«Պետք է հայության ինտելեկտուալ և նյութական ռեսուրսն ուղղենք Արցախի և Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը». Մասիս Մայիլյան

168.am-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ԼՂՀ արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը

Պարոն Մայիլյան, կայացավ ՌԴ ԱԳ նախարարի բավականին ուշագրավ այցը Երևան: Ըստ Ձեզ` ի՞նչ արդյունքներով են ավարտվել Լավրովի հանդիպումները՝ հաշվի առնելով նրա ասուլիսում հնչած տեսակետներն ու Սերժ Սարգսյանի խոսքը նրա հետ հանդիպման ժամանակ:

– ՌԴ ԱԳ ղեկավարի Երևան կատարած այցի ընթացքում հրապարակված հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ ապրիլյան քառօրյա պատերազմը ստիպել է իրավիճակի գնահատման հարցում իրատեսական մոտեցում ցուցաբերել: Ռուսաստանցի նախարարն ասաց, որ այս փուլում 1994թ. Հրադադարի մասին պայմանագրի և 1995թ. Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին պայմանագրի ամբողջական և խիստ պահպանումն առաջնահերթություն է: Կա գիտակցում, որ այս փուլում կարևոր է ոչ թե ինքնին ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորումը համանախագահների անիրատեսական առաջարկների հիման վրա, այլ առաջին հերթին՝ հրադադարի ռեժիմի հուսալի ամրապնդումը, իսկ դրա համար, նախարար Լավրովի խոսքով, անհրաժեշտ է վստահության միջոցների կիրառում և անհապաղ կերպով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրում շփման գծում:

Ըստ Ձեզ` ինչո՞ւ Լավրովը շրջանառության մեջ դրեց 1994-1995թթ. պայմանագրերը, և սա որքանո՞վ է ձեռնտու հայկական կողմերին:

Կարդացեք նաև

– 1994թ. մայիսի 12-ին կնքված Կրակի դադարեցման եռակողմ պայմանագիրը հրադադարի իրավական հիմքն է: Այդ փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանը հակամարտության գոտում կայունություն պահպանելու միջազգային պարտավորություն է ստանձնել: Այդ պայմանագիրը կնքվել է՝ որպես անժամկետ: Բացի դրանից, 1994թ. հուլիսի 26-27-ը ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել էին փաստաթուղթ, համաձայն որի՝ նրանք հաստատել էին հրադադարի պահպանման հարցում իրենց պարտավորությունները, ընդհուպ՝ մինչև զինված հակամարտության ամբողջական դադարեցման շուրջ մեծ քաղաքական համաձայնության ստորագրումը։

Ապրիլյան իրադարձություններից հետո ադրբեջանական կողմը փորձեց, ըստ էության, չեղարկել Հրադադարի մասին պայմանագիրը` հրաժարվելով կատարել սեփական պարտավորությունները: Վլադիմիր Կազիմիրովի հրապարակումներից պարզ դարձավ, որ մոտավորապես երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը ԵԱՀԿ անդամներին համապատասխան նոտա էր ուղարկել:

Բոլորը հասկանում են, որ պաշտոնական Բաքվի դուրս գալը Հրադադարի ռեժիմից նշանակում է՝ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի ճանապարհին ևս մեկ խոչընդոտի չեզոքացում: Ուստի ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունն Ադրբեջանի կառավարությանը պատասխան նոտա ուղարկեց, որում արտահայտված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սկզբունքային դիրքորոշումն այն մասին, որ 1994թ. Հրադադարի մասին պայմանագիրը և այդ պայմանագրի զարգացման նպատակով կնքված Հրադադարի ռեժիմի ամրապնդման 1995թ. պայմանագիրն ունեն անժամկետ բնույթ և նախկինի նման հակամարտության գոտում հրադադարի հիմքն են կազմում: Ապրիլի 22-ին այս դիրքորոշումը հաստատեց նաև ՌԴ ԱԳ նախարարը Երևանում:

Այս երկու փաստաթղթերի առկայությունը (Բաքուն անտեսում է 1995թ. փետրվարի 4-ից պայմանագրի գոյությունը) ձեռնտու են բոլոր այն երկրներին, որոնք ձգտում են Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատմանը: Բացի դրանից, այս փաստաթղթերը կարևոր են հայկական կողմերի համար նաև նրանով, որ դրանց տակ դրված են հակամարտության բոլոր երեք կողմերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ստորագրությունները, այդ թվում՝ ԼՂՀ-ի:

Պարոն Մայիլյան, հիշատակվեց նաև Կազանի փաստաթուղթն այն դեպքում, երբ ՀՀ նախագահը Լավրովի հետ հանդիպմանը պնդեց, որ Ադրբեջանի գործողությունները բանակցային գործընթացը մղեցին բավականին հեռու մի կողմ: Ձեր կարծիքով` ինչո՞ւ հիշատակվեց Կազանի փաստաթուղթը:

– Կազանյան փաստաթուղթը չի քննարկվել, այլ հիշատակվել է ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների մամլո ասուլիսի ավարտին «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողի տված հարցում։ Սերգեյ Լավրովն ընդամենն ասաց, որ Հայաստանը չի մերժել այդ առաջարկները, իսկ նրա հայ գործընկերը մատնացույց արեց ադրբեջանական կողմի ապակառուցողականությունը: Իսկ ՀՀ նախագահի հետ ռուս նախարարի հանդիպումը կայացել էր արդեն մամլո ասուլիսից հետո:

Ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրեն հայկական կողմերը բանակցային գործընթացում՝ բացառելու համար պատերազմական գործողությունների հերթական բռնկումը:

– Փորձը ցույց է տալիս, որ հայկական կողմերի կառուցողական մոտեցումները և փոխադարձ զիջումների գնալու պատրաստակամությունը որևէ կերպ չեն ազդում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վրա: Այդ երկրի ղեկավարների հայտարարությունները ցույց են տալիս, որ ղարաբաղաադրբեջանական հակամարտության կարգավորում ասելով՝ նրանք հասկանում են հետևյալը` առաջին փուլում՝ սեփական անվտանգության ապահովման բոլոր հնարավորություններից և առավելություններից ԼՂՀ բնակիչներին զրկում, երկրորդ` ԼՂՀ-ում ադրբեջանական վերահսկողության ամբողջական հաստատում, որի հետևանքով ԼՂՀ-ում հայկական բնակչություն չի մնա:

Ինչպես նաև, չպետք է խաղաղությունը կտրուկ կերպով պայմանավորել բանակցային գործընթացով, քանի որ մենք գործ ունենք պայմանավորվելու ունակություն չունեցող երկրի հետ: Ուստի մենք պետք է հայության ինտելեկտուալ և նյութական ռեսուրսն ուղղենք Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը: Բացի դրանից, Արցախի ունեցած ռազմական զսպիչ մեխանիզմներին պետք է գումարվեն նաև ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման իրավաքաղաքական որոշումները, ինչպես նաև ԼՂՀ-ն պետք է ներգրավվի անվտանգության տարածաշրջանային համակարգին:

Արցախի ունեցած զսպման ռազմական մեխանիզմները պետք է համալրվեն քաղաքական-իրավական լուծումներով՝ ԼՂՀ սուբյեկտության միջազգային ճանաչմամբ և անվտանգության տարածաշրջանային համակարգում նրա ներգրավմամբ։

Պարոն Մայիլյան, ապրիլի 2-ին հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց Արցախի հետ Փոխօգնության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին: Կայացավ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցն Արցախ, այս մասին խոսակցություններ չդրվեցին շրջանառության մեջ: Այս հարցում հետևողականության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: Պե՞տք էարդյոք կնքվի նման պայմանագիր, և ե՞րբ:

– ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև Ռազմավարական գործընկերության և փոխադարձ անվտանգության պայմանագիր կնքելու անհրաժեշտություն կա արդեն վաղուց: Իհարկե, երկու հայկական հանրապետությունների միջև հարաբերությունները դե ֆակտո զարգանում են, բայց հարկ է դրան իրավական հիմք հաղորդել:

Կարծում եմ, որ նման պայմանագրի ստորագրումը ճանապարհ կբացի Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ի անհետաձգելի իրավական ճանաչման համար: Գոյություն ունեցող այն մտավախությունները, թե նման ճանաչումը կհանգեցնի պատերազմի կամ կտապալի բանակցային գործընթացը, անհիմն դուրս եկան: Ապրիլի 2-5-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմը կարող է սկսել լայնամասշտաբ պատերազմ և տապալել բանակցային գործընթացը, չնայած Արցախի ճանաչման հարցում պաշտոնական Երևանի զգուշությանը:

Տեսանյութեր

Լրահոս