«Այսօրվա իրադարձություններն ինձ հիշեցնում են հոկտեմբերի 27-ը. ելքը կրակոցը չէ, ելքն այս վիճակը չէ». Անահիտ Բախշյան

«Չափազանց մտահոգ եմ այն իրադարձություններով, որոնք այսօր կատարվում են Երևանում: Բոլորովին չէի ուզենա, որ մեր ժողովրդի դժգոհությունը, նեղությունները դառնան կրակոց: Կրակոցն, ի վերջո, մարդու կյանք է նշանակում` խլել մարդու կյանք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը` խոսելով Երևանում այսօր վաղ առավոտից կատարվող իրադարձությունների մասին:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները գրավել են Ոստիկանության Էրեբունու շրջանի գումարտակը և որոշ ոստիկանների պատանդ են վերցրել:

Նա նշեց, որ այսօրվա իրադարձություններն իրեն ակամա հիշեցնում են հոկտեմբերի 27-ը:

«Այնտեղ էլ մարդասպանի բերանից հնչում էին լոզունգներ, որ մեր ժողովդրի արյունը ծծում են և այլն: Նմանատիպ լոզունգներ էին հնչում: Արդյունքը եղավ այն, որ պետությունը գլխատվեց, ու հաջորդ եկողները, իհարկե, նրանց բերած մարդիկ էին, բայց այդ գործողությունների արդյունքում եկած մարդիկ Հայաստանը բերեցին այսօրվան: Իհարկե, ես լիովին կիսում եմ դժգոհությունները և երկրի սոցիալական ու տնեսական վիճակի հետ կապված, և հատկապես Արցախի հարցում ընթացող բանակցությունների հետ կապված, երբ խոսվում է տարածքների հանձնման մասին, և այդ ամենը` Հայաստանի թիկունքում, էլ չեմ ասում Ղարաբաղի: Հայաստանի թիկունքում Պուտին ու Լավրով ու Ուորլիք նստած՝ Ղարաբաղի հարց են որոշում, հարցի լուծում են որոշում` կարծես Հայաստանը չկա, Արցախն էլ չկա ու չկա: Ինչպե՞ս կարելի է հանդուրժել: Իսկապես ես էլ ունեմ այդ շատ մեծ ընդվզումը այս ամենի նկատմամբ, բայց ելքը կրակոցը չէ, ելքն այս վիճակը չէ: Տղաների ազնվության, ազգասիրության վրա չեմ կասկածում, բայց սա ելք չէ: Ժիրայրը հերիք չէ, հիմա իրենց էլ են տանելու` նստեցնեն: Լուծումը ո՞րն է, ես էլ չգիտեմ, բայց իսկապես շատ մտահոգ եմ: Այս պահին, երբ սահմանում էլ շատ խարխուլ խաղաղություն է… այսօր էլ տեսանք` հայ դիրքապահների ուղղությամբ 270 կրակոց է արձակվել՝ այն դեպքում, երբ նախորդ օրերին 20 էր, 50 էր: Այնտեղ ինչ-որ զորավարժություններ են լինում: Եվ այս պահին ուշադրությունը շեղվի այդ ուղղությամբ… չեմ հասկանում»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Կարդացեք նաև

Նա չգիտի՝ ո՞րն է լուծումը, բայց հիշեցրեց, որ մենք հոկտեմբերի 27, մարտի 1 ենք ունեցել, և այդ երկուսի հիմքում էլ իշխանափոխությունն էր.

«Հերթական անգամ հիշենք, որ հեղափոխությունը ռոմանտիկների գլխներում է ծագում, և նրանք անում են, բայց միշտ, չգիտես ինչո՞ւ, շահում են սրիկաները: Շատ մտահոգ եմ: Եթե կլսեն, կոչ կանեի` երկուստեք խաղաղ հանգուցալուծման գան: Ես էլ եմ համամիտ, որ Ժիրայրին և քաղբանտարկյալներին պետք է ազատել, բայց իմ կարծիքով` պահանջի մյուս մասի ժամանակը չէ այսօր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս