քան՝ հայկական շահը»։
Նա նշեց, թե նույնիսկ ամենավատ երազում հնարավոր չէր պատկերացնել, որ մեր երկիրը հասնելու է այն իրավիճակին, ինչն այսօր ունենք։
Հարցին, թե Փաշինյանին պաշտոնից հեռացնելու քայլեր իրականացնելո՞ւ է՝ Վանեցյանը պատասխանեց.
«Ես 2019 թվականի սեպտեմբերից ձեռնարկում եմ քայլեր Փաշինյանին հեռացնելու ուղղությամբ։ Իսկ թե ինչո՞ւ չի ստացվում՝ ամենակարևոր հարցն է, որը պետք է ինքներս մեզ տանք, և ոչ միայն ինքս ինձ, այլ նաև մեր քաղաքացիներն՝ իրենց, որոնք ևս ունեն այդ նպատակը, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում։ Պատճառն այն է, որ Փաշինյանը և իր իշխանությունը ցանկացած քայլի դիմում են իշխանությունը պահելու համար. ապօրինությունների, սադրանքների, մարդկանց ձերբակալումների, վախեցնելու, ուժի կիրառման։
Այս մարդիկ իշխանությունը համարում են իրենց անվտանգության երաշխիքը, բացի այդ, նրանք վայելում են իշխանությունը և ոչ թե ծառայում են ժողովրդին։ Նրանց համար իշխանությունը կորցնելը հավասար է «մահվան»։
Դա մեզ չպետք է հուսահատեցնի, որպեսզի ձեռքներս լվանանք և ասենք՝ դե թող մնան։ Ո՛չ, պայքարելու ենք։ Կարծում եմ, որ ընտրությունների միջոցով հնարավորություն կա ազատվելու այս իշխանություններից, ինչը ցույց տվեցին ՏԻՄ ընտրությունները»։