
Զելենսկին դադարեցրել է այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Կիևի վրա ռուսական ուժերի հարձակման պատճառով

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չեղարկել է Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ) այցի ծրագրի մի մասը՝ ՌԴ-ի զանգվածային հարձակման պատճառով։ Նա անմիջապես վերադառնում է Ուկրաինա:
Այդ մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։«Այս այցի ծրագրի մի մասը չեղյալ է հայտարարվում, և ՀԱՀ-ի նախագահի հետ հանդիպումից հետո անմիջապես կվերադառնամ Ուկրաինա», – հայտնել է նախագահը։
«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը նշում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին տիկնոջ հետ Հարավաֆրիկյան Հանրապետություն էր ժամանել ապրիլի 23-ի երեկոյան։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ նա ծրագրում էր հանդիպումներ ունենալ ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի, Աֆրիկայի երկրների քաղաքական, հասարակական և ուսանողական միությունների ներկայացուցիչների հետ։
Ապրիլի 24-ի գիշերը ՌԴ-ն նոր զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային։ Հարձակման հիմնական ուղղությունը եղել է Կիևը: Ուկրաինայի մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։ Կիևում հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 70-ը: