«Պարզապես կունենանք գնաճ կամ ստվերային շրջանառություն». Վարդան Այվազյանը՝ Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը դադարեցնելու մասին
Թուրքիայից Հայաստան ապրանքաշրջանառությունը դադարեցնելն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի կարծիքով՝ գլոբալ առումով ցանկալի է, բայց թե տնտեսապես որքանո՞վ է նպատակահարմար՝ զուտ հաշվարկների հետ է կապված:
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Լևոն Դոխոլյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջարկեց արգելել Թուրքիայից Հայաստան ներմուծել ապրանքներ, թույլ չտալ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը, արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա: Պոպուլիստական իր այս առաջարկը նա հիմնավորում էր՝ Ադրբեջանին պատերազմի հրահրելու Թուրքիայի գործելակերպով, ինչպես նաև՝ հայ հասարակությանը սննդի միջոցով և այլ ձևերով սպառնացող վտանգով: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ պատգամավորի այս առաջարկին ի պատասխան՝ ասել էր, թե հարցն արդիական է դարձել հանրության շրջանում, կա վարչապետի հանձնարարականը, և նախարարությունն իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ:
168.am-ի հետ զրույցում Վարդան Այվազյանը նշեց, որ շատ ողջունելի կլինի, որ մենք կարողանանք համապատասխան գործիքներով ներմուծումը փոխարինող ապրանքատեսակներով ներքին շուկան ապահովել. «Բայց եթե այդպես էմոցիոնալ ուղղակի ասենք, ապա պարզապես կունենանք գնաճ կամ ստվերային շրջանառություն»:
Վ. Այվազյանը նշեց, որ նմանատիպ էժան ապրանքատեսակ կարող է ներկայացված լինել Չինաստանից, որը կարող է ծածկել այդ ապրանքային խումբը. «Որպես երևույթ, իհարկե, ցանկալի է: Թուրքիան ռազմական փոխօգնության պայմանագիր ունի նույն Ադրբեջանի հետ, բոլոր դեպքում՝ մենք դրանից տուժում ենք, բայց այստեղ գնաճի հարցն է գալիս»:
Խոսելով այն մասին, թե հիմա ինչքանո՞վ է մեր տնտեսությունը պատրաստ այդ քային գնալ, Վ. Այվազյանն ասաց, որ անհնարին բան տնտեսագիտության մեջ գոյություն չունի. «Ցանկացած դեպքում՝ եթե կա պահանջարկ, ապա այդ առաջարկը կներկայացվի, իսկ առաջարկը կախված կլինի տվյալ ապրանքի որակից ու գնից: Այսօր մեր տնտեսությունն այնպես չէ, որ նմանատիպ ապրանքներից արտադրության մեծ ծավալներ ունի և կարող է ներքին շուկան ապահովել»:
Այս օրերին բազմաթիվ գործարարներ և տնտեսագետներ վերլուծություններով հանդես եկան՝ նշելով, որ տնտեսական առումով դրանից Հայաստանին որևէ օգուտ՝ որպես այդպիսին, չի լինելու։ Միայն վնասներ ենք կրելու: Բնականաբար, դրանք արգելելու դեպքում այդ ապրանքները փոխարինվելու են ռուսական, բելառուսական կամ այլ երկրների ապրանքներով: Օրեր առաջ ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ «ԵՏՄ երկրներից թուրքականին այլընտրանք որոշ չափով կարող են համարվել Ռուսաստանը կամ Բելառուսը, բայց եթե մենք ուզում ենք ինչ-որ չափով մրցունակ մնալ, ապա ՌԴ-ում գնելով հումքը՝ մենք հենց ռուսական կամ բելառուսական արտադրողների նկատմամբ մրցակցային առավելություն չենք ստանա զուտ այն պատճառով, որ մեզ մոտ ճանապարհածախսը կավելանա 2 անգամ»: Եթե Թուրքիայի դեպքում քաղաքական պատճառներով ենք բացատրում նման հայտարարություններն ու առաջարկները, ապա արդյո՞ք, օրինակ, Ռուսաստանը կամ Բելառուսը քաղաքական առումներով ՀՀ-ի նկատմամբ իրենց ճիշտ են դրսևորում: Բավական է միայն հիշել Ադրբեջանին այդ ծավալի զենքի վաճառքը Ռուսաստանի կողմից, որով կրակում էին/են մեր զինվորների վրա: Կամ, Բելառուսի նախագահի ադրբեջանանպաստ հայտարարությունները…
Քաղաքական պատճառներով առևտրի, տնտեսական փոխհարաբերությունների բոյկոտը ոչ միայն լավ բան չէ, այլև չես կարող մարդուն արգելել կամ օրենքի ուժով ստիպել այս կամ այն ապրանքից կամ ծառայությունից օգտվել: Ժամանակ առ ժամանակ հայտարարություններ են արվում նաև մարդկանց՝ Անթալիայում հանգստանալն արգելելու համար: Այն դեպքում, երբ, օրինակ, Ծաղկաձորում կամ Սևանում հանգստանալը, մեղմ ասած, բազմապատիկ թանկ է: