««Լսե՞լ եք, որ ինչ-որ մեկը վիրավորի Էրդողանին: Ասե՛ք մեզ դրա մասին». Նիդեռլանդներում մեծ սկանդալ է հասունանում». Washington Post
Մեծ սկանդալ է ծագել Նիդեռլանդներում: Տեղի թերթերը պարզել են, որ թուրքերը երկրի ողջ տարածքում դոսյեներ են հավաքում Թուրքիայի նախագահին քննադատողների մասին: Այդ նորությունը չափազանց վրդովվեցրել է դեմոկրատական ազատությունների ու իրավունքների կողմնակիցներին:
Փաստին անդրադարձել է նաև The Washington Post-ը, որի հոդվածը ներկայացնենք ամբողջությամբ:
«Ի՞նչ կանի ինչ-որ մեկը Նիդեռլանդներում, եթե ինչ-որ մեկը «ստորացուցիչ» կամ «զրպարտչական» բան ասի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հասցեին: Համաձայն Ռոտերդամում Անկարայի հյուպատոսության էլեկտրոնային նամակի, երկրում թուրքական կազմակերպությունները զեկույց կգրեն վիրավորանքի մասին:
Այս նամակը, որը գաղտնազերծել են հոլանդական լրատվական կազմակերպությունները նախօրեին, զայրույթի ալիք է բարձրացրել Նիդեռլանդներում, որտեղ Նիդելանդների վարչապետը բացատրություն էր պահանջում թուրքական իշխանություններից:
«Ես զարմացած եմ: Հոլանդիայի կառավարությանը հասկանալի չէ, «թե ինչի է դրանով ուզում հասնել Թուրքիայի ղեկավարությունը: Դրանք լավ գործողություններ չեն, ու մեր դեսպանը բացատրությունների նպատակով դիմել է թուրքական իշխանություններին»,- գրել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտտեն:
Թուրքիայի քննադատների նամակը, թվում է, թե ցույց է տալիս, որ Էրդողանը, ով երկար ժամանակ մեղադրվում էր քաղաքական անհամաձայնության նկատմամբ անօրեն ճնշումներ կատարելու մեջ, այժմ շահագործում է եվրոպական հին օրենքները՝ լռեցնելու միջազգային քննադատներին:
Էլեկտրոնային նամակի մասին նորություններն ի հայտ եկան այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ թույլ է տալիս գերմանացի կատակերգակ դերասան ու գրող Յան Բոհմերմանի նկատմամբ հետապնդում իրականացնել, քանի որ նա հեռուստատեսությամբ ծաղրել էր Էրդողանին:
Հիշեցնենք, որ երգիծաբանն իր երգիծական բանաստեղծության մեջ ակնարկում է այծերի հետ սեռական հարաբերությունների և փոքրամասնություններին ճնշելու մասին: Նա Էրդողանին անվանել է «սյան պես խուլ, վախկոտ, կատաղած» և «այլասերված, ոջլոտ…. մանկական պոռնոֆիլմեր դիտելիս՝ քրդերին քացով խփող և քրիստոնյաներին հարվածող»:
Թուրքիայի կառավարության հարցման համաձայն՝ Բոհմերմանը մեղադրվում է Գերմանիայի քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով, որը նախատեսում է 3 տարվա ազատազրկում կամ տուգանք:
Հոդվածում նշվում է, որ Մերկելը մինչ առաջարկել էր իր կառավարությանը, որ աշխատեր այդ հոդվածը չեղյալ հայտարարելու վրա, նա շարունակում է գործի դնել այն: Նիդեռլանդներում օտարերկրյա պետության ղեկավարին վիրավորելու համար նախատեսվում է առավելագույնը 5 տարվա ազատազրկում (lèse-majesté), թեև նիդեռլանդացի օրենսդիրները ներկայում աշխատում են այդ օրենքը չեղյալ հայտարարելու օգտին:
Մինչդեռ Թուրքիայում, երբ Էրդողանը դարձավ նախագահ, երկրի նախագահին վիրավորելու համար հարուցվել է մոտավորապես 2000 քրեական գործ:
Մինչ նման գործերը հարուցում են թեժ քննարկումներ, Թուրքիայում դրանք մեծ աջակցություն են ստանում: Մի թուրք մեղադրել էր իր հարսնացուին՝ հայտարարելով, թե նա վիրավորել է Էրդողանին:
Նիդեռլանդներում Թուրքիայի հյուպատոսությունը փորձում է հարթել էլփոստի ուղարկման հետ կապված աղմուկը՝ ասելով, որ այդ հաղորդագրությունը սխալ է հասկացվել, և իրենք միայն կազմակերպություններին առաջարկել են էլփոստով իրենց հայտնել ռասիզմի կամ ագրեսիվության դրսևորումների մասին: