Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու. Ռոմանոս Պետրոսյան

Փաշինյանի կողմից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ գործուղված Ռոմանոս Պետրոսյանն այսօր ՀԷՑ-ի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց, որ բոլոր փաստաթղթերը ձեռքին ներկայացել է ՀԷՑ՝ իրականացնելու իմ լիազորությունները։

Հարցին՝ ինչպե՞ս է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա պատասխանեց. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում սեփականության իրավունքը մեր երկրում ամրագրված է Սահմանադրությամբ, սակայն նման ծառայությունների ոլորտի ընկերությունները լիցենզիա ստանալիս տվել են համաձայնություն, որ իրավիճակներ կարող են լինել, երբ պետությունը, լիազոր մարմինները՝ այդ թվում նաև ոլորտը կարգավորող հանձնաժողովը, կարող են իմպերատիվ միջոցառումներ անել տվյալ մարմնում։ Այդ լիցենզիայի պահանջի կատարումն է իրականացվում այս պահին։ Վստահ եմ, որ խոշոր բիզնեսմենն էլ է տեղյակ այս կարգավորումներից»։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի հայտարարությանը, թե «մեր ձևերով մնալու ենք», Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Ղազինյանը ձև չունի մնալու։

«Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ը այս վիճակին հասցրածներից մեկը, կարծես թե, հենց ինքն է։ Այս պահին նա ի պաշտոնե իմ ենթական է, նրա լիազորությունները դադարել են ուրբաթ օրը, ժամը 18։00–ից, և իր ասուլիսը նա տվել է, որպես գլխավոր տնօրենի տեղակալ, այդ պահին նա ժամանակավոր պաշտոնակատար չէր»,- հայտարարեց նա։

Հարցին՝ 7 տարի հետո՞ են հիշում ՀԷՑ-ի խնդիրների մասին, նա պատասխանեց. «Երբ հիշեինք, միգուցե Ձեզ հարցնեի՞նք, թե երբ հիշեինք։ Գործընթացը դեռևս սկսվել է ամիսներ առաջ։

Այս գործընթացի սկիզբը դրվել է երկու բարձրաստիճան պաշտոնյաների հեռացումով։ ՀԾԿՀ նախորդ նախագահը 2-րդ շրջանի իր պաշտոնավարման հենց սկզբից լքել է պաշտոնը, ինչպես նաև մոտ 9 ամիս առաջ պաշտոնից ազատվել է նաև ՏԿԵ նախարարության էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարը։ Գործընթացները դրանով են սկսվել»։

Նրա խոսքով՝ այս պահին մասսայական ազատումներ չեն լինելու։

«Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում, կոնկրետ անձինք, որոնց ղեկավարման արդյունքում ՀԷՑ-մ ավելի քան 3 միլիոն բնակչի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն է ունեցել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս