Բաժիններ՝

Ֆիլիպինների նախագահը Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպումից ակնկալում է մեղմել սահմանված բարձր մաքսատուրքերը

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերը հուլիսի 22-ին Վաշինգտոնում հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահ Դոնլադ Թրամփի հետ։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Մարկոսը Հարավարևելյան Ասիայի երկրների ղեկավարներից կլինի առաջինը, ով կհանդիպի Թրամփին վերջինիսի պաշտոնավարման երկրորդ շրջանում։ 

«Ակնկալում եմ, որ մեր քննարկումները կենտրոնացած կլինեն անվտանգության ու պաշտպանական, ինչպես նաև, իհարկե, առևտրային հարցերի վրա։ Տեսնենք, թե ինչ առաջընթաց կարող ենք գրանցել Միացյալ Նահանգների հետ բանակցություններում՝ կապված փոփոխությունների հետ, որոնք մենք կցանկանայինք մտցնել՝ մեղմելու Ֆիլիպինների համար շատ կոշտ սակագնային ռեժիմի ազդեցությունը»,- ասել է Ֆիլիպինների նախագահը մայրաքաղաք Մանիլայից մեկնելուց անմիջապես առաջ։ 

Այս ամիս ԱՄՆ նախագահ Թրամփը Ֆիլիպիններից ապրանքների ներմուծման մաքսատուրքերն ապրիլին հայտարարած 17 տոկոսից բարձրացրել է 20 տոկոսի։

Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերը Վաշինգտոն է ժամանել հուլիսի 20-ին։ Նա հուլիսի 21-ին հանդիպումներ է ունենալու պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ։ Արդեն հուլիսի 22-ին ակնկալվում է նրա հանդիպումը Թրամփի հետ։

Նշվում է, որ այցի շրջանակում Ֆերդինանդ Մարկոս-Կրտսերը հանդիպումներ կունենա Ֆիլիպիններում ներդրումներ իրականացնող ԱՄՆ գործարարների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս