«Brexit-ից հետո Հայաստանի համար լուրջ հնարավորություն է բացվում ԵՄ-ի հետ հարաբերություններում, ինչը չկար նախկինում»

Հարցազրույց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի հետ

– Պարոն Նավասարդյան, ողջ աշխարհը՝ քաղաքական գործիչները, ԶԼՄ-ները, համացանցը, քննարկում է բրիտանացիների քվեարկությունը Brexit-ի օգտին, որը պատմական իրադարձություն է և՛ Մեծ Բրիտանիայի, և՛ Եվրոպական միության համար։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ, և ո՞րն է լինելու տեղի ունեցածի հետևանքը։

– Կարծում եմ, որ դժվար է հանրաքվեի արդյունքները լիովին անսպասելի համարել, որովհետև բոլոր վերջին տարիների ընթացքում Մեծ Բրիտանիան համաձայն չէր այն հիմնական ուղու հետ, որով ընթանում էր Եվրամիությունը, և դրա լավագույն ապացույցն այն է, որ Մեծ Բրիտանիան ո՛չ շենգենյան գոտուն միացավ, ո՛չ եվրոգոտուն, ո՛չ էլ պաշտպանում էր տարբեր երկրների հետ ԵՄ վիզաների ազատականացման քաղաքականությունը։ Այսինքն՝ կային լուրջ հակասություններ, և խնդիրն այս հանրաքվեից առաջ միայն այն էր, որ ոչ թե բրիտանացիները գոհ են կամ գոհ չեն, այլ` որքանով են վճռական իրավիճակը փոխելու հարցում։ Պարզվեց, որ վճռական են։

Տեղի ունեցածը, իհարկե, շատ լուրջ մարտահրավեր է ԵՄ-ի համար և ստիպելու է որոշ չափով սրբագրել այն քաղաքականությունը, որն իրականացնում է ԵՄ-ն տարբեր ուղղություններով՝ սոցիալական քաղաքականության, միգրացիոն, Հարևանության և Ընդլայնման քաղաքականությունների ոլորտում։ Այդ մարտահրավերը ենթադրում է բավականին երկար և ծանր քննարկումներ, և այդ քննարկումները ԵՄ կառույցներում միտված կլինեն նրան, որ չլինեն գայթակղություններ այլ երկրների համար՝ հետևել Մեծ Բրիտանիայի օրինակին, այսինքն՝ հնարավորինս կոնսենսուս փնտրելու ճանապարհով է այսօր գնալու ԵՄ-ն, և դա, ինչպես նշեցի, շատ ուղղություններով կարող է ենթադրել քաղաքականության սրբագրում։

– Հայաստանին մասնավորապես հետաքրքրում է Հարևանության քաղաքականության ապագան։ Մի շարք փորձագետներ, վերլուծաբաններ իրենց հոդվածներում նշում են, որ սա առիթ է ԵՄ-ի համար՝ իր ներքին խնդիրների վրա կենտրոնանալու, Հարևանության քաղաքականության առաջընթացը դանդաղեցնելու համար։ Դուք ի՞նչ եք կարծում՝ այս ուղղությամբ սրբագրման տեսքն ինչպիսի՞ն է լինելու։

– Իհարկե, չպետք է բացառել, որ ԵՄ շատ անդամ երկրներ կփորձեն վերանայել Հարևանության ծրագրերը և սահմանափակել ԵՄ ակտիվությունը՝ հարևանների և պոտենցիալ անդամների հետ համագործակցության տեսակետից։ Սակայն ԵՄ-ն՝ որպես միավորում, չի կարող լիովին հրաժարվել այդ քաղաքականությունից։ ԵՄ-ն այս ճգնաժամային իրավիճակում հավատարիմ և վստահելի ընկերների կարիք ունի, այդ թվում՝ ԵՄ-ից դուրս։ Եթե որևէ երկիր ապացուցի, որ կարող է լինել հավատարիմ և վստահելի գործընկեր՝ դրանով իսկ նպաստելով ԵՄ-ի մարտահրավերների հաղթահարմանը, այդպիսի երկրի նկատմամբ հարաբերությունների խորացում չեմ բացառում։

Բայց եթե երկրները կաշկանդվածություն ունեն, իրենք ևս ձեռնպահ են մնում վճռական գործողություններից, միգուցե այդ երկրների նկատմամբ, նույնիսկ, եթե իրենք ներառված են այս կամ այն Հարևանության ռազմավարությունում, կլինի ավելի պասիվ քաղաքականություն, և հարաբերությունների խորացումը նրանց հետ կդանդաղի կամ ընդհանրապես կընդհատվի։ Սա այն պահն է, երբ գործընկերներին պետք չէ սպասել, թե ԵՄ-ն ինչ է տալու, հարաբերությունները ԵՄ-ի հետ խորացնելու հայտ պետք է ներկայացնել։ Այդպիսի երկրների համար Հարևանության քաղաքականության շրջանակում հեռանկար տեսնում եմ։

– Հետևելով ռուսական լրատվական և փորձագիտական հանրության շրջանում բարձրացած էյֆորիային՝ ենթադրելի է, որ հայաստանյան ռուսամետ հատվածում կամրանան կոչերն այն մասին, որ պետք չէ ԵՄ-ի ուղղությունը զարգացնել, քանի որ այն անկայուն է, և կա Բրիտանիայի օրինակը։ Այս առումով ի՞նչ խնդիր ունի Հայաստանը, ինչպե՞ս է սա անդրադառնալու ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա։

– Կարծում եմ, որ ներկայումս հայաստանյան հասարակությունում երեք խումբ կա, և այդ երեք խմբերի գործողությունները, պատկերացումները ԵՄ-ի հետ հարաբերությունների հեռանկարների մասին ընդամենը կամրագրվեն, ավելի հստակ կդառնան։ Մի խումբը ձեր նշած մարդիկ են, ովքեր կողմնակից են ՀՀ-ի Եվրասիական ճանապարհով զարգացմանը, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ կապերը խորացնելուն և ինտեգրվելուն ինչ-որ տեղ զիջելով երկրի ինքնիշխանությունը։ Երկրորդ խումբը հիմնականում իշխանության վերին օղակներում ներկայացված մարդիկ են, ովքեր համարում են, որ պետք չէ որևէ հնարավորությունից զրկվել և առանձնապես վճռական պահվածք չդրսևորել Եվրոպական ուղղությամբ, պարզապես փորձել գոնե ստանալ ֆինանսական աջակցություն բանակցությունների միջոցով, միգուցե նաև՝ ապագա համաձայնագրի միջոցով, բայց որակական փոփոխություններ չիրականացնելով ո՛չ երկրի ներսում, ո՛չ արտաքին քաղաքականության ոլորտում։

Երրորդ խումբն այն մարդիկ են, ովքեր համարում են, որ ՀՀ ներկայիս աշխարհաքաղաքական կողմնորոշումը ճիշտ չէր, և պետք է վերադառնալ Ասոցացման համաձայնագրի, ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման օրակարգին։ Կարծում եմ, այս երրորդ խմբին ոչ հեշտ ժամանակներ են սպասվում։ Բայց, ինչպես նշեցի, սա նաև հնարավորություն է ցանկացած երկրի համար, որը կարողանում է ցույց տալ, որ պետք է ԵՄ-ին, կարող է ԵՄ-ին օգտակար լինել, շատ լուրջ հնարավորություն է այսօր բացվում, դա այն հնարավորությունն է, որը չկար այն ժամանակ, երբ բոլորը բաց էին ԵՄ-ի հետ համագործակցելու համար, ԵՄ-ն կարող էր ընտրել երկրներին, այսօր ԵՄ-ն այդպիսի մեծ ընտրություն չունի, և այն երկիրը, որը կապացուցի, որ ինքը հավատարիմ է ԵՄ գաղափարներին և պատրաստ է իր ծառայությունները ներդնել նաև ԵՄ-ի գաղափարի, աշխարհաքաղաքական մոդելի իրականացման զարգացման համար, հեռանկար է, շանս է։

Քիչ հավանական է, ցավոք, որ այսօրվա քաղաքական պայմաններում Հայաստանում այդ դիրքորոշումը հաղթի, բայց փորձել պետք է։

Տեսանյութեր

Լրահոս