Վրաստանը կշռադատում է ղարաբաղյան գործոնը. Թբիլիսին դիտարկում է հակամարտող կողմերի միջև միջնորդի դերը ստանձնելու հավանականությունը

Ադրբեջանի զինված ուժերի եւ Հայաստանի կողմից աջակցվող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի միջեւ լարվածության կտրուկ աճն ու բռնությունների վերջին ալիքը լուրջ մտահոգությունների տեղիք են տվել հարեւան Վրաստանում:

Թբիլիսին քաղաքական եւ տնտեսական սերտ կապեր ունի թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ: Բացի այդ, երկրում էթնիկ ադրբեջանական եւ հայկական մեծաքանակ համայնքներ կան: Այս հանգամանքը Վրաստանին խիստ խոցելի է դարձնում վերջերս տեղի ունեցած բռնությունների նկատմամբ, որոնք ամենատարերայինն էին 1994թ. հաստատված զինադադարից ի վեր, որից հետո Ադրբեջանի կազմում գտնվող շուրջ 150 000 բնակչությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տեղական հայկական իշխանությունն այն անկախ պետություն հռչակեց:

Ռազմական գործողությունների վերջին, թերեւս ամենաաղետաբեր ալիքը հանդարտվեց ապրիլի հինգին կնքված փխրուն հրադադարով, որից հետո պարզվեց, որ երկու կողմում զոհերի թիվը հասել է 191-ի, իսկ վիրավորների թիվը՝ մի քանի տասնյակի:

Տեղի ունեցածը ստիպեց նաեւ քաղաքական օղակներին եւ վերլուծաբաններին հանգել այն եզրակացության, որ Վրաստանն այսուհետ պետք է ավելի պատրաստված լինի իրավիճակի հետագա սրացումներին եւ հնարավոր ներքին հետեւանքներին:

Վրաստանի զինված ուժերի ղեկավարի այն առաջարկը, թե Թբիլիսին կարող է հանդես գալ որպես միջնորդ՝ լարվածության հետագա աճից խուսափելու համար, համընդհանուր հավանության էր արժանացել:

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը եւ շատ սերտ կապեր ունենք մեր գործընկերների հետ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում», – հայտարարել էր Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:

«Հույս ունեմ՝ կողմերը կմոտենան հակամարտության խաղաղ լուծմանը: Մենք, հավանաբար, պետք է ստանձնենք միջնորդի դերը, քանի որ մենք այն երկրների թվում ենք, որոնք լավ հարաբերություններ ունեն երկու հարեւան երկրների հետ», – եզրակացրել էր Կապանաձեն:

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Դավիդ Բաքրաձեն կիսում է Կապանաձեի կարծիքը՝ հավելելով. «Վրաստանը յուրահատուկ դիրք ունի մեզ ամենամոտ գտնվող երկու պետությունների միջեւ լրացուցիչ միջնորդի դերը ստանձնելու տեսանկյունից»:

Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում տարիներ շարունակ միջնորդի դեր է կատարել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայաի ներկայացուցիչների գլխավորությամբ, սակայն տարիներ տեւած բանակցային գործընթացում նշանակալի առաջընթաց այդպես էլ չի գրանցվել:

Այնուամենայնիվ, փորձագետների մի մասը թերահավատորեն է մոտենում Վրաստանի՝ միջնորդի դերը ստանձնելու հավանականությանը, քանի որ վերջինս դեռեւս չլուծված տարածքային հակամարտություններ ունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Վրաստանն աներկբայորեն պաշտպանում է տարածքային ամբողջականության սկզբունքը, որը հակասում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դիրքորոշմանը: Հետեւաբար, Վրաստանի դիրքորոշումը չի կարող լիարժեք չեզոք կամ հավասարակշռված լինել:

«1990-ականներին Վրաստանը հաջող կերպով իրականացնում էր այսպես կոչված ակտիվ չեզոքության քաղաքականությունը, որը հարմար էր մեր երկու հարեւան երկրներին: Թբիլիսին հակամարտող կողմերի ներկայացուցիչների, տարբեր ոլորտների մասնագետների միջեւ հանդիպումներ է կազմակերպել», – ասում է Վրաստանի անկախ փորձագետների ակումբի նախագահ Սոսո Ցիսկարիշվիլին:

Այնուհետեւ՝ 2003 թվականի Վարդերի հեղափոխությունից հետո տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ֆոնին, այս խաղաղարար գործառույթը վերացավ:

Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխնախագահ Իրակլի Փորչխիձեի խոսքով՝ կարեւորը հետագա ցանկացած միջնորդության ձեւաչափն է:

«Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքը բանակցությունների եւ միջնորդության համար օգտագործելուն, ապա անհրաժեշտ է հստակ կերպով ճշգրտել ձեւաչափը: Քանի որ, եթե Ռուսաստանը գլխավորի միջնորդական նախաձեռնությունը, ապա դա կհակասի Վրաստանի շահերին, այն է՝ պահպանել հավասարակշռությունը երկու կողմերի միջեւ», – ասում է Փորչխիձեն:

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն այն զենք է վաճառում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, որպեսզի պահպանի տարածաշրջանում այն, ինչ Մոսկվան անվանում է հավասարակշռություն:

Ապրիլի 13-ին հարյուրավոր երեւանցիներ դուրս եկան փողոց՝ բողոքելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի դեմ, ինչը, ցուցարարների կարծիքով, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած վերջին լայնամասշտաբ ռազմական գործողություններում նույնպես իր դերն ուներ:

Փորչխիձեի կարծիքով՝ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններն անմիջական քաղաքական, տնտեսական եւ ռազմական ռիսկեր են պարունակում Վրաստանի համար:

«Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես Ռուսաստանն ու Հայաստանը, սերտ ռազմաքաղաքական համագործակցություն են իրականացնում, եւ այս իմաստով Վրաստանի օդային տարածքը կամ անգամ ցամաքային միջանցքն օգտագործելը կարող է խնդիր դառնալ: Այս դեպքում է, որ պետք է ի սկզբանե լինի հստակ դիրքորոշում, որը Վրաստանի կառավարությունը պետք է խստորեն պահպանի: Չգիտեմ, թե որքանով է Վրաստանի կառավարությունը պատրաստ դիմակայել այս մարտահրավերներին: Այս առումով, դեռ որոշ հարցեր կան», – ասում է նա:

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության այս կտրուկ աճը Վրաստանին դժվարին կացության մեջ է դրել: Թուրքիան, որը բացահայտ կերպով սատարում է Ադրբեջանին, Վրաստանի հիմնական առեւտրային գործընկերներից մեկն է: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, որը 2008-ի ռուս-վրացական պատերազմից ի վեր ռազմակայաններ է հիմնել Վրաստանից անջատված Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Եթե կողմերի միջեւ լարվածությունը շարունակվի, Վրաստանին դժվար կլինի պահպանել հավասարակշռությունը:

Ըստ պետական վիճակագրական վարչության՝ Ադրբեջանը խոշորագույն արտասահմանյան ներդրողն է եղել Վրաստանում 2015 թվականին: Բացի այդ, 2016թ. հունվար-փետրվար ամիսներին Վրաստան ներկրված ապրանքների ընդհանուր ծավալի 8% կազմել են ադրբեջանական ապրանքները:

Ադրբեջանի նավթի եւ գազի արտահանման հիմնական խողովակաշարերն անցնում են Վրաստանի տարածքով՝Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Սուփսա նավթամուղերով եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղերով: Կողմերը նաեւ համատեղ ծրագիր են իրականացնում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման ուղղությամբ, որը կմիացնի Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան:

Քանի որ Հայաստանի սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ են, երկիր մտնող տրանսպորտի զգալի մասն անցնում է Վրաստանի տարածքով: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստան ներմուծված ապրանքների 6%-ը եկել է Վրաստանից:

Փորչխիձեի կարծիքով՝ Վրաստանի կառավարության արձագանքը ղարաբաղյան վերջին իրադարձություններին խիստ «պասիվ» էր: Փորձագետը նշում է, որ անհրաժեշտ է գործողությունների ծրագիր մշակել իրադրության վատթարացման դեպքում՝ հավելելով, որ Թբիլիսին պետք է ակտիվ աշխատանք տանի իր երկրի ադրբեջանական եւ հայկական համայնքների հետ՝ ներքին լարվածությունը կանխելու համար:

ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Էթնիկ ադրբեջանցիներն ու հայերը Վրաստանում խոշորագույն ազգային փոքրամասնությունների թվին են պատկանում, իսկ 2002 թվականի մարդահամարի տվյալներով՝ նրանք կազմում են Վրաստանի ընդհանուր բնակչության 12 տոկոսը: 2014-ին անցկացված մարդահամարի վերջնական տվյալները դեռեւս չեն հրապարակվել:

Շուրջ 300.000 էթնիկ ադրբեջանցիների եւ 250.000 էթնիկ հայերի մեծ մասն բնակվում է փոքր քաղաքներում ու գյուղերում. նրանք հաճախ Թբիլիսիից մշակութային մեկուսացման մեջ են ապրում եւ վրացերենին վատ են տիրապետում:

Ադրբեջանցիները հիմնականում ապրում են Վրաստանի հարավային Քվեմո Քարթլի շրջանում՝ Ադրբեջանի հետ սահմանին: Հայերն էլ բնակվում են երկրի հարավ-արեւմուտքում՝ Սամցխե-Ջավախեթիի շրջանում, որը սահմանակցում է Հայաստանին:

Վրաստանի շրջանային հեռարձակողների միության գործադիր տնօրեն Նաթիա Կուպրաշվիլին նախազգուշացնում է Քվեմո Քարթլիում եւ Սամցխե-Ջավախեթիում հնարավոր խնդիրների մասին՝ հիմնվելով այդ տարածաշրջաններում հեռուստադիտողներից ստացված կարծիքների վրա:

«Իրավիճակը լարված է», – փոխանցել է նա IWPR-ին:

Կուպրաշվիլիի խոսքով՝ Վրաստանի հանրային հեռուստաընկերությունները պատշաճ կերպով չեն լուսաբանել հակամարտության վերջին զարգացումները՝ այդպիսով մեծացնելով պայթյունավտանգ իրավիճակի զարգացումը տեղական հայկական եւ ադրբեջանական համայնքներում:

«Վրաստանի խոշոր պետական հեռուստաընկերությունները… սեփական թղթակիցներն ունեն Եվրոպայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, բայց չունեն Հայաստանում ու Ադրբեջանում, որոնք ավտոմեքենայով մի քանի ժամվա հեռավորության վրա են», – ասում է Կուպրաշվիլին:

Սա հատկապես ակնհայտ էր լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում, երբ տեղական լրատվամիջոցները լուսաբանում էին իրադարձությունները՝ օտարերկյա աղբյուրներին մեջբերելով:

«Իրադարձությունների մասին հավասարակշռված տեղեկատվություն չստանալով՝ [էթնիկ հայերն ու ադրբեջանցիները] ստիպված էին հույսը դնել հայկական, ադրբեջանական եւ ռուսական ալիքների վրա», – հավելում է Կուպրաշվիլին:

Հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները կողմնակալ տեղեկատվություն էին տրամադրում եւ, ըստ Կուպրաշվիլիի, «այնպես էին լուսաբանում իրադարձությունները, որ հայ եւ ադրբեջանցի մեր քաղաքացիների միջեւ լարվածությունն աճում էր»:

Ցիսկարիշվիլին համակարծիք է նրան՝ հավելելով. «Կուզենայի լսել, որ մոտ օրերս Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը պատրաստվում է հանդիպել՝ այս հարցը քննարկելու համար»:

«Հարաբերությունները պահպանելու համար մենք պետք է քննարկենք առկա խնդիրները եւ իրադրությունը, ոչ թե դեղին մամուլի հրապարակումները, ինչպես այժմ», – ընդգծում է նա:

Փորչխիձեն նույնպես այն կարծիքին է, որ կառավարությունը պետք է ավելի մեծ ջանք գործադրի Վրաստանում հայկական եւ ադրբեջանական համայնքների հետ աշխատելու տեսանկյունից՝ երկրի ներսում հետագա լարվածությունը կանխելու համար:

«Կան ուժեր, իսկ եթե անկեղծ լինենք՝ դա Ռուսաստանն է, որոնք շահագրգրռված են Վրաստանի ներքին ապակայունացման եւ մասնատվածության պահպանման մեջ: Անհրաժեշտ է «ձեռքը զարկերակին պահել» այն վայրերում, որտեղ տեղական էթնիկ փոքրամասնություններ են ապրում, քանի որ վատ մտադրություններ ունեցողները, միանշանակ, կփորձեն շահարկել իրադրությունը ներքին ապակայունացման համար», -եզրակացնում է նա:

Գեորգի Կուպատաձեն IWPR-ի գրասենյակի խմբագիրն է Վրաստանում:

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» #811 պարբերականից (19-ը ապրիլի, 2016թ., Վրաստան): Նյութի անգլերեն տարբերակը՝ այստեղ:

 

Տեսանյութեր

Լրահոս