«Գող` սիրտը դող, դա ադրբեջանական հայտնի ոճ է». Էդվարդ Նալբանդյան
«Ինչպիսի՞ն են խաղաղության հեռանկարները»,- այս հարցադրումն այսօր ԱԺ նիստում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` նշելով, որ արցախյան ճակատում ստեղծված վիճակից և զարգացումներից ավելի կարևոր հարց այսօր չկա: Ս.Ֆարմանյանի խոսքով` հակառակորդը շարունակում է կրակել` ծանր զինտեխնիկայի կիրառմամբ: Նա հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք բանակցային գործընթացով այս օրերին որևէ հեռանկար, որը հակառակորդին կստիպի չկրակել:
«Բանակցային գործընթացի հեռանկարները կապված են նրա հետ, որ առաջին հերթին՝ վերացվեն այն հետևանքները, որ ստեղծվեցին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիվ լայնածավալ գործողությունների արդյունքում Արցախի դեմ, և հենց դրա մասին է հայտարարել Հայաստանի նախագահն իր վերջին հայտարարությունների և հարցազրույցների մեջ: Իհարկե, այսօր միջազգային հանրության, եռանախագահող երկրների և Հայաստանի ջանքերն ուղղված են, որ բացառեն հնարավորինս կրկնությունը նրա, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին»,- հայտարարեց Է.Նալբանդյանը:
Ըստ նրա` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելության ընթացքում երևաց, որ ասեկոսեներ էին, որ ինչ-որ փաթեթ է բերել, այս պայմաններում ինչ-որ բանակցություններ վարել անհնար է, եթե չեն ստեղծվել պայմաններ: Նա դրանք սին անվանեց և նշեց, որ Ադրբեջանի կողմից է տարածվել, որ ՀՀ-ն դուրս է գալիս բանակցային գործընթացից. «Դա սուտ է: Հայաստանը երբեք դուրս չի եկել բանակցային գործընթացից, Հայաստանը միշտ կողմ է եղել միայն բանակցությունների խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը, և Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից: Եթե ինչ-որ հանդիպումներ բարձր մակարդակով չեն կայացել, դա եղել է Ադրբեջանի պատճառով:
Վերջինը` Վաշինգտոնում Ադրբեջանը հրաժարվեց հանդիպել անգամ եռնախագահների հետ»: Նախարարը նշեց, որ Ադրբեջանը փորձեց նաև զինադադարի համաձայնագրից դուրս գալ, բայց ՄԽ համանախագահներն ասացին այն, ինչ ՀՀ-ն է ասում` 94թ. պայմանագիրն ուժի մեջ է, և անխտիր պետք է իրականացվեն դրա դրույթները: Ըստ նրա` Ադրբեջանը, փաստորեն, հակադրվում է միջազգային հանրության կարծիքին: «Գող` սիրտը դող, դա ադրբեջանական հայտնի ոճ է, երբ պատասխանելու բան չեն ունենում, ձևացնում են, թե տեղյակ չեն»,- ասաց Է.Նալբանդյանը:
Ս.Ֆարմանյանը նշեց, որ, խոշոր հաշվով, ստեղծված վիճակում Ադրբեջանը շարունակում է ապակառուցողական քայլերը: Ըստ նրա` միջազգային հանրությունից` ի դեմս ԵԱՀԿ նախագահող երկրների, կարելի է ակնկալել ավելի հասցեական և անվանական որակումներ և պիտակավորումներ, հակառակ դեպքում՝ Բաքվում ստեղծվում է տպավորություն, որ անհասցե կոչերը քարտ-բլանշ են՝ ապակայունացնելու տարածաշրջանը և խախտելու խաղաղ գործընթացը: Համաձայնելով պատգամավորի հետ` Է. Նալբանդյանը հայտարարեց. «Այդ անտեղյակների համար կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից»: Նախարարը նշեց, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը խելքի բերի Ադրբեջանին և վերադարձնի բանակցային դաշտ: