«Հայաստանի իշխանություններն իրենց համար ոչ այնքան ձեռնտու իրավիճակում են հայտնվել»
Վարշավայում օրերս ավարտվեց ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որի շրջանակներում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտոնյաները հայտարարեցին աշխարհի համար անկյունաքարային նշանակություն ունեցող որոշումների մասին։ Գագաթաժողովի արդյունքների շուրջ «168 Ժամը» զրուցել է Ուկրաինայի Ռազմավարության և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգի Գերասիմչուկի հետ։
– Պարոն Գերասիմչուկ, Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներն իրենց տարբեր ելույթներում պնդում էին, որ պատրաստ են Ռուսաստանի հետ «կառուցողական հարաբերությունների», երբ Մոսկվան դրան պատրաստ կլինի, իսկ մինչ դա դաշինքը պատրաստվում է զսպել Ռուսաստանի հնարավոր հարձակումը մի քանի ուղղություններով, նույնիսկ բազմազգ բատալյոններ ձևավորելով՝ Մերձբալթյան երկրներում և Լեհաստանում տեղակայելու համար։ Ինչո՞վ, ըստ Ձեզ, նշանավորվեց այս գագաթաժողովը։
– Ընդհանուր առմամբ, այս գագաթաժողովը կարելի է ՆԱՏՕ-ի վերջին տարիների պատմության ընթացքում հաջողություն որակել, քանի որ այն ամենից հետո, երբ երկար տարիների ընթացքում հայտարարություններ էին հնչում, թե անհրաժեշտ է համերաշխություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների շարքում, երկար տարիներ կասկածներ կային այն բանի շուրջ` արդյո՞ք դաշինքը պաշտպանելու է իր բոլոր անդամ երկրներին համաձայնագրերի համաձայն՝ այն դեպքում, երբ կան փոքր երկրներ, մեծ երկրներ, խոշոր խաղացողներ, Վարշավյան գագաթաժողովը ցույց տվեց, որ համերաշխություն գոյություն ունի։ Եվ եթե նույնիսկ գագաթաժողովի նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասաց, թե Ռուսաստանը հակառակորդ չէ, այլ գործընկեր, այնուամենայնիվ, գագաթաժողովը ցուցաբերեց համերաշխություն այն երկրների նկատմամբ, որոնց Ռուսաստանը կարող է մարտահրավեր նետել։ Բնականաբար, կարևոր որոշում էր բատալյոնների տեղակայման որոշումը Լեհաստանում, Լատվիայում, Էստոնիայում, և այն, որ այդ բատալյոնների կազմման հիմքերում կանգնելու են խոշոր խաղացողներ, այսինքն՝ այն երկրները, որոնք պատասխանատու են լինելու այդ ձևավորման համար։
Խոսքն ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի մասին է, այս դեպքում ոչ միայն ներեվրոպական համերաշխություն ցուցադրվեց, Գերմանիան հանդես եկավ արևելյան բլոկի երկրների պաշտպանության օգտին, այլև եվրոատլանտյան համերաշխություն, քանի որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը չեն հերքում իրենց եվրոատլանտյան կապերը և համերաշխություն են ցուցաբերում։ Սա կարևոր էր։ Եղան նաև որոշակի հիասթափություններ, որոնց մասին պետք է խոսել։ Դա հարավարևելյան ուղղությունն է, որտեղ աջակցություն չստացավ Ռումինիայի նախաձեռնությունը՝ ստեղծել ՆԱՏՕ-ի սևծովյան մշտական նավատորմ, թեև այդ նախաձեռնության մասին մեկ տարի խոսում էին, բավականին լուրջ բանակցություններ են տարվել այս ուղղությամբ։ Թեև կարծում եմ՝ այս հարցին ՆԱՏՕ-ն կանդրադառնա իր հաջորդ՝ Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ժամանակ։
– ՆԱՏՕ-ի եզրափակիչ կոմյունիկեում չի հիշատակվում Ղրիմի մասին, այնուամենայնիվ, ուկրաինական թեման ողջ փաստաթղթի տոնայնությունն է թելադրում, ինչը նշանակում է, որ նոր քաղաքականության համար հիմք է հանդիսացել նաև ուկրաինական հակամարտությունը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ինչպե՞ս կարելի է գնահատել Ուկրաինայի համար գագաթաժողովի արդյունքները։
– Ուկրաինայի վերաբերյալ կարող ենք խոսել ակնառու առաջընթացի մասին, քանի որ Ուկրաինային խոստացան մեծ միջոցառումների, պրոյեկտների մի համակարգ, որոնք կաջակցեն անվտանգության ամրապնդմանը։ Ուշագրավ է, որ ՆԱՏՕ-Ռուսաստան երկխոսության պարագայում Ուկրաինային կարող էր դեկլարատիվ բնույթ կրող ինչ-որ բան առաջարկվել, բայց մեզ առաջարկեցին լուրջ աջակցություն, ՆԱՏՕ-ի խորհրդականների տրամադրում, որոնք այդ բոլոր միջոցառումների իրականացմանը կհետևեն, որը փաստում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային դիտարկում է՝ որպես լուրջ գործընկեր։
– Այս որոշումները, ըստ Ձեզ, բավարա՞ր են Ռուսաստանի քայլերին հակազդելու համար։
– Մի կողմից՝ առաջին հայացքից կարող է թվալ, որ հազարավոր զինվորների տեղակայումը բավարար չէ այն բանի դեմ, թե ինչ կարող է մատուցել Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը խոսում է տասնյակ-հազարավոր ռազմական զորամիավորումների մասին։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Ռուսաստանի կողմից ցանկացած սադրանքի դեպքում գինը չափազանց բարձր է լինելու, քանի որ, եթե ՌԴ-ն իրագործի սադրանք կամ հարձակում այն բատալյոնի նկատմամբ, որի կազմում Գերմանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի զինվորականներ են, այդ խոշոր խաղացողները կընկալեն նրա այդ քայլը՝ որպես հարձակում սեփական երկրի նկատմամբ։ Անկասկած, ՆԱՏՕ-ի մեխանիզմները գործի կդրվեն, այսինքն՝ սա առաջընթաց է։
Անկասկած, և՛ Ուկրաինան, և՛ Վրաստանը կցանկանային ավելին, մենք կցանկանայինք անդամակցության գործողությունների ծրագիր, մենք կցանկանայինք անդամակցության հեռանկար, մեզ դեռևս վստահեցնում են բաց դռների քաղաքականության մասին, բայց պլան չեն տրամադրում։
Մյուս կողմից՝ դա շատ ավելի լավ է, քան կարելի էր ակնկալել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն մշտապես Ռուսաստանի հետ հարաբերություններում զգուշավորություն է պահպանել, ՆԱՏՕ-ն մինչ այժմ հետաքրքրված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ այլ տաք կետերում, այդ թվում՝ Իրաքում, Սիրիայում։ Ուստի մենք ստացանք այս գագաթաժողովից ամենաշատը, ինչ կարելի էր ակնկալել ներկայիս պայմաններում։ Ամեն դեպքում, կա մյուս գագաթաժողովի հեռանկարը, այդ հարցերին անդրադարձ կկատարվի, կարծում եմ։
– ՆԱՏՕ-ն, ինչպես պնդում եք, բացում է նոր քաղաքականություն Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Հետաքրքիր է, թե սա ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, ռուսական ռազմական բազա ունի, ՆԱՏՕ-ի հետ ևս ունի լավ հարաբերություններ։ Այս նոր քաղաքականության շրջանակում ի՞նչ հեռանկար ունի Հայաստանը։
– Հայաստանի իշխանություններն իրենց համար ոչ այնքան ձեռնտու իրավիճակում են հայտնվել, քանի որ ՆԱՏՕ-ն մի կողմից՝ խոսում է այն մասին, որ սպառնալիք չէ Ռուսաստանի համար և պատրաստ է այդ երկրի հետ երկխոսությանը, երբ դրան Ռուսաստանը պատրաստ լինի, մյուս կողմից՝ Ռուսաստանը բավական նյարդային է ընդունում ՆԱՏՕ-ի ընդլայնումը, և չեմ բացառում, որ ՌԴ-ն ճնշելու է իր գործընկերներին, որպեսզի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները նվազագույնի հասցվեն կամ ընդհանրապես դադարեցվեն։ Պետք է անկեղծ խոսենք, մտնում ենք նոր Սառը պատերազմի պարադիգմ, երկու աթոռի վրա նստել քչերին է հաջողվել։ Իհարկե, եղել է չմիացած երկրների շարժում, բայց մյուս կողմից, ինձ թվում է, որ հնարավոր է՝ նաև լինեն նման երկրներ, այնինչ Հայաստանը նման երկրների շարքին չի դասվում, քանի որ Հայաստանը նշվում է՝ որպես ՌԴ-ի գործընկեր, և դա կարող է իր դերակատարությունն ունենալ։ Երկու աթոռի վրա նստելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ և՛ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կավարտվի, և՛ Ռուսաստանի աջակցության վրա հույս դնել հնարավոր չի լինի։
– Հայաստանում կա կարծիք, որ այս քաղաքականության կոնտեքստում Հայաստանին լավ հնարավորություն է ընձեռվել «հեռանալ» Ռուսաստանից։ Հայաստանը նման հնարավորություն, ըստ Ձեզ, ներկայումս ունի՞։
– Հետաքրքիր հարց է։ Մեծ հաշվով, չեմ բացառում, որ նման հնարավորություն Հայաստանն ունի, բայց դրա համար գոնե պետք կլինի անցում կատարել ավելի չեզոք դիրքերի։ Իր մի շարք քայլերով, այդ թվում՝ ՄԱԿ ԳԱ-ում իր քվեարկությամբ, Հայաստանն իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանին։ Եթե կա նման նպատակ, առաջին հերթին՝ պետք է աշխատել երկրի իմիջի վրա, որն ընդունում է որոշումներն ինքնիշխան կերպով, իսկ դրանից հետո կարելի է խոսել Արևմուտքի հետ նոր հարաբերությունների մասին, այսինքն՝ Հայաստանը պետք է ցույց տա, որ հենց Երևանն է կայացնում իր որոշումները։