
«Ես տեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի ղեկավարությանը. կենդանի պատանդ մնացին, որ մարդիկ դուրս գան». Սամվել Շահրամանյան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը և Արցախի իշխանության ներկայացուցիչներն այսօր այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
«Դատապարտում ենք այս գործողությունները և տեսնում ենք, որ չդատապարտված ցեղասպանությունն իր շարունակությունն է ունենում աշխարհի տարբեր մասերում։ Մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին Արցախում»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Շահրամանյանը։
Լրագրողներն Արցախի նախագահից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ՀՀ իշխանությունների այն հայտարարություններին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, Սամվել Շահրամանյանը պատասխանեց, որ այդ հայտարարության մեկնաբանությունը թողնում է ՀՀ քաղաքացիներին, հասարակությանը։
«Տեսնում եք, որ հազարավոր մարդիկ այցելում են հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքն են մատուցում։ Անհնարին է մոռանալ կամ մոռացության մատնել ցեղասպանության դրսևորումները»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ Հայաստան գալուց հետո Արցախի լուծարման վերաբերյալ թուղթը չչեղարկեց այնպես, ինչպես դրա գոյության մասին հայտարարել էր Արցախում, Սամվել Շահրամանյանը ևս մեկ անգամ պատասխանեց՝ այս փաստաթուղթը որևէ իրավական ուժ չունի։
«Դրա մասին մենք հայտարարել ենք, պատճառների մասին խոսել ենք, Տեղեկատվական շտաբով մանրամասն տեղեկություն տվել ենք։ Դրան ավելացնելու բան չունեմ։ Ես ասել եմ՝ ով կուզի տեսնել Արցախը, որևէ իրավական խնդիր չունի»,- շեշտեց նա։
Ս. Շահրամանյանը նաև անդրադարձավ քննադատություններին, թե ինչպե՞ս է ստացվել, որ ինքը հասավ Հայաստան, մյուսները՝ ոչ, ասելով, որ Արցախից ամենավերջում է դուրս եկել՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարումից հետո։
«Ես դրան առաջիկայում կանդրադառնամ, կարծում եմ՝ հիմա առիթը չէ դրա մասին խոսելու։ Ես Արցախում էի, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերեվարել են, տեսել եմ։ Բայց ես դրա մասին այս պահին չեմ ուզում խոսել, խնդրում եմ, իմ կարծիքն էլ հարգեք, հետագայում առիթ կունենանք մանրամասն անդրադառնալու, թաքցնելու բան չունենք։ Այս պահին կան գործընթացներ, որոնց չենք ուզում խոչընդոտել մեր հայտարարություններով։ Հետագայում առիթներ կունենանք, կխոսենք ամեն ինչի մասին։
Այդ մարդիկ, ովքեր հայտնվել են Ադրբեջանի բանտերում, հենց առաջին օրվանից, երբ հարց էինք բարձրացրել, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը և խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից։ Նրանք մնալով որպես կենդանի պատանդ՝ ապահովել են նաև մեր խաղաղ բնակչության դուրսբերումը»,- ասաց Արցախի նախագահը։
Նա նաև ասաց, որ որևէ շանս չկար, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվեր:
Հաջորդ հարցին՝ արդյոք որևէ մեկի հետ չի՞ բանակցել, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարւթյանն անվտանգ դուրս բերի Արցախից, Սամվել Շահրամանյանը պատասխանեց՝ այդ հարցերին հետագայում կանդրադառնա։
Խոսելով իր հետագա պաշտոնավարման մասին, Սամվել Շահրամանյանն ասաց, որ հաշվի են առնելու հասարակության դիրքորոշումը։
ՀՀ իշխանությունների հայտարարություններն էլ, թե արցախահայերը չեն կռվել, փախել են, Սամվել Շահրամանյանը որակեց՝ որպես պառակտիչ գործողություններ, ազգային տարանջատումներ։