«Մարդու կյանքը հնարավոր կլիներ երկարացնել, եթե հնարավոր լիներ գտնել քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ տարբերակը». Փրինսթոնի համալսարանի հայազգի պրոֆեսոր Վիրջինիա Զաքյան

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հրավերով կարճատև այցով Հայաստան է ժամանել Վիրջինիա Զաքյանը, ով գիտական ամենահեղինակավոր Nature, Science, Cell ամսագրերում թելոմերների ուսումնասիրությանը նվիրված ավելի քան 20 հոդված է տպագրել և տարիներ շարունակ ղեկավարելով Փրինսթոնի համալսարանի ամենամեծ լաբորատորիաներից մեկը, շատ մեծ ավանդ է ունեցել քրոմոսոմների, հատկապես՝ թելոմերների ուսումնասիրության ոլորտում:

ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի միջոցառումների դահլիճում, որտեղ անցկացվում էր հայազգի գիտնականի առաջին դասախոսությունը՝ «Թելոմերազի ակտիվության կարգավորումը» թեմայով, մարդաշատ էր: Նրան լսելու էին եկել ուսանողներ, դասախոսներ, կենսաբանության ոլորտի մասնագետներ: Վիրջինիա Զաքյանի ուսումնասիրության թեման քրոմոսոմների կառուցվածքն է, հատկապես քրոմոսոմային եզրերը՝ թելոմերները, որոնց կարևորությունն ապացուցվել է հատկապես վերջին 40 տարիների ընթացքում: Պարզվում է, տարիքի հետ միասին թելոմերները կարճանում են՝ վնասելով ամբողջական քրոմոսոմների կառուցվածքը, հանդիսանալով ծերացման պատճառներից մեկը: Պրոֆեսոր Զաքյանը թելոմերների ուսումնասիրման մեծագույն մասնագետներից մեկն է, ով հայտնաբերել մի շարք սպիտակուցներ, որոնք պաշտպանիչ վահան են հանդիսանում կարճացող թելոմերների համար:

Վիրջինիա Զաքյանը Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նոր նախագծի արդեն չորրորդ հյուրն է, որի շրջանակներում Հայաստան են հրավիրվել մեծանուն հայ գիտնականներ՝ գիտության տարբեր ոլորտներից: Ինչպես նշում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, ծրագրի ներկայացուցիչ Հովակիմ Զաքարյանը, իրենց նպատակն է՝ Հայաստան բերել այն գիտնականներին, ովքեր լրջագույն ձեռքբերումներ են ունեցել իրենց ոլորտում և կարող են համապատասխան գիտական կապեր և միջավայր ստեղծել մեր երկրի ներսում գիտական ոլորտների զարգացման համար:

168.am-ը զրուցել է հայազգի հայտնի գիտնական Վիրջինիա Զաքյանի հետ.

Կարդացեք նաև

– Տիկին Զաքյան, այսօր Ձեր առաջին դասախոսությունն էր, որի ընթացքում ուսանողները շատ հարցեր էին տալիս: Նրանց հետաքրքրե՞լ էր թելոմերների մասին Ձեր դասախոսությունը:

– Այո, նրանք շատ հետաքրքիր հարցեր էին տալիս, և զգացվում էր, որ շատ մոտիվացված էին, ինչն անչափ կարևոր է, որովհետև լավ ուսանողը հենց դրանով է տարբերվում մնացածից: Բայց արդյո՞ք նրանք հատկապես թելոմերների թեմայով էին հետաքրքրված, դժվարանում եմ ասել:

– Սա Ձեր առաջի՞ն այցն է Հայաստան:

– Այո, և ես ուրախ եմ այս այցի համար, պարտական եմ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին ու այս երիտասարդին (ցույց է տալիս մեր զրույցին ներկա Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանին.- Ն.Մ.):

– Տեղյա՞կ եք Հայաստանում գիտական ոլորտի զարգացումների կամ տեմպերի մասին, արդյո՞ք Հայաստանում կենսաբանության Ձեր ուսումնասիրությունների ոլորտն արդիական է:

– Ցավոք, քաջատեղյակ չեմ Հայաստանում գիտական ոլորտի զարգացումների և հատկապես կենսաբանության իմ բնագավառի մասին: Այստեղ գալուց առաջ ես համացանցի միջոցով ծանոթացա միայն հրավիրող կազմակերպությանը և այն ինստիտուտին, որտեղ պետք է դասախոսություններ կարդայի: Առանձնապես ինֆորմացված չեմ:

– Եթե հանրամատչելի կերպով ներկայացնելու լինեիք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում թելոմերը, և ո՞րն է դրանց կարևորությունը մարդու օրգանիզմում:

– Թելեոմերներն առաջին հերթին՝ կարևոր և պատասխանատու օղակ են ծերացման պրոցեսի համար, ինչպես նաև՝ քաղցկեղի կանխարգելման պարագայում: Թելոմերների ուսումնասիրությունը, հատկապես՝ հիմնարար գիտությունների պարագայում, ինչով ես եմ զբաղվում, շատ կարևոր է, որովհետև ստացված արդյունքները կարող են երկարացնել մարդու կյանքը:

– Ի՞նչ կապ ունի թելոմերը քաղցկեղի հետ:

– Քաղցկեղածին բջիջներն անդադար տրոհվելու պրոցեսի մեջ են՝ դրանով իսկ նպաստելով վերջիններիս թվաքանակի ավելացմանը: Այդ ավելացումը պայմանավորված է հենց թելոմերաս ֆերմենտով, որը, ի տարբերություն մնացած բոլոր բջիջների, հատկապես քաղցկեղածին բջիջներում ակտիվ ու բարենպաստ կերպով զարգանում է, և հետևաբար՝ դրանց վերահսկումը հնարավորություն է տալիս թելոմերները պահել նորմալ վիճակում:

Verjinia (1)

– Այսինքն, հնարավո՞ր է, որ թելոմերների ուսումնասիրություններն ու համապատասխան բացահայտումները հանգեցնեն քաղցկեղածին բջիջների պասիվացմանը:

– Քաղցկեղն ինքնին շատ բարդ հիվանդություն է, և այն, ինչն արդիական կարող է լինել ինչ-որ տեսակի քաղցկեղի համար, անարդյունավետ կարող է դառնալ մյուս տարատեսակների համար: Հետևաբար՝ քաղցկեղածին բջիջները մշտապես գտնում են բարենպաստ եղանակներ՝ խուսափելու համար սպանվելուց, ոչնչանալուց: Բայց թելոմերազի ուսումնասիրությունները կարող են լինել կանխարգելիչ եղանակներից միայն մեկը՝ բուժելու համար այդ հիվանդությունը:

– Դուք քաղցկեղածին բջիջների կանխարգելման ուղղությամբ թելոմերային ուսումնասիրություններ կատարե՞լ եք:

– Քանի որ իմ նեղ մասնագիտական ուղղությունը զբաղվում է հիմնարար գիտությամբ, ապա իմ նպատակը չէ բուժել քաղցկեղը, այլ նպաստել՝ երկարացնելու մարդկանց կյանքը:

Հետևաբար՝ ես առաջադրում եմ հարցեր և իմ ուսումնասիրությունների արդյունքում փորձում եմ ստանալ այդ հարցերի պատասխանները: Իմ ստացած արդյունքները հետագայում, իհարկե, կարելի է կիրառել բժշկության մեջ, բայց բուն իմաստով՝ ես հիմնարար հետազոտություններ կատարող եմ: Դրանով իսկ արդեն թելոմերների ուսումնասիրությունը լավագույն օրինակն է, թե ինչո՞ւ է անհրաժեշտ ու շատ կարևոր հիմնարար գիտությունների լիարժեք հովանավորումը, որովհետև սրանց ուսումնասիրությունների միջոցով ստացված արդյունքները կիրառելի կլինեն բուն հիվանդությունների բուժման պրոցեսում:

– Արդյո՞ք հնարավոր է թելոմերների ուսումնասիրությունների արդյունքում հանգել ծերության պրոցեսի կանխարգելմանը, հատկապես, երբ այդ հարցն արդեն տարիներ շարունակ մարդկությանն անհանգստացնող ամենակարևոր հարցերից մեկն է:

– Մարդու կյանքը հնարավոր կլիներ երկարացնել, օրինակ, եթե հնարավոր լիներ գտնել քաղցկեղի դեմ պայքարի ամենաարդյունավետ տարբերակը: Թելոմերների կիրառությունը կարող է պատճառներից մեկը լինել, որպեսզի բժշկությունը հնարավորություն ունենա երկարացնելու մադու կյանքը: Ծերացումն ինքնին շատ բարդ և դժվար վերահսկելի պրոցես է, որն ազդում է միանգամից մարդու օրգանիցմի՝ միանգամից մի շարք օրգանների վրա, ինչպես, օրինակ, իմունային համակարգն է:

– Դուք համագործակցության եզրեր նկատո՞ւմ եք Ձեր և և հայ գիտնականների միջև:

– Ամենալավ համագործակցության տարբերակն ուսանողների փոխանակման ծրագիրը կարող է լինել, որի արդյունքում նրանք հնարավորություն կունենային երկարաժամկետ կամ կարճաժամկետ այցելություններ իրականացնել այն լաբորատորիայում, որտեղ ես աշխատում եմ: Հատկապես իմ բնագավառում՝ թելոմերների ուսումնասիրության ոլորտում, մենք Ամերիկայում օգտագործում ենք շատ սպեցիֆիկ տեխնոլոգիաներ և մոդելներ, որոնք, հավանաբար, այստեղ չկան: Հետևաբար՝ գիտական ոլորտում ցանկացած համագործակցություն կարող է կայանալ այն բնագավառներում, որոնք կապ ունեն, ասենք, պոպուլյացիոն գենետիկայի ուսումնասիրությունների կամ էկոլոգիայի հետ: Օրինակ, այստեղ՝ տեղում, կարելի է ուսումնասիրել երկարակյաց հայերի գենետիկան կամ միջավայրի, էկոլոգիայի ազդեցությունը մարդկանց երկարակեցության վրա, և այլն:

– Տիկին Վերջինա, Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք ազգությամբ հայ Ձեր նախնիների մասին:

– Որոշակի տեղեկատվություն, իհարկե, ունեմ: Հորական կողմից մեծ հայրս և մայրս՝ Հակոբն ու Աղավնին, Սեբաստիայից էին, Ամերիկա են գաղթել մինչև Մեծ ջարդերը՝ 1910 թվականին: Հորական կողմից մեծ ծնողներս հինգ երեխա են ունեցել: Ամերիկայում մենք ընտանեկան բիզնես ունենք՝ զբաղվում ենք կարպետների վաճառքով և վերանորոգումով, որը մեր մեծ ծնողներից ենք ժառանգել՝ դեռևս 1920-ական թվականներից: Մորական կողմից մեծ ծնողներս՝ Բոյաջյանները, Պոլիսից էին: Ցավոք, մորական կողմի մասին շատ ինֆորմացիա չունեմ, որովհետև մեծ հայրս շատ վաղ է մահացել, դեռ այն ժամանակ, երբ մայրս 8 տարեկան էր: Հիշում եմ, որ մորական կողմից տատիկս շատ համեղ հայկական ուտելիքներ էր պատրաստում, որոնցից շատերն այսօր արդեն ամուսինս է հիանալիորեն պատրաստում, թեև ինքն ազգությամբ հայ չէ, մորիցս է սովորել պատրաստել դրանք՝ թանապուր, քեբաբ, բլղուր, փախլավա, իմամ բայալդի, փլավ, և այլն:

– Հետաքրքիր կլիներ իմանալ՝ ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենակարևոր ձեռքբերումը:

– Իմ ամենակարևոր ձեռքբերումն առաջին հերթին՝ իմ երկու զավակներն են, իսկ գիտական ձեռքբերումներից ամենաէականը, թերևս, PF սպիտակուցների հայտնաբերումն է, որոնք անմիջական կապ ունեն թելոմերների ուսումնասիրությունների հետ:

Տեսանյութեր

Լրահոս