«Հայաստանը պետական մակարդակով պետք է պատասխան տա թուրքական հոխորտանքներին». Դեմոյան

Գերմանիան Եվրամիության շարժիչ ուժն է, և Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ Եվրամիության շատ երկրներ, հետևելով Գերմանիայի այս քայլին, կարող են ընդունել Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի արդյունավետություն կունենա այս քայլը:

Հունիսի 6-ին հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյ անը` կարևոր հանգամանք համարելով, որ Գերմանիան ընդունել է նաև սեփական մեղսակցությունը ավելի քան մեկ դար առաջ իրականացված ոճրագործությանը, քանի որ այդ երկիրը, լինելով Թուրքիայի դաշնակիցը, կարող էր որոշ առումներով կանխել Հայոց ցեղասպանության ընթացքը: «Սա բարոյահոգեբանական լրջագույն քայլ է և Թուրքիան չի կարող հակափաստարկ տալ դրան: Սա Գերմանիայի կողմից Թուրքիային ուղղված զսպիչ ազդակ է: Գերմանիայում շուրջ 4 տարի մշակում, քննարկում էին ցեղասպանության ընդունման տարբեր բանաձևեր: Այս բանաձևը նախևառաջ պետք էր Գերմանիային, այսպիսով Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը` Թուրքիային թողնելով իր մեղքի հետ մենակ: Գերմանիան փորձեց առերեսվել սեփական պատմությանը, բայց Թուրքիան դրան դեռևս պատրաստ չէ»,- ասաց Դեմոյանը:

Ամեն անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պարտությունից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը հոխորտում է, որ դա հանգեցնելու է լուրջ հետևանքների: Նրա խոսքով, Թուրքիայում ապրող հայերը պետք է լքեն երկիրը, սակայն Էրդողանին զսպող մի շարք միջազգային լծակներ և ներքին խնդրներ կան: Թուրքիան գոնե այս պահին թույլ չի տա երկրի ներսում ռասսայական խնդիրների սրումը: Հայաստանը, Դեմոյանի կարծիքով, պետական մակարդակով պետք է պատասխան տա թուրքական այդպիսի հոխորտանքներին:

Հայաստանում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի դիտարկմամբ, գործում է ապրիլ 25-յան սինդրոմը. մարդիկ ապրիլի 24-ից հետո կարծես մոռանում են Հայոց ցեղասպանության մասին, այդ պատճառով ռազմավարական առումով պետք է նոր ուղիներ մտածել: Տարբեր երկրների պատմության դասագրքերում պետք է որոշ չափով տեղեկություն լինի Հայոց ցեղասպանության մասին, Հայոց ցեղասպանության թանգարաններ պետք է լինեն աշխարհի տարբեր քաղաքներում և գլխավոր շեշտադրությունը պետք է դնել մարդասիրության վրա, որով կարելի է գրավել մարդկանց ուշադրությունը և այդ միջոցով աղաղակել ամբողջ աշխարհին Հայոց ցեղասպանության մասին:

Տեսանյութեր

Լրահոս