«Ապրիլյան դեպքերից հետո ներկայացումներից հանել եմ «Էս ի՞նչ երիտասարդություն ա» արտահայտությունը»
«Մորաքույրը Փարիզից», «Շեղշե լա ֆամ», «Կոմա նոստրա» «Սե լա վի», «Մենք ենք, մեր ստերը», «Դոն Ժուան», «Օպերացիա Նեմեսիս»… Իսկ այսօր արդեն՝ «Իմ կնոջ անունն է Մորիս»… Հունիսի 7-ին Տիկնիկային թատրոնի բեմում կայացավ դերասան և ռեժիսոր Նարեկ Դուրյանի «Իմ կնոջ անունն է Մորիս» ներկայացման առաջնախաղը: Ներկայացումից օր առաջ Նարեկ Դուրյանի հետ զրուցեցինք պիեսի ընտրության և այլ հարցերի շուրջ:
– Որքանո՞վ է այս պիեսի հեղինակը հայտնի հայ հանդիսատեսին:
– Ռաֆֆի Շարտն ազգությամբ հայ դրամատուրգ է: Նրա հեղինակած «Իմ կնոջ անունն է Մորիս» պիեսը տարիներ առաջ Հայաստանում բեմադրել է Հակոբ Ղազանչյանը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում:
– Որքա՞ն նյարդ և գումար է անհրաժեշտ նոր ներկայացում բեմադրելու համար:
– Նյարդ՝ շատ, գումար՝ ոչ այդքան: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կմոտենաս ներկայացման բեմադրմանը: Իմ ներկայացումներն այդքան ծախսատար չեն: Ես սիրում եմ պայմանական թատրոնը: Սիրում եմ, որ դերասանը բեմից ասի, որ անձրև է գալիս, և մենք հավատանք, որ անձրև է գալիս: Ինձ համար թատրոնը պայմանականությունն է:
– Ռաֆֆու ազգանունը՝ Շարտ, փոփոխվա՞ծ է, թե՞ «յան»-ով այն երբեք չի հնչել:
– Գիտե՞ք, միշտ ցանկացել եմ նրան այդ հարցն ուղղել, բայց անընդհատ մոռանում եմ: «Մխիթարյան վարժարանն» ավարտած, կարգին հայերենով խոսող դրամատուրգ է:
– Ի՞նչ հեղինակություն ունի «Իմ կնոջ անունն է Մորիս» պիեսն աշխարհում:
– Այդ պիեսը նրա առաջին գործերից է: Եվ այն բում է արել ողջ աշխարհում: Այս տարի այն ճանաչվեց աշխարհի ամենաշատ խաղացվող պիեսը: Ներկայացումները գնում ու գնում են՝ աշխարհի տարբեր բեմերում: Այն խաղում են 54 երկրներում: Դուք գիտե՞ք, թե ինչ է նշանակում, երբ պիեսդ խաղում են աշխարհի 54 երկրներում: Ես երևի այդքան երկրի անուն անգիր չգիտեմ: Մեկ միլիոն հանդիսատես միայն Փարիզում է տեսել այդ ներկայացումը: Եվ, ի դեպ, ես այդ ամենն ասում եմ հանդիսատեսին ներկայացման սկզբին՝ պրոլոգով:
– Ինչո՞ւ եք որոշել այդ տեղեկությունը ներառել ներկայացման մեջ:
– Որովհետև շատ ափսոս է, որ հանդիսատեսը չի ճանաչում հայազգի այդ դրամատուրգին: Ափոսոս է, որ չենք ճանաչում սենց տղերքին:
– Ինչպե՞ս եք բացատրում այդ պիեսի հաջողության ֆենոմենը:
– Պարզ, թեթև, «պրիմիտիվ»՝ անպայման չակերտների մեջ, պիես է: Շատ լավ խոսք կա. «Հանճար է այն, ինչ պարզ է»: Սա հենց այդ դեպքն է: Այն շատ լավ կոմեդիա է՝ ճաշակով գրված և ժամանակակից:
– Պիեսում ներկայացված «փարիզյան շունչը» որքանո՞վ է ընկալելի հայ հանդիսատեսին:
– Երբ կարդացի պիեսը, մտածեցի, որ ախր այն շա՜տ փարիզյան է, և, որ Երևանում բեմադրելը փոքր-ինչ կասկածելի է: Եվ մինչ ես մտածում էի այս մասին, հեղինակն ինձ ասաց, որ շատ կցանկանար, որ պիեսն ադապտացվեր, տեղայնացվեր: Նա ինձ պատմեց, թե ինչպես էր դիտել մոնղոլացիների կողմից բեմադրված «Իմ կնոջ անունն է Մորիսը», իհարկե, առանց որևէ ռասիստության: Մոնղոլացիները չէին ադապտացրել, և նրա համար փոքր-ինչ անսովոր էր դիտել ֆրանսիացի խաղացող մոնղոլներին: Ես վստահ եմ, որ նմանապես ֆրանսիացիների համար ծիծաղելի կլինի տեսնել ֆրանսիացի խաղացող հայերին: Ուզում եմ ասել՝ այնպես չէ, որ մեր՝ հայերիս, պորտը Ռեյկյավիկում են կտրել: Եվ երբ Ռաֆֆին ինձ անձամբ առաջարկեց ադապտացնել պիեսը, մի մեծ քար ընկավ սրտիցս…
– Ինչպե՞ս է արտահայտվում ադապտացումը՝ իրավիճակնե՞րն են փոխվել, թե՞ հերոսներն են «հայաֆիկացվել»:
– Գործողությունները գրեթե նույնն են: Տեքստերն են մի քիչ փոխվել՝ դարձել երևանյան, հայկական, ինչպես նաև՝ որոշ անուններ: Միայն Մորիսի անվան շուրջ էի տարակուսում, սակայն հետո հիշեցի, որ Երևանում ևս բավականին շատ կան Մորիսներ:
– Կա՞ն…
– Կան, կան, Մորիսներ կան: Ես նույնիսկ հիշեցի, որ հորս ղեկավարած նվագախմբում ևս կար Մորիս անունով շեփորահար:
– Դուք նշեցիք, որ սա բավականին թեթև կոմեդիա է: Արդյոք սա այն կոմեդիաների՞ց է լինելու, որը դիտելով՝ հանդիսատեսը կուրախանա, բարձր տրամադրությամբ կհեռանա դահլիճից, սակայն օրեր անց կմոռանա: Թե՞ այնուամենայնիվ, իր հետ որոշակի մեսիջներ կտանի:
– Ամենայն պատասխանատվությամբ ձեզ ասում եմ, որ երբեք չեմ մտածում որևէ ներկայացման մեջ մեսիջ անցկացնել: Ախր, ես հռետորությամբ չեմ զբաղվում: Ի՞նչ է արտիստը: Էմոցիայի կտոր: Ասում է այն, ինչ զգում է: Իհարկե, չեմ ժխտում, որ կան քաղաքական, պաստառային, հայրենասիրական ներկայացումներ: Իմ ամենասիրած դերասաններից է Լուի Դը Ֆյունեսը: Բայց ի՞նչ մեսիջ կա նրա ֆիլմերում: Պարզապես թեթև, ուրախ կոմեդիա: Իսկ նա հանճարեղ դերասան է:
– Միևնույն է, հանդիսատեսն իր պրիզմայով է անցկացնելու ներկայացումն ու վերցնելու է այն, ինչն իր համար կարևոր է:
– Այո, երբեք չպետք է թերագնահատել հանդիսատեսին:
– Այնուամենայնիվ, դժվար չէ՞ գրավել հանդիսատեսին, երբ նա օր օրի «համոզվում» է, որ կոմեդիան շոու-ներկայացումն է, սքետչերի հավաքածուն: Նման «համոզմունքով» հանդիսատեսը կարողանո՞ւմ է ընկալել լուրջ դրամատուրգի պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը:
– Ես ունեմ իմ կրեդոն, իմ մտածելակերպը և ես այն չեմ դավաճանում: Քանի դեռ իմ դահլիճը լեփ-լեցուն է, ես խաղում եմ: Ես շատ երջանիկ եմ, քանի որ իմ հանդիսատեսի շարքում լեցուն երիտասարդներ կան: Ի վերջո, անհնար է բոլորին դուր գալ: Ձեր նշած ներկայացումների հանդիսատեսը չի գալիս իմ ներկայացումները դիտելու: Բայց ես երբեք չեմ մտնի մրցության մեջ, որ նրանց բերեմ իմ դահլիճ: Եվ կարծում եմ, որ իմ հանդիսատեսը հազվադեպ է գնում այդ շոուներին: Եվ դա նորմալ է՝ ամեն ոճ, ամեն թատրոն ունի իր հանդիսատեսը: Չպետք է բաժանել լավի և վատի: Կարող ենք ունենալ կարծիք, բայց չպետք է պարտադրենք այն: Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է:
– Չգիտես՝ ինչո՞ւ, ստեղծվել է մի կարծրատիպ, որ այն, ինչ դյուրըմբռնելի է՝ պարզունակ է՝ չի կարող ունենալ մեծ արժեք: Խոսքս այս դեպքում նաև դասականների ստեղծագործություններին է վերաբերում: Մի հեղինակի մասսայականություն վայելող գործը շատ անգամ համարում են պարզունակ, իսկ համեմատաբար բարդ ընկալելի ստեղծագործությունը՝ հանճարեղ: Ինչո՞ւ է այդպես:
– Հիմա տեսեք, թե ինչ անուն եմ տալիս: Վերդի՝ երաժշտության գիգանտ: Եթե մի օր լինեք Իտալիայում, ուշադրություն կդարձնեք, թե ինչպես է շուկայում կանաչի վաճառողը քթի տակ սուլում «Տրավիատայի» արիան: Հիմա ի՞նչ: «Տրավիատան» ա՞ղբ է, որովհետև կանաչի վաճառողն է սուլում, իսկ «Ռեքվիեմը», որ ոչ մեկը չի սուլում, բարձր արվե՞ստ է: Այսինքն՝ այն, ինչ մատչելի է, դեռ չի նշանակում, որ պրիմիտիվ է: Մատուցման և ընկալման մեջ է ստեղծագործության գաղտնիքը:
– Մտադրություն ունե՞ք այս ներկայացումն Արցախ տանելու:
– Ցանկությունս շատ մեծ է: Եթե միայն մեզ աջակցեն այնտեղ գնալու հարցում՝ մեծ հաճույքով կխաղայինք մեր տղաների համար: Խոսակցություններ կային «Նեմեսիս» ներկայացումն Արցախ տանելու վերաբերյալ: Մենք պատրաստ էինք այդ ներկայացումը մեր տղաների համար խաղալ անմիջապես մարտի դաշտում:
– Մինչ ապրիլյան դեպքերը, հատկապես Ձեր սերնդակիցները քննադատում էին նոր սերնդին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ բացասական պատկերացումները նոր սերնդի վերաբերյալ ամենևին կապ չունեցան իրականության հետ:
– Խենթանալու մի բան տեղի ունեցավ: Ես ևս քննադատում էի այս սերնդին, անգամ ներկայացումներիս մեջ էի նշում այդ մասին: Երկու ներկայացում ունեմ, որտեղ ասում եմ. «Էս ի՞նչ երիտասարդություն ա»: Ապրիլյան դեպքերից հետո հանել եմ այդ արտահայտությունը, չեմ կարողանում դա ասել. միանգամից աչքիս առաջ մեր հերոս տղաներն են գալիս: Ես հպարտացա, որ դեռ բարութ ունենք, խենթանալու լավ սերունդ ունենք:
– Երբ իմացաք, որ Գերմանիայի Բունդեստագն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը, ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը:
– Իհարկե, դա շատ լավ փաստ է: Բայց, եթե անկեղծ՝ ես հոգնել եմ արդեն այդ «սինեմայից»: Այո, ընդունել են և՛ Գերմանիան, և՛ Ֆրանսիան, և՛ էլի շա՜տ երկրներ… Երբ ուզում են՝ ընդունում են, երբ ուզում են՝ մոռանում են մեր մասին… Ես կարծում եմ, որ արդեն ժամանակն է, որ մենք ինչ-որ բաներ հասկանանք, դասեր քաղենք: Հա, ընդունեցին, հետո՞… Մի լավ խոսք կա, որն ասում են խաչակնքելով. «Գլուխ ունես՝ փորիդ նայիր, ձախ, աջ՝ գործ չունես»: