«Արմատներ»
Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Վահե Յանի «Արմատներ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին:
Բոստոնաբնակ լրագրող, բլոգեր Արամը Ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին որոշում է գալ Հայաստան և իր բլոգում լուսաբանել կատարվելիք իրադարձությունները: Հայաստանում նա շատ պատահական հանդիպում է ֆրանսաբնակ Անետին, ով Արամի բլոգի մշտական ընթերցողներից է՝ Վանե մականունով: Ծնվում է սիրո պատմություն, որն ավելի է նրանց կապում հայրենի հողի հետ: Արամի և Անետի սերը դառնում է արյան կանչի խորհրդանիշ:
Նրանք Ցեղասպանությունից հետո ծնված չորրորդ սերունդն են, որ ապրելով Հայաստանի սահմաններից դուրս՝ չեն մոռացել իրենց անցյալի և արմատների մասին: Գեղեցիկ սիրո պատմությանը զուգահեռ՝ «Արմատներ» ֆիլմն անդրադառնում է 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումներին, որոնք իրենց շուրջ հավաքեցին աշխարհասփյուռ հայությանը: Ֆիլմը գտնվում է փաստավավերագրական և խաղարկային ժանրերի հատման կետում: Նկարահանվել է Scripted Reality ժանրում, այն իր ոճով և մտահղացմամբ նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ:
Ֆիլմի սցենարիստը Կարինե Խոդիկյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը, գլխավոր դերակատարներն են՝ Անդրանիկ Բաբայանն ու Մերի Մկրտչյանը:
Նախքան պրեմիերան մենք զրուցեցինք ֆիլմի բեմադրող ռեժիսոր Վահե Յանի հետ: «Ֆիլմն արմատների մասին է, ֆիլմը մեր արյան կանչի մասին է: Երբ այդ ֆիլմն անելու առաջարկը ստացա, միանգամից ձեռնամուխ եղա այդ գործին: Անցյալ տարի փետրվարից սկսեցինք ֆիլմի նախապատրաստական աշխատանքները և արդեն ապրիլի 21-ին, 22-ին, 23-ին մենք մեր դերասաններին նկարահանեցինք Ցեղասպանության նվիրված միջոցառումների, իրադարձությունների մեջ»,- նշում է Վահեն:
– Վահե, փաստորեն ֆիլմի գաղափարն առաջարկեց «Շարմ» ընկերությունը, և Դուք՝ որպես ռեժիսոր, իրականացրեցիք այն:
– Խնդիր կար նկարահանելու, ստեղծելու ֆիլմ այդ օրերի մասին: Ֆիլմ, որը չպետք է լիներ վավերագրական, այլ պետք է ունենար գեղարվեստական ձևաչափ: Այս ֆիլմում ես սինթեզեցի վավերագրական և գեղարվեստական ժանրերը և Scripted Reality-ի էլեմենտները: Բավականին հետաքրքիր ոճերի սինթեզ է ստացվել, սակայն այդ գնահատականն ավելի պարզ կլինի, երբ հասնենք հանդիսատեսի դատնին:
– Բոլոր ֆիլմերը, որտեղ արծարծվում է հայրենասիրության թեման, մեկ ընդհանուր «վտանգի» են ենթարկված, այն է՝ չանցնել պսևդոհայրենասիրության սահմանը: «Արմատներ» ֆիլմում կարողացե՞լ եք խուսափել այդ «վտանգից»:
– Եթե դուք մասնակցել եք անցյալ տարի կայացած այդ միջոցառումներին, այդ օրերին դուք ներկա եք եղել, ապա վստահ եմ՝ զգացած կլինեիք այն համատարած ոգևորությունը, որ ամեն հայի մեջ էր: Եթե այդ ոգևորությունը սառը և սթափ ուղեղով դատես՝ կասես, որ դա պսևդոհայրենասիրություն է: Շատ նուրբ է այդ սահմանը: Բայց իրականում այդ ընդհանուր համահայկական բերկրանքը, որ կար այդ օրերին, մեր ես-ի գիտակցումն էր:
– Իրականությունը վավերագրելը մեկ այլ խնդիր է, այդ ամենը գեղարվեստորեն մատուցելը՝ բոլորովին այլ: Որպես ռեժիսոր՝ ի՞նչ եք արել այդ նուրբ սահմանը չանցնելու համար:
– Ինքս վավերագրող եմ: Մինչ այս ֆիլմը նկարել եմ բազում վավերագրական ֆիլմեր և կարծում եմ, որ վավերագրողի մասնագիտությունն ինձ օգնել է որոշ առումով ռեալ մոտենալ այս խնդրին և հնարավորինս զերծ մնալ արհեստականությունից:
– Կարծում եք՝ այս ֆիլմը դիտող հանդիսատեսին, ով արդեն կապել է ճամպրուկներն ու պատրաստվում է մեկնել երկրից, կօգնի՞ ետ կանգնել իր որոշումից:
– Կարծում եմ՝ ֆիլմը կարող է լուրջ նպաստել ներգաղթին, որ այն դրական ազդեցություն կունենա: Պետք չէ ֆիլմի վրա շատ մեծ գերնպատակներ դնել: Եթե այս ֆիլմը դիտող գոնե մեկ մարդ միտք ունենա արտագաղթելու և ֆիլմը դիտելուց հետո փոխի իր որոշումը, ուրեմն՝ ֆիլմը հասել է իր նպատակին: Ֆիլմն առհասարակ քարոզչական բնույթ չի կրում:
Ֆիլմում կա շատ պարզ գաղափար, երբ հերոսը, ով ֆիլմի սկզբում իրեն սփյուռքահայ է համարում, գալիս է այն գիտակցման, որ ինքը սփյուռքահայ չէ, նա հայ է: Եվ, որ չկա սփյուռքահայ հասկացողություն, կա հայ, ով ճակատագրի բերումով՝ ուրիշ երկրում է ապրում:
– Դուք այստեղ եք ծնվել-մեծացել: Որքանո՞վ է Ձեր սուբյեկտիվ կարծիքը համապատասխանում արտերկրում ծնված և մեծացած հայի տեսանկյունի հետ:
– Կարծում եմ՝ նրանք այս ֆիլմը, ֆիլմում առկա իրականությունը շատ ավելի հուզական կընկալեն, քան ես ինքս: Ես վստահ եմ:
Մենք զրուցեցինք նաև «Արմատներ» ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանի հետ:
– Ֆիլմի հերոսները մասնակից են բոլոր այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել անցյալ տարի կայացած՝ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Այսպիսով՝ «Շարմ» ընկերությունն ասես որոշել էր հավաքագրել բոլոր իրադարձությունները մեկ ընդհանուր գեղարվեստական ֆիլմում: Այսպե՞ս է:
– Քանի որ մենք արդեն գիտեինք, թե ինչ մեծամասշտաբ իրադարձություններ են լինելու, որովհետև անմիջական մասնակից էինք այդ միջոցառումների կազմակերպման հարցում, ապա «Արմատներ» ֆիլմի սցենարը մտածվեց այնպես, որ մեր հերոսներն ինտեգրենք այդ իրադարձությունների մեջ: Գլխավորն այն էր, որ այդ ամենը չլիներ շինծու, և մեր հերոսները մաս կազմեին այդ ամենին:
– Ֆիլմում կա մի հատված, որտեղ հայր և որդի իրար հետ զրուցում են, որտեղ հայրը հարցնում է տղային՝ արդյոք նա մեղադրո՞ւմ է իրեն՝ Հայաստանից դուրս ապրելու համար: Ֆիլմն ընդհանուր առմամբ քարոզչական նման միտում ունի՞:
– Կարծում եմ՝ միմյանց ճիշտ ու սխալ քարոզելու կամ գնահատական տալու իրավունք չունենք: Ամեն մարդ իր կյանքն է ապրում:
– Ֆիլմը ցուցադրվելո՞ւ է արտերկրում: Եվ ո՞ր երկրների մասին է խոսքը:
– Անպայման ցուցադրվելու է: Միացյալ Նահանգներում և Ռուսաստանում 100 տոկոսով ցուցադրվելու է: Ռուսաստանում՝ մայիսին, ԱՄՆ-ում՝ արդեն ամռանը:
– Որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն:
– Քանի որ ֆիլմն ինքնին կոմերցիոն չէ, հովանավորներ չունի, և ֆիլմի գումարը հատկացրել է «Շարմ» ընկերությունը, և մի քիչ օգնել է «Կինոկենտրոնը», դրա համար չեմ ուզում խոսել բյուջեի մասին: Դա նույնն է, որ այսօր մարդիկ Ղարաբաղ գնալով՝ ինչ-որ օգնություն են տանում և պարտադիր բարձրաձայնում այդ մասին: Այս ֆիլմն այն գործն է, որ մենք արել ենք՝ որպես հայ: Ինչ էլ ծախսել ենք, մեր գումարն է, և այդ մասին բարձրաձայնելը ճիշտ չեմ համարում:
Մեզ հետ զրույցում ֆիլմի գլխավոր դերակատար Անդրանիկ Բաբայանը պատմեց, որ փոքր-ինչ բարդ էր լինել մասնագիտությամբ դոկումենտալ ֆիլմի ռեժիսոր և նկարահանվել նման ժանրում նկարահանված ֆիլմում՝ հատկապես լինելով «ոչ դերասան»:
Ի դեպ, պետք է նշել, որ գլխավոր դերակատարի «ոչ դերասան» լինելը ֆիլմում չի զգացվում: Ավելին՝ տպավորություն էր, թե հետևում եք իրական մարդկանց իրական սիրո պատմությանը: Նա իրոք չէր խաղում, այլ պարզապես կար՝ որպես կերպար, և դրանով իսկ ֆիլմն ավելի էր գերում: «Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչպիսին կլինի երկու դոկումենտալիստի համատեղ աշխատանքը, նկատի ունեմ ֆիլմի ռեժիսորին՝ Վահեին: Ֆիլմում մարմնավորած իմ հերոսի տեսակը հայ իրականության մեջ թրենդային պերսոնաժ է: Յուրաքանչյուրիս ընտանիքում կա մեկը, ով արտերկրում է ապրում և ունի նույն հոգեվիճակը, ինչ «Արմատներ» ֆիլմի հերոսը: Պետք չէ մեծ երևակայություն՝ այդպիսի հերոս կերտելու համար»,- նշում է Անդրանիկը: