
Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները կհանդիպեն Թեհրանում

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Թեհրանում: Քննարկման հիմնական թեմաները կլինեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը և «եվրաեռյակի» սպառնալիքները՝ ակտիվացնելու snapback մեխանիզմը, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերադարձ:
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
«Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի կունենա եռակողմ հանդիպում (…) Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև, որի գլխավոր թեմաներից մեկը կդառնա միջուկային խնդրի, մասնավորապես, պատժամիջոցների վերադարձի հարցի քննարկումը», – ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է նաև, որ հանդիպումը չի լինելու արտգործնախարարների մակարդակով։
Դիվանագետի խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները շատ միջազգային հարցերում համընկնում են ու երեք երկրները պահպանում են լավ հարաբերությունները։