
«Չի՛ կարելի կատակ անել Հայ Առաքելական եկեղեցու հետ, ուղղակի չի կարելի. Ես հաստատ կլինեմ Վեհարանը պաշտպանողների մեջ». Մերուժան Տեր-Գուլանյան

Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը շարունակում է Վեհարանի վրա գրոհելու կոչեր հնչեցնել և այդ մասին գրառումներ կատարել ֆեյսբուքյան իր էջում։
Երեկ նա գրել էր. «Պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների և դրան հետևող հնարավոր գործողությունների դեմ հստակ մեկ քայլ գիտի՝ գնալ ու կանգնել Եկեղեցու ու Վեհափառի կողքին։
«Ես հաստատ կլինեմ Վեհարանը պաշտպանողների մեջ, ազգին էլ կոչ եմ անում՝ նույնը անել. Գնալ շրջափակել Վեհարանը և թույլ չտալ, որ որևէ պիղծ մարդու ոտք մտնի Վեհարան։ Մենք միշտ մոռանում ենք, որ Էջմիածին չի կոչվում ամբողջ Վաղարշապատը, այլ Էջմիածին կոչվում է Վեհարանի և ամբողջ եկեղեցու տարածքը։ Ես եկեղեցու կողքին եմ լինելու՝ Վեհարանում, այլոց չեմ պարտադրում, բայց բոլորը պետք է գիտակցեն հետևանքները և կայացնեն ճիշտ որոշում։ Ինքս շատ-շատերին գիտեմ, իմ ընկերներին, մտավորականներին, որոնք նույնպես պատրաստ են կանգնելու Վեհարանում՝ գիշեր ու ցերեկ, որովհետև այն, ինչ արվում է եկեղեցու նկատմամբ՝ բարբարոսություն է»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը։
Նրա խոսքով՝ դեմ գնալ Առաքելական եկեղեցուն, նշանակում է՝ դեմ գնալ ամենաքիչը 1 մլն հայ մարդու, կրկնում եմ՝ նվազագույնը։ Հայաստանում կան աղանդավորականներ, աթեիստներ, բայց նվազագույնը 1 մլն մարդ պետք է կանգնի ու պաշտպանի Առաքելական եկեղեցին։
«Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը կտանի՞ բախումների, թե՞ ոչ, բայց ինչի էլ տանի, ես Վեհարանի մոտ եմ լինելու՝ պաշտպանելու եմ եկեղեցուն ու նրա առաջնորդին։ Աստված չանի՝ քաղաքացիական պատերազմ լինի, առանց այն էլ մեկ բուռ մարդ ենք մնացել։ Գուցե ինչ-որ հրմշտոցներ լինեն, բայց կարծում եմ՝ մեր ժողովուրդն այնքան չի վայրենացել, որ հարձակվի եկեղեցին պաշտպանող իր հայրենակիցների վրա, անկախ այն հանգամանքից, թե այդ բախումներն ով է առաջնորդելու»,- շեշտեց հրապարակախոսը։
Նրա դիտարկմամբ՝ Վեհափառը հայոց հոգևոր հովիվն է և Առաքելական եկեղեցու հետևորդների հոգևոր առաջնորդը։ Բոլոր քաղաքական ուժերը, կուսակցությունները չունեն այնքան հետևորնդեր, որքան ունի Առաքելական եկեղեցին ու Վեհափառ Հայրապետը։
«Չի՛ կարելի կատակ անել Առաքելական եկեղեցու հետ, ուղղակի չի կարելի։ Վեհափառն իրեն հեռու է պահում քաղաքականությունից, բայց կարող է հնչեցնել եկեղեցու զանգերը, ինչպես արվել էր Սարդարապատից առաջ և ժողովրդին հանել ոտքի, ժողովուրդը ոտքի կկանգնի։
Ինքս ինսուլտ տարած մարդ եմ, ընդ որում՝ առաջին ինսուլտը ստացել եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, բայց այս վիճակով, կրկնում եմ՝ կանգնելու եմ Եկեղեցու կողքին»,- ընդգծեց Մերուժան Տեր-Գուլանյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների գրոհն Առաքելական եկեղեցու դեմ մեծ թափ հավաքեց մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում եկեղեցիները համարեց չուլանացված, որից հետո սպառնաց, որ Վեհափառը պետք է հեռանա Վեհարանից, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «խախտել է կուսակրոնություն ուխտը»։