Բաժիններ՝

«Մենաշնորհի հասցեն պետք է ցույց տալ». Միքայել Մելքումյան

Կոռուպցիոն պայքարի համար Հայաստանում հիմնական խնդիրը քաղաքական կամքի բացակայությունն է կամ շատ անբավարար լինելը: Այս մասին այսօր տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած ասուլիսի ընթացքում ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հ/կ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

«Մենք շատ դժգոհ ենք իրավիճակից, որ հիմա գոյություն ունի երկրում: Այդ դժգոհությունը մեզ մոտ եղել է միշտ»,- ասաց նա՝ նշելով, որ միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացվող տվյալերը ևս փաստում են, որ դժգոհությունն անհիմն չէ: «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2003թ. չի փոխվում: Իհարկե չի փոխվում նաև այնպիսի երկրների մոտ, ինչպիսիք են Ֆինլանդիան, Շվեդիան, բայց մեզ մոտ այդ թիվը չի փոխվում շատ ցածր մակարդակի վրա: Իհարկե, օբյեկտիվ լինենք. ավելի վատ վիճակում գտնվող երկրներ էլ կան, օրինակ՝ նույն Եվրասիական տնտեսական միության մեջ մեր տվյալները լավագույնն են: Բայց դա մեզ հպարտանալու առիթ չի տալիս, որովհետև ընդհանրապես պոստսովետական տարածքն ամենակոռումպացվածներից մեկն է աշխարհում:

Այնպես որ, համեմատելը մի փոքր ճիշտ չէր լինի: Ընդ որում, հարևան երկրներից մենք ունենք Վրաստանի օրինակը, որը 2002-2003թթ. աշխարհի 5 ամենակոռումպացված երկրների շարքում էր կոռուպցիայի ընկալման համաթվով, իսկ այժմ մեզնից շատ ավելի լավ դիրքերում է գտնվում: Իհարկե, դա չի նշանակում, որ այնտեղ, որտեղ հեղափոխություն է լինում, իրավիճակը միանգամից լավանում է: Ի հակառակ Վրաստանի, Ուկրաինայում նարնջագույն հեղափոխությունը որևէ լավ բանի չբերեց, կոռուպցիան էլ ավելի խորացավ: Տեսնենք՝ այսպես ասած, արժանապատվության հեղափոխությունն ինչի կբերի, բայց վիճակն այնտեղ բավականին վատն է»,- ասաց Վարուժան Հոկտանյանը: Նրա խոսքով՝ խնդիրներ կան բազմաթիվ ոլորտներում. «Մանավանդ այս վերջին իրադարձությունները նույնպես բավականին լուրջ հիմքեր են տալիս ասել, որ սա մի երևույթ է, որ վտանգում է նաև երկրի անվտանգությունը»:

Նա նշեց, որ կազմակերպության պաշտոնական դիրքորոշումն այն է, որ կոռուպցիայի արմատական պատճառները տնտեսության մոնոպոլիզացիան է, տնտեսական և քաղաքական վերնախավերի սերտաճումը և իշխանության երեք ճյուղերի միջև հավասարակշռության խախտումը, մանավանդ դատական իշխանության անկախության բացակայությունը: Նրա խոսքով՝ կան նաև այլ խնդիրներ. լուրջ խնդիր է հասարակության շրջանում կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքը. «Քանի դեռ կան այս խնդիրները, ես չգիտեմ, թե ինչպես հնարավոր կլինի լուրջ արդյունքների հասնել»:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ ասաց, որ կան ոլորտներ, որտեղ առկա հարցերին անհրաժեշտ է մի քանի ամսում լուծում տալ. «Խոսվեց մենաշնորհների մասին: Մենք այդ մենաշնորհների մասին անընդհատ ասում ենք, որ պետք է պայքարել, այսպես անել, այնպես անել: Մեկ էլ չենք իմանում՝ այդ արդյունքը կա՞, թե՞ չկա: Ես երկու բան եմ ասելու. մենաշնորհի մասին պետք է ոչ թե խոսենք ու անցնենք առաջ: Մենաշնորհի հասցեն պետք է ցույց տալ՝ հասցե ունի՞, թե՞ չունի, թե՞ խոսում ենք, ասում ենք՝ մենաշնորհ կա»: Նա նշեց, որ 1-2 տարի առաջ ընդունվել է «Դրոշմապիտակների մասին օրենքը». «Հենց այդ դրոշմապիտակները կիրառվեցին (առաջինը՝ հյութերի, գարեջրի հետ կապված, հետո ավելի ամբողջական պատկեր ունեցավ), մի օր արթնացանք, և պարզվեց, որ ձեռնարկությունների շրջանառությունները 2.5-3 անգամ աճել են: Ոչ ոք չզարմացավ»:

Պատճառաբանելով, թե ինչու է հրաժարվել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին անդամակցելուց, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ նախկինում նմանատիպ կառույցներում աշխատելիս տեսել են, որ որևէ լուրջ աշխատանք չի արվել, ունեին կասկածներ, որ նույն պատմությունը կրկնվելու է այս դեպքում. այդ իսկ պատճառով առաջարկել են լինել ոչ թե խորհրդում, մասնակցել են երկու նիստերի: Միքայել Մելքումյանն ասաց, որ, քանի որ ինքը քաղաքական ուժ է ներկայացնում, անդամության հարցը քննարկվել է նաև կուսակցությունում և որոշվել, որ ավելի լավ է մտնել խորհուրդ, տեսնել, թե ինչ է կատարվում, անել որոշակի առաջարկներ. եթե տեսնեն՝ ոչինչ տեղից չի շարժվում, իրենց ձեռքը ոչ ոք չի կապել, որ արագ դուրս գան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս