Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ

Արցախից բռնի տեղահանումից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ հիմնադրված «Արդարություն և Վերադարձ» ՀԿ-ն այսօր Մասիս քաղաքում «Արցախի երիտասարդների որոշիչ ձայնը» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումն անցկացրեց արցախցիների հետ։

Միջոցառման մեկնարկին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, աղոթելով հանուն Հայաստանի ու Արցախի, վստահեցրեց՝ արցախցու ձայնն Աստծո ձայնն է։

«Արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել՝ ցանկացել է խաղաղ ու հանգիստ ապրել իր հողում։ Չարը չի կամենում, որ լույսը մշտապես լուսավորի. Խավարը միշտ դեմ է լույսին, իսկ մեր ինքնությունը հիմնված է լույսի վրա։

Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, դա անբացատրելի է գիտակից ու հավատացող մարդու տեսանկյունից. մենք այսպիսի ելք չէինք սպասում՝ բռնի տեղահանում, արմատախիլ են արել ծառը։ Բայց այստեղ գյուղացիներ կան, ովքեր հասկանում են, որ երբ ծառն արմատախիլ ես անում, գլխավոր արմատը մնում է հողում, որը դեպի խորն է գնում։ Ու մեզ մնում է, որ Քրիստոսով հաղթանակած վերադառնանք մեր գլխավոր արմատին, որ մնացել է հայրենի հողում։

Կարդացեք նաև

Աշխարհի ամեն ծայրում, եթե անգամ երկու հոգի կանգնում ու մտածում են Արցախի մասին, դա արդեն իսկ ընդունելի է։ Կանգնել արցախցու և Արցախի կողքին՝ կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների, աստվածապարգև օրենքների կողքին։

Մեր առաջ նպատակ ունենք, գերնպատակը Քրիստոսով հաղթական վերադարձն է Արցախ։ Սա յուրաքանչյուրիս նվիրական ցանկությունն է։ Որքան շուտ, այնքան լավ»,- նշեց հոգևորականը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս