Սկանդալը շարունակվում է. Թուրքիայում Նիդեռլանդների դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու Էրդողանի ծաղրանկարների առնչությամբ. ԶԼՄ-ներ
Նիդեռլանդների դեսպան Կոռնելիս վան-Ռիժը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ «անհանգստությունը հայտնելու» հոլանդական մամուլում հրապարակված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարների հրապարակման փաստի առնչությամբ, հայտնում է Hurriyet թերթը:
Վան Ռիժը, իր հերթին, խնդրել է թուրքական իշխանություններին բացատրել նամակի հետ կապված իրադրությունը, որը Ռոտերդամում Թուրքիայի դեսպանությունն ուղարկել էր Նիդեռլանդներում գործող թուրքական կազմակերպություններին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նամակում Անկարան կոչ է անում Թուրքիայի հյուպատոսությանը տեղեկացնել Թուրքիայի նախագահի հասցեին հնչող բոլոր քննադատական մեկնաբանությունների ու վիրավորանքների մասին:
«Մարդկանց համար, որոնք քննադատում են Թուրքիային, դա նշան է այն բանի, որ Էրդողանը, որին վաղուց մեղադրում են Թուրքիայում իր քաղաքականության հետ չհամաձայնող մարդկանց նկատմամբ խիստ միջոցառումներ ձեռնարկելու մեջ, ներկայում չարաշահում է եվրոպական հնացած օրենքները, որպեսզի ստիպի իր միջազգային քննադատներին լռել»,- գրել էր The Washington Post-ը:
Նամակի հետ կապված տհաճ դեպքին արձագանքել էր նաև Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն: Անգելա Մերկելի հետ հոլանդական Էյնդհովենում հանդիպման ժամանակ Ռյուտտեն հայտարարել էր, թե զարմացած է Անկարայի գործողություններից ու չի հասկանում, ինչի է վերջինս ձգտում հասնել:
Hurriyet-ը նշում է, որ թուրքական դիվանագիտական աղբյուրները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:
Ավելի վաղ Թուրքիայի իշխանություններին հաջողվել էր ազդել Գերմանիայի կառավարության վրա և ստանալ թույլտվություն՝ քրեական գործ հարուցել գերմանացի երգիծաբան Յան Բոհերմանի նկատմամբ, ով գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում վիրավորական բանաստեղծություն էր արտասանել Էրդողանի մասին:
Հիշեցնենք, որ երգիծաբանն իր երգիծական բանաստեղծության մեջ ակնարկում է այծերի հետ սեռական հարաբերությունների և փոքրամասնություններին ճնշելու մասին: Նա Էրդողանին անվանել է «սյան պես խուլ, վախկոտ, կատաղած» և «այլասերված, ոջլոտ…. մանկական պոռնոֆիլմեր դիտելիս՝ քրդերին քացով խփող և քրիստոնյաներին հարվածող»: