«Ի՞նչ սրտով նվագես, երբ տղերք են գնում-զոհվում, ավելի լավ է՝ գնաս իրենց կողքը կանգնես, ինչն արել եմ»

«Ոստան հայոց» ռոք խումբը հիմնադրվել է 1986 թվականին՝ ռոք երաժիշտ, բաս կիթառահար Արեգ Նազարյանի կողմից` Խումբը 1980-ականներին ազգային շարժման հիմնադիրներից մեկն էր։ «168 Ժամը» զրուցել է խմբի հիմնադիր, կոմպոզիտոր, «Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերայի հեղինակ, ազատամարտիկ Արեգ Նազարյանի հետ։

– Արեգ, վերջերս ձեր հայտնի «Արցախ» երգի հիման վրա տեսահոլովակ եք նկարահանել։ Որքան գիտեմ, երգը վաղուց եք գրել։ Ինչո՞ւ տեսահոլովակը որոշեցիք նկարահանել ապրիլյան դեպքերից հետո։

– Երգը 1987 թվականին եմ գրել։ Անկեղծ ասած, երգի բառերն իմը չեն։ Դա չափածո նամակ է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմաճակատից։ Հեղինակն անհայտ է, այն անտիպ է։ Ես պարզապես փորփրեցի, գտա տեքստն ու երգը գրեցի։ Կարծում եմ, որ այո՛, ապրիլյան դեպքերի հետ կապ ուներ, չնայած խնդիրը հետևյալն էր՝ ֆլեշմոբ պետք է լիներ, մարդիկ Արցախի դրոշներով, պարաշյուտներով պետք է թռչեին, և Արցախի մասին երգ էին փնտրում, և ընտրվեց մեր երգը։ Շատ մասշտաբային աշխատանք է, շատ հուզիչ։ Բավական ազդեցիկ է տեսահոլովակի նախնական տարբերակը։ Աշխատանքները միջանկյալ փուլում են։ Պարզապես հիմա իրավունք չունեմ հավելյալ տեղեկություններ հաղորդելու։

Vostan Hayoc3.

Կարդացեք նաև

– Որտե՞ղ է նկարահանվել տեսահոլովակը։

– Տաթևում՝ Որոտանի ձորում։ Դա հարազատ վայր է։ Ընդհանրապես հայրենիքն ինձ համար հարազատ վայր է։ Ես ազատ քայլում եմ իմ հայրենիքով։ Դրանք պարզապես խոսքեր չեն, դա իսկապես այդպես է։

– Ինչպե՞ս հաջողվեց 30 տարի շարունակ խումբը պահել։ Այդ ժամանակահատվածում բազմաթիվ խմբեր են ստեղծվում և անհետանում։

– Ընդամենը ողնաշարի խնդիր է։ Դա հոգևոր կապի խնդիր է։ Համենայն դեպս, 1995 թվականից մենք նույն կազմով ենք հանդես գալիս։ Մենք կազմ չենք փոխել, և դա սկզբունքային հարց էր։ Մեր կիթառահարը մոտ 10 տարի բացակայում էր, Մոսկվայում էր ապրում, բայց միևնույն էգ Դա նշանակում է, որ նրանց հետ հոգևոր կապ ունես փոխադարձ։

– Շուտով ձեր խմբի 30-ամյակն է։ Ինչպե՞ս եք պատրաստվում այն տոնել։

– Պլանավորում ենք խմբի 30-ամյակը սեպտեմբերին նշել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։ Նախնական պայմանավորվածություններ արդեն կան, որոշ ճշտումներ են անհրաժեշտ։ Կարծում եմ՝ մեր «Արցախ» երգը համահունչ է մեր 30-ամյակին, քանի որ մեր խմբի ողջ կենսագրությունը կապված է Արցախի, Արցախյան պայքարի հետ։ Մեր խմբի 50 տոկոսը (խումբն ունի 4 անդամ)՝ երկուսս՝ ազատամարտիկ (մեներգիչ Հովհաննես Կուրղինյանը) ենք։

Vostan Hayoc54

– Այսինքն՝ Ստեփանակերտի համերգը խորհրդանշական է։

– Այո՛, մենք 1989թ. դեկտեմբերի 29-ին և 31-ին Ստեփանակերտի մարզադաշտում համերգներ ենք տվել «Ոստան հայոցով»։ Մեզ համար պատերազմն այդ օրերին է սկսվել։

– Պատերազմ գնալու ցանկությունը կամավո՞ր է եղել։

– Անշուշտ, որովհետև իմ առաջին փողոցային մարտերը 1990թ. հունվարի 2-ին և
9-ին են եղել՝ Ստեփանակերտի փողոցներում։ Երկուսուկես տարի կռվել եմ, ոչ ամբողջապես, իհարկե, ընդհատումներով։ Եթե մարտական ուղու մասին է խոսքը, ապա այն մոտ 120 օր է կազմում։

– Խումբն ի՞նչ պլաններ ունի առաջիկայում։

– Հուլիսի 1-ից կսկսեք լսել մեր մասին։ Խումբը բավական ակտիվ կլինի։ Ինչ վերաբերում է նպատակներին, չասեմ, որ ցամաքել ենք, բայց մեզ որոշակի խթաններ են անհրաժեշտ։ Երգեր կան, պարզապես լիցքեր դեռ չենք տեսնում այն առումով, որ հայրենիքը վտանգված է, ռեալ վտանգի մեջ է։ Ես հոգի չունեմ երաժշտություն գրելու։ Խնդիրներն ավելի շատ մեզնից դուրս են, մեր ներսում չեն, այսինքն՝ երկրի, իրավիճակի հետ են կապված։ Ի՞նչ սրտով նվագես, երբ տղերք են գնում-զոհվում։ Ավելի լավ է՝ գնաս իրենց կողքը կանգնես, ինչն արել եմ։

Vostan Hayoc2

– Ռոքը սովորաբար մեծ մասշտաբներ է ենթադրում։

– Ոչ միայն, նաև ակումբներ։ Միջինն է աննորմալ ռոքի համար։ Համերգը կա՛մ պետք է լինի ակումբային, կա՛մ մեծ։

– Միայն երաժշտությամբ այսօր հնարավո՞ր է գումար վաստակել։

– Կարծում եմ՝ այո։ Եթե մի քիչ մեր պետությունում ինչ-որ բաներ փոխենք, հնարավոր կլինի։ Ընդամենը սոցիալական վիճակը պետք է փոխել, որովհետև, ինչպես գրված է Մարքսի «Կապիտալում», գոյություն ունի միջոցների հավասար և անհավասար բաշխում։ Եթե միջոցներն արդար բաշխվեն, որոնք կուտակվում են, խնդիր չեմ տեսնում։

– Ռոքին պետական աջակցություն անհրաժե՞շտ է։

– Չեմ կարծում, թե ռոք երաժշտները երբևէ խնդիր ունեցել են, որովհետև ռոք երաժշտությունն ինքնին խնդիր չունեցող համակարգ է, այսինքն՝ այն տեղով բողոք է։ Եթե քեզ սկսեցին օգնել, կսկսեն օգտագործել և շահագործել, ինչը ես չեմ ուզում։

– Ստեղծագործական անկախությունը կարևո՞ր է ձեզ համար։

– Ես անկախության բանակում եմ մարտնչել, միշտ անկախ եմ եղել, այսինքն՝ դա է հիմնական սկզբունքն ինձ համար։ Ապրիլյան այս պատերազմի ժամանակ ես Արցախում էի։

– Ձեր մաղթանքը՝ սահմանում կանգնած հայ զինվորներին։

– Տղերքի ցավը տանեմ։ Ուժ և կորով եմ մաղթում։ Ավել ոչինչ պետք չէ։

https://www.youtube.com/watch?v=6LdiqplOR_g

ԿԱՐՄԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս