Ո՞վ և ի՞նչ է անելու Հայաստանից Վարշավայում

Հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն այս ժամանակաշրջանն անվանել է «շատ որոշիչ», երբ ՆԱՏՕ-ն առերեսվում է անվտանգության ոլորտի լրջագույն մարտահրավերներին։

Ենթադրվում է, որ վարշավյան գագաթաժողովը կդառնա որոշիչ՝ մի շարք փոփոխությունների տեսանկյունից։ Դաշինքը պետք է որոշումներ ընդունի առաջիկա տասնամյակում իր զսպման և պաշտպանական քաղաքականության հետ կապված և նախանշի իր սահմաններից դուրս կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Նախկինում ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին Հայաստանը ներկայացված էր լինում՝ արտգործնախարարի, իսկ վերջին հանդիպմանը՝ ՀՀ նախագահի մակարդակով։ Թե այս անգամ մեր երկիրն ի՞նչ մակարդակով կմասնակցի Հյուսիսատլանտյան դաշինքի այս կարևոր միջոցառմանը, դեռ պարզ չէ։ «168 Ժամի» հետ զրույցում ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ այդ մասին կտեղեկացնեն ժամանակին և սահմանված կարգով։

Vahram Baxdasaryan1ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում կարևորեց ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության շարունակականությունը։ Թե ի՞նչ ակնկալիքներ Հայաստանը կարող է ունենալ առաջիկա գագաթաժողովից, նա զգուշացավ պատասխանել՝ միաժամանակ նշելով, որ ՆԱՏՕ-ն այն կառույցներից է, որից ակնկալիքներ միշտ կան։ Իշխող ուժի ներկայացուցիչը բացառեց, որ Ռուսաստանը կարող է որևէ կերպ ազդել՝ գագաթաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցով Սերժ Սարգսյանի որոշման վրա։

«Դա խանդ չի առաջացրել որևէ մեկ անգամ ո՛չ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջոցառումներին Ռուսաստանի կողմից, ո՛չ էլ հակառակը։ Մենք ունենք մեր ուղղորդված քաղաքական գիծը, մեր համագործակցությունը բոլոր կառույցների հետ շարունակվում է։ Այն բոլոր կառույցները, որոնք կնպաստեն մեր երկրի անվտանգությանը, մենք պատրաստ ենք համագործակցել այդ կառույցների հետ, իսկ ՆԱՏՕ-ն նմանատիպ կառույցներից մեկն է»,- ասաց Վ. Բաղդասարյանը։

Դիտարկմանը, որ վերջերս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, 25 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանին անվտանգության այլընտրանքային առաջարկություն չի արել, դրա համար ենք անդամակցում ՀԱՊԿ-ին, արդյոք համապատասխան հրավերի դեպքում Հայաստանը կփոխի՞ իր ընտրությունը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե հրավեր լինի, մենք անպայման դա կքննարկենք։ Դուք «կամ-կամ»-ի կողմնակից եք, մենք միշտ կողմնակից ենք եղել «և-և»-ին։ Նույն հաջողությամբ ԵՏՄ անդամակցության ժամանակ ասում էին, թե ԱՄՆ-ը, ԵՄ-ն խանդով կվերաբերվեն, բայց ԵՄ-ն ակտիվացրեց համագործակցությունն ու բանակցությունները Հայաստանի հետ։ Մեր հարաբերությունները չեն տուժել։ Նույն ըմբռնումը, կարծում եմ, որ կլինի հետագայում»։

Director of Armenian Center for National and International Studies Manvel Sargsyan  and head of ANC Foreign Relations Committee Vladimir Karapetyan spoke about national security and foreign military bases at ACCEA

ՀԱԿ վարչության անդամ, ՀԱԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանի կարծիքով՝ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին պետք է մասնակցի ամենաբարձր մակարդակով։ «Դա շատ կարևոր միջոցառում է, և այն մշտապես անդրադառնում է նաև մեր տարածաշրջանին, Հայաստանի վերաբերյալ խնդիրներին։ Վստահ եմ, որ մեր գերատեսչություններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ՝ գագաթաժողովի հռչակագրում Հայաստանին և տարածաշրջանին առնչվող դրույթին մեզ համար հարմար ձևակերպում տալու համար։ Վստահ եմ, որ մերոնք պետք է հասնեն հաջողության, և այնպիսի ձևակերպում լինի, որ տարբերվի նախորդ երկու գագաթաժողովների հակահայ մոտեցումներից»։ Ըստ Վ.Կարապետյանի՝ այս միջոցառումը կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանային անվտանգության համար, և այն պետք է միտված լինի լարվածության թոթափմանն ու նվազեցմանն Արևելյան Եվրոպայում և մեր տարածաշրջանում։

Հարցին, թե ՌԴ-ի կողմից որևէ «խանդ», ազդեցություն կարո՞ղ է լինել ՀՀ դիրքորոշման հարցում, Վ.Կարապետյանը պատասխանեց. «Ես սովորաբար գերադասում եմ խոսել իմ երկրի, կուսակցության անունից, երրորդ երկրի անունից վերլուծաբանները թող դիրքորոշում հայտնեն, և երրորդ երկրների քաղաքացիներն անհանգստանան։ Մենք պետք է անհանգիստ և մտահոգ լինենք մեր երկրի շահերից և համապատասխանաբար գործենք»։

Heritage Party MP Tevan Poghosyan is guest in Tesaket press club«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանը հաջողությամբ ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը զուգակցում է ՆԱՏՕ-ի հետ նորմալ գործընկերային հարաբերությունների հետ, որոնք նույնպես խորանում և ընդլայնվում են. «Անհատական գործողությունների գործընկերության ծրագրերով, որ սկսվել են 2004-ից, մենք արդեն 6-րդ փուլում ենք, և որևէ մի բանով այսօր ՀՀ-ն չի զիջում ո՛չ Ուկրաինային, ո՛չ Մոլդավային, ո՛չ Վրաստանին, երբեմն անգամ այդ երեքից էլ առաջ է։ Հայաստանը ոչ միայն Անդրկովկասի միակ երկիրն է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարության ներքո 2 խաղաղապահ գործողությունների է մասնակցում Կոսովոյում և Աֆղանստանում, այլև՝ ՀԱՊԿ»։

Թ.Պողոսյանը նշեց, որ տարեցտարի ՆԱՏՕ-ում փոխվում է վերաբերմունքը Հայաստանի հանդեպ, անգամ Ուելսի գագաթաժողովին ամենաբարձր մակարդակով ՀՀ մասնակցությունը թողել է իր հետքը։ Նա կարևորեց ոչ միայն ամենաբարձր մակարդակով մասնակցությունն առաջիկա հանդիպմանը, այլ նաև հ/կ-ների մասնակցությունը, որովհետև այդ միջոցառումների ժամանակ քննարկվում են բազմապիսի հարցեր՝ Եվրոպայի, Միջին Արևելքի խնդիրներ, կլինի նաև Մեծ Բրիտանիայի հարցը, համաշխարհային ահաբեկչություն, խաղաղության մարտահրավերներ, բնապահպանական, գիտության հարցեր։

«ՆԱՏՕ-ն կարևորում է բոլոր գործընկերների հետ համագործակցությունը, և վստահ եմ, որ ՀՀ-ն ունի այնտեղ իր ասելիքը, դրա համար Հայաստանն ինչքան բարձր մակարդակով մասնակցի, այնքան բարձր մակարդակից իր ասելիքը տեղ կհասցնի։ Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, կարծում եմ, մենք ասելիք ունենք, օրինակ՝ ինչպե՞ս է ստացվում, որ ամերիկյան ռազմական համալսարաններում կրթվում են մարդիկ, որ հետո հանցագործություն են կատարում մարդկության դեմ՝ թևեր, գլուխներ կտրելով, անարգելով մարմինները և ստանալով հերոսի կոչում։ Դրա համար այս ամբիոնը կորցնել չի կարելի, մենք ունենք ասելիք և ունենք պատիվ ու տեղ մեր համագործակցության համար՝ մեր խնդիրները և պահանջներն առաջ դնելով։ Մնում է ճիշտ դիվամագիտություն վարել»,- ասաց Թ.Պողոսյանը։

MelqumyanԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը կարևորեց ՆԱՏՕ-ի հետ ինտեգրումը և տեսակետ հայտնեց, որ ՀԱՊԿ անդամությունը կամ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը մեկը մյուսին չի հակադրում.

«Պետք է մնանք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների որոշակի տիրույթում, ոչ շատ ջերմ լինենք, ոչ էլ ոչ ջերմ, այլ նորմալ գործընկերային հարաբերությունների մեջ։ ՆԱՏՕ-ն լուրջ, կայացած կառույց է, և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում պետք է բալանսը պահել ՀԱՊԿ-ի հետ»։ Ռուսաստանի հնարավոր «խանդի» վերաբերյալ Մ.Մելքումյանը նկատեց, որ ՆԱՏՕ-ՌԴ հարաբերությունները սրված են և, բնականաբար, այդ գագաթաժողովներին մասնակցելուց պետք է ՀՀ ազգային, պետական շահերից բխող կարծիքներ հայտնել։ Նա բացառեց հնարավորությունը, որ ՀՀ-ն կարող է հրաժարվել ՀԱՊԿ-ից ու դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. «ՌԴ-ն չի կարող ազդել ՀՀ դիրքորոշումների վրա, մենք ունենք մեր ծրագրերը՝ խաղաղապահների, ուսումնական և այլ։ ՀԱՊԿ-ն ու ՆԱՏՕ-ն չպետք է հակադրել, Հայաստանը պետք է գործի իր պետական շահից՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները։ Հայստանում կա ռուսական ռազմաբազա, մեր արտաքին սահմանները ռուսներն են պահում, այդ պայմաններում ո՞նց եք պատկերացնում՝ լինել ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»։

Տեսանյութեր

Լրահոս