
Ճապոնիայի վարչապետը հրաժարական չի տա խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո

Ճապոնիայի վարչապետ Սիգերու Իսիբան խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընտրությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ ժամանակը չէ հետ կանգնելու սահմանած խոստումներից, որոնք կառավարող կոալիցիան տվել է ընտրություններից առաջ։ Որպես պատճառներից մեկը, թե ինչու նա պետք է շարունակի մնալ վարչապետի պաշտոնում, Իսիբան մատնանշել է մասքատուրքերի հարցով Միացյալ Նահանգների հետ շարունակվող բանակցությունները։
«Չենք կարող լճացում թույլ տալ ազգային քաղաքականության մեջ, երբ երկիրն անվտանգության պահպանության տեսանկյունից գտնվում է ծայրաստիճան ծանր իրավիճակում։ Նրան սպառնում են տարերային աղետներ, որոնք կարող են տեղի ունենալ ամեն պահի։ Գնաճ, անվտանգային իրավիճակը տարածաշրջանում»,- պատճառաբանել է Իսիբան՝ ընդգծելով, որ ճապոնացի ժողովուրդը խիստ վճիռ է տվել իրենց, որից պետք է դասեր քաղել։
Ճապոնիայում կառավարող կոալիցիան, որի կազմում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցությունը, հուլիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքներով կորցրել է տեղերի մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում:
Սա վարչապետ Սիգերու Իսիբայի գլխավորած կառավարող դաշինքի արդեն երկրորդ անընդմեջ պարտությունն է. 2024 թվականի աշնանն այն կորցրեց մեծամասնությունը խորհրդարանի առանցքային ստորին պալատում, բայց ընդդիմադիր ճամբարում առկա տարաձայնությունների շնորհիվ կարողացավ կազմել փոքրամասնության կառավարություն և մնալ իշխանության։ Վարչապետի գլխավորած կոալիցիան այժմ ունի ընդամենը 122 տեղ խորհրդարանի 248-տեղանոց վերին պալատում։