Ինքնուրույն և արդիական ՀՕՊ համակարգը Արցախի անվտանգության անհրաժեշտ երաշխիք է

Ազգային ժողովի օրակարգում արդեն ընդգրկվել է ՀՀ և ՌԴ միջև հարավային անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին 2015 թ. դեկտեմբերի 23-ի համաձայնագիրը (այսուհետև՝ Համաձայնագիր) վավերացնելու հարցը:

Հարկ է նկատի առնել, որ Համաձայնագրի անվանումը չի համապատասխանում նրա բովանդակությանը: Համաձայնագրով ստեղծվող ՀՕՊ համակարգի հիմնական հատկանիշները բնորոշ չեն միավորված ռազմական համակարգերին: Միավորված ռազմական համակարգի պարագայում կողմերը միավորում են ուժերն ու միջոցները, սակայն իրենց իրավասության տարածքում պահպանում են բոլոր դեպքերում (խաղաղ, սպառնալի և պատերազմական) դրանք իրենց հայեցողությամբ օգտագործելու հնարավորությունը, ինչպես նաև հավասար հիմունքներով մասնակցում են այդ համակարգի կառավարմանը: Մինչդեռ Համաձայնագրով փաստացի ստեղծվում է ռուսական կողմի գերակա դերով ՀՕՊ միասնական (միացյալ) համակարգ: Հայաստանի տարածքը որպես առանձին շրջան ներառվում է Ռուսաստանի Հարավկովկասյան զինվորական օկրուգի պատասխանատվության տարածքում, ըստ այդմ՝ Հայաստանի ՀՕՊ զորքերը (ուժերը) ըստ էության ներառվում են Ռուսաստանի Հարավկովկասյան զինվորական օկրուգի ՀՕՊ զորքերի (ուժերի) համակարգում, իսկ այսպես կոչված միավորված ՀՕՊ համակարգի ռազմավարական կառավարումը, որը, մասնավորապես, վերաբերվում է այլ տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի հետ համագործակցության համադրմանը և հարավային անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ համակարգի ընդհանուր ղեկավարմանը, հանձնվում է ռուսական կողմին: Բացի այդ՝ Համաձայնագրով նախատեսվում է սպառնալի ժամանակահատվածում և պատերազմի ժամանակ կողմերի ՀՕՊ զորքերը (ուժերը) կիրառել միասնական մտահղացմամբ և պլանով, ինչը, որպես կանոն, բնորոշ է միասնական (միացյալ) համակարգերին:

Համաձայնագրով սահմանվող նման անհամաչափ միջազգային-իրավական կարգավորումը, Հայաստանի ՀՕՊ համակարգում որոշ կարևոր բաղադրիչների, մասնավորապես՝ կործանիչ ինքնաթիռների բացակայությունը և ռուսական կողմի տեխնիկատեղեկութային ապահովումից մեր կախյալությունը գործնականում անհնար են դարձնում առանց ռուսական կողմի համաձայնության Համաձայնագրով նախատեսված կարգով «միավորված» ՀՕՊ համակարգի զորքերի (ուժերի) կիրառումը մեր պաշտպանության համար: Ընդ որում՝ խոսքը վերաբերվում է ոչ միայն սպառնալի ժամանակահատվածում և պատերազմի ժամանակ միասնական մտահղացմամբ և պլանով հայկական կողմին նման հնարավորություն տալուն, այլև խաղաղ պայմաններում այդ համակարգի մեջ մտնող հայկական կողմի զորքերը (ուժերը) ինքնուրույն որոշմամբ մեր պաշտպանության նպատակով օգտագործելուն:

Վերը նշվածի հաշվառմամբ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը՝

  1. առհասարակ ընդունելի համարելով դաշնակիցների անվտանգային-պաշտպանական ռեսուրսները միավորելու միջոցով նրանցից յուրաքանչյուրի անվտանգության ապահովման հնարավորությունները մեծացնելու մոտեցումը, մինչև Արցախի հարցի կարգավորումը վաղաժամ և վտանգավոր է համարում անվտանգային-պաշտպանական դաշնակցային համակարգերին ինտեգրվելու հետագա քայլերը,
  2. աչքի առաջ ունենալով անցնող տարիների նախադեպային փորձը, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը երբևէ ոչ մի գործնական քայլ չեն ձեռնարկել պարբերաբար հարձակումների ենթարկվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար, իսկ Արցախի պաշտպանությունից հրաժարվում են պաշտոնապես, դիտարկվող Համաձայնագիրը ներկա պահին կնքելը և, դրանով իսկ՝ Հայաստանի, առաջին հերթին՝ Արցախի, պաշտպանությունը զգալի չափով հայկական կամքի տիրույթից հանելը գնահատում է որպես Արցախի անվտանգության երաշխավորի պարտականություններից հրաժարում և ազգային շահերի հանդեպ դավաճանություն,
  3. կենսականորեն կարևոր է համարում ժամանակակից պատերազմների քերականությանը համապատասխանող ինքնուրույն անվտանգային-պաշտպանական համակարգի, այդ թվում և առաջին հերթին՝ ՀՕՊ համակարգի ձևավորումը, ինչի մեկնարկը կարող են ապահովել անցնող տարիների ընթացքում Հայաստանից թալանված տասնյակ միլիարդավոր դոլարների հասնող միջոցները, որոնց մի մասի աղբյուրներն արդեն բացահայտված են օֆշորային տիրույթներում:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդ

Տեսանյութեր

Լրահոս