ԵՏՄ բոլոր անդամներն բացասական մոտեցում ունեն միասնական արժույթի հարցով. ԿԲ նախագահ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ամենաակտիվը բոլոր ոլորտներից հենց բանկայինն է: Այսօր ԱԺ նիստում ԿԲ 2015 թ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ բավականին լուրջ համագործակցություն ունեն ԵՏՄ բոլոր գործընկերների հետ:
Ըստ նրա` ԵՏՄ-ից դուրս էլ արդեն կային համագործակցության տարբեր ֆորմատներ` ակումբային, տարբեր կոմիտեներ` արժութային քաղաքականության, շուկաների, բանկային վերահսկողության գծով, և այլն. «Եվ ամենակարևորը, մենք նույն լեզվով ենք խոսում: Բանկային համակարգերում ներդրված են միջազգային ստանդարտները, Բազելյան վերահսկողության ստանդարտները: Մեր գործընկերները տարեկան գոնե մի 15 ագամ գալիս են Հայաստան փորձի փոխանակման համար»:
Սակայն, Ա.Ջավադյանը նշեց, որ մի հարց կա, որի շուրջ ԵՏՄ բոլոր անդամներն ունեն բացասական մոտեցում. «Դա միասնական արժույթն է: Այդ հարցը բոլորս էլ հետաձգել ենք մինչև 25 թիվ: Մնացած հարցերում մեր համագործակցությունը շատ սերտ է»: