«Ապրիլի 2-ի և 3-ի ընթացքում մարտական խնդիր չենք կատարել. սպասել ենք հրամանի»
Գավառ քաղաքի բնակիչ, Հայոց բանակի զինծառայող Արման Արմենի Ավետիսյանը զորացրվել է պետական պարգեւով՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով պարգեւատրվելով «Դրաստամատ Կանայան» մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պետական պարգեւի արժանացած Արման Ավետիսյանը, իր ծառայությունն անցել է Արցախում, Ստեփանակերտին մոտ գտնվող N զորամասի հրետանային բրիգադում, որի կազմում էլ ինքը մասնակցել է 2016 թվականի ապրիլի ընթացքում թշնամու դեմ մղվող մարտական գործողություններին:
«Ապրիլի 2-ի առավոտյան մեզ տագնապով վեր հանեցին եւ տեղափոխեցին կրակային դիրքեր՝ Աղդամի ուղղությամբ: Ապրիլի 2-ի եւ 3-ի ընթացքում մարտական խնդիր չենք կատարել, այլ սպասել ենք հրամանի: Ապրիլի 4-ի ժամը 16-ից, երբ մեր ուղղությամբ թշնամին սկսեց հրետանային կրակը, մենք պատասխան կրակ բացելու առաջադրանք ստացանք: Մեզ ամրացված «Գրադ» կայանքներով մենք կրակ տեղացինք թշնամու դիրքերի, կրակակետերի, ռազմական օբյեկտների ուղղությամբ:
Երկու ժամ անց թշնամին հայտնաբերեց մեր կրակակետը, դրա համար էլ մենք պետք է շտապ անցնեինք դեպի պահեստային կրակային դիրք: Բայց մեր մարտկոցը պետք է շարունակեր կրակել, որպեսզի մենք հասցնեինք անվտանգ նահանջել եւ անցնել պահեստային դիրք: Հաջորդ օրը նրանց կողմից կրակը լռեց, քանի որ տվել էին մեծաքանակ մարդկային ու տեխնիկական կորուստներ: Երկրորդ անգամ մարտական գործողությունների մեջ մտանք ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը՝ անթերի կատարելով մարտական առաջադրանքը եւ լռեցնելով թշնամուն: Ապրիլի 2-ից մինչեւ հուլիսի 8-ը՝ զորացրվելուս օրը, գտնվել եմ կրակային դիրքերում»,- պատմեց Հայոց բանակի արդեն պահեստի հրետանավորը:
Նա իրեն հպարտ է զգում հայրենիքին ծառայելու եւ պետական պարգեւի արժանանալու համար, խոստանալով հարկ եղած դեպքում նորից պաշտպանել հայրենիքի անդորրը, եթե թշնամին նորից հանդգնի սպառնալ մեր սահմաններին: Իսկ մինչ այդ նա դեռ պետք է որոշում կայացնի աշխատանքի եւ ուսման միջեւ:
«Եկող տարի կփորձեմ ուժերս Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Կփորձեմ նաեւ աշխատանք գտնել: Հրետանավորի մասնագիտությունը ես ձեռք եմ բերել մեր ԴՕՍԱԱՖ-ում սովորելու ընթացքում, որը զարգացրել եմ բանակում: Տա աստված, որ մեր հայրենիքը խաղաղ ապրի, բայց երբ դրա կարիքը զգացվի, իմ մասնագիտությունը ես կծառայեցնեմ հայրենիքիս անվտանգության պահպանմանը: Իսկ առայժմ վայելում եմ իմ հանգիստը եւ այն հոգեկան բավարարվածությունը, որ ոչ միայն ողջ ու առողջ, այլ նաեւ փառքի արժանացած եմ տուն վերադարձել»,- նշեց Արմանը:
Արման Ավետիսյանի մայրը տնային տնտեսուհի է, հայրը՝ շինարար: Նրանք եւս իրենց ուրախությունն ու հպարտությունն են արտահայտում՝ Արմանի բարի վերադարձի եւ պետական պարգեւի արժանանալու համար:
Խոսրով Խլղաթյան