«Ինչո՞ւ է ՀԾԿՀ-ն այսպիսի միակողմանի վարքագիծ դրսևորում, որը չի տեղավորվում ո՛չ օրենքի, ո՛չ տրամաբանության շրջանակների մեջ»
«Գազի սակագինն իջեցնելու համար կառավարությունը շատ ճիշտ ժամանակ ընտրեց, որովհետև համաշխարհային տնտեսության մեջ նկատում ենք նավթի գների ակտիվացում, ինչը կապված է նաև գազի գնի հետ, այսինքն՝ դրական ինչ-որ բան շահեցինք»,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:
Անդրադառնալով էլէներգիայի սակագնի նվազեցմանն ու սուբսիդիաների հնարավոր վերացմանը, նա նշեց, որ մենք ունենք ոչ թե՝ սակագնի իջեցում, այլ՝ բարձրացում, քանի որ, տնտեսագետի խոսքով՝ 250 կվտ-ից ավելի օգտագործողների թիվը 600 հազարից ավելի է. «Այս պահի դրությամբ տալիս են նվազեցում, բայց եթե օգոստոսի 1-ից, սուբսիդիան արդեն վերացած՝ գումարում ենք, թվաբանության մեջ դա նվազեցում չի: Այս տոկոսային տարբերությունները, երբ դիտարկում ենք, ունենում ենք գնաճ»:
Թե տնտեսության վրա դա էլէներգիայի սակագնի նվազեցումը ի՞նչ ազդեցություն կունենա, տնտեսագետի կարծիքով՝ այս հարցը պետք է բաժանել երկու մասի. «Առաջինը՝ տնային տնտեսությունների վրա ազդեցություն, երկրորդ՝ արդյունաբերություն, և այլն: Տնային տնտեսությունները որոշ օգուտներ կունենան, բայց դա նորից էական ազդեցություն չի թողնի վերջիններիս բարեկեցության բարձրացման վրա, իսկ արդյունաբերության ոլորտում շատ ավելի հետաքրքրված պետք է լինեն էլէներգիայի սակագնի նվազեցմամբ, որովհետև դա նրանց համար ապահովում է մրցունակություն»:
«Նշվում է Ատոմակայանի՝ ավելի շատ օրեր կանգ առնելու հանգամանքը. այսինքն՝ 120 օր՝ 40-ի փոխարեն: Սա մի գործոն է, որն առաջին հերթին՝ ազդեցություն է թողնում սակագնի նվազեցման վրա, խոսում են միանգամից 5 դրամ իջեցման մասին, բայց իջեցնում են 2.5 դրամ, որովհետև Ատոմակայանն ավելի քիչ է իր գործունեությամբ նպաստել այդ սակագնի նվազեցմանը: Այստեղ, բնականաբար, գոյություն ունի էլի ռուսական տնտեսությունից կախվածություն՝ և՛ գազի, և՛ էլէներգիայի գործոններով, որովհետև ստացվում է այնպես, որ շատ գազ սպառելով՝ պետք է ստանան էլէներգիա, ինչն ազդում է սակագնի բարձրացման վրա»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ 2.58 դրամը կոմպրոմիսային թիվ է և ոչ այն սակագինը, որը կարելի էր ֆիքսել. «Կազմակերպությունը չի ցանկանում գին իջեցնել, որ շահույթ ունենա, իսկ կարգավորող մարմինն ունի նման ցանկություն, սակայն չի կարողանում»:
ՀՊՏՀ Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանն էլ ընդգծեց՝ վատ մենեջմենթի արդյունքում գոյացած 24 մլրդ դրամի պարտքը մենք բոլորս վճարեցինք այս մեկ տարվա ընթացքում, և տարօրինակ համարեց այն, որ ՀԾԿՀ-ն սեփական այս նախաձեռնությունը դրսևորում է այն դեպքում, երբ ներդրումային ծրագիրը մշակել ու ներկայացրել է համապատասխան ագենտը ՝ՀԷՑ-ը. «Նաև խնդիր ունենք գեներացնող կայանների հետ, եթե նկատի ունենանք այն 30 մլն դոլարի վարկը Համաշխարհային բանկի, որը տրամադրվեց ՋԷԿ-ին ու Ատոմակայանին, տեսնում ենք, որ խնդիրների թնջուկը լուծվեց ո՛չ այս վճարումների, այլ՝ Համաշխարհային բանկի վարկի հաշվին:
Ինչո՞ւ է ՀԾԿՀ-ն այսպիսի միակողմանի վարքագիծ դրսևորում, որը չի տեղավորվում ո՛չ օրենքի, ո՛չ տրամաբանության շրջանակների մեջ: Ի՞նչ նկատի ունեմ. ընդհանրապես ՀԾԿՀ-ի նախագահը միշտ սիրում է կրկնել, որ նրանք այնպիսի սակագներ են առաջարկում, որից հավասարապես դժգոհ լինեն բոլորը, միգուցե դա իսկապես ողջամիտ ֆորմուլա է, բայց ես կասեմ հետևյալը. այս հանձնաժողովը, որպեսզի լինի չեզոք, հավասարակշռված, բալանսավորված որոշումներ կայացնող, այնտեղ պետք է այդ ագենտների ներկայացուցիչները լինեն: Իսկ ընդհանրապես, էներգետիկական շուկան մեզանում հնացած մեթոդներով է կարգավորվում: Հարկադրական փուլի այս սկզբունքը, որ դրված է, նույնիսկ մեր ԵՏՄ գործընկերները վաղուց հրաժարվել են այս մոդելից»:
Ամփոփելով՝ Ա. Մարգարյանը նշեց, որ էլէներգիայի սակագնի նվազեցումը հասարակ քաղաքացիները գրեթե չեն զգա. «Ձմեռվա ամիսներին գուցե մի փոքր չափով զգան: Էներգատար արտադրությամբ զբաղվողները որոշ չափով կարող են զգալ, բայց նույնիսկ ԵՏՄ շուկաներում մեր արտադրողներն իրենց արտադրության էներգատարության ցուցանիշներով բավական ետ են»: