Բաժիններ՝

«Մա՛մ, գնա եկեղեցի իմ և իմ տղերքի համար մոմ վառի, չմոռանաս, չուշացնես…». 23-ամյա հերոս Մերուժան Ստեփանյանի վերջին հորդորը. ԳԱԼԱ

ԳԱԼԱ. 23-ամյա հերոսի՝ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի երազանքների խրճիթն է՝ իր ձեռքով պատրաստված եւ իր կողմից անվանակոչված: Որտե՞ղ է գտնվում այդ խրճիթը՝ Հայաստանո՞ւմ, Արցախո՞ւմ…

Հավանաբար Արցախում, այնտեղ, որտեղ հանդիպեց իր սիրելիին, ում հետ պատրաստվում էր ամուսնանալ ամռանը: Պլանավորում էր հարսանիքն անցկացնել բնության գրկում, արձակուրդ էր վերադառնալու, որ զբաղվեր հարսանիքի նախապատրաստական աշխատանքներով:

«Տղայիս ճանապարհեցի մարտի 30-ին, ասեց՝ մա՛մ, 15 օրից ես հետ եմ գալու, արձակուրդ եմ: Բայց այդ 15 օրը շուտ տեւեց: Ամսի 4-ին բերեցին…»,- լացը կոկորդում սեղմած պատմում է հերոսի մայրը՝ Նունե Ստեփանյանը:

Sequence-02.Still005

Երազանքների խրճիթը հաստատ Թալիշում չէր լինելու, որտեղ անցել էր ծառայության: Պլանավորում էր Մատաղիս տեղափոխել ընտանիքի անդամներին:

«Հարսիս ասել էր՝ քեզ մամայենցս հետ Մատաղիսում տուն կվերցնեմ, բայց ես կմնամ Թալիշ: Այնտեղ վտանգավոր է: Ես այնտեղ եմ մեռնելու, բայց դուք կփրկվեք»:

Մերուժանի հայրը եւս զինվորական է: Մանկուց սիրել է զինվորական համազգեստ, հոր հետ միասին հաճախ այցելել զորամաս: Զինվորական դառնալու որոշումը պատահական չէր:

«Ասում էր՝ ես տանկիստ եմ դառնալու, բայց դարձավ մոտոհրաձիգ: Ավարտեց Վ. Սարգսյանի ինստիտուտը եւ աշխատանքի անցավ Մատաղիսի Թալիշ գյուղում՝ որպես մոտոհրաձգային վաշտի դասակի հրամանատար: Երկու տարի աշխատելուց հետո առանց մեզ հարցնելու փոխեց մասնագիտությունը: Դարձավ հետախուզության վաշտի հրամանատար, հետախուզության պետ»:

Sequence-01.Still003-320x246

Մերուժանի ընտանիքում հարգանքով վերաբերվեցին նրա՝ մասնագիտությունը փոխելու որոշմանը, թեեւ հայրը զգուշացնում էր՝ ավելի վտանգավոր աշխատանքի է անցել: Սակայն Մերուժանի համար ամեն բան հաղթահարելի էր: Իսկ նպատակը մեկն էր՝ դառնալ լավ մարդ, հասնել բարձունքների:

Խիզախ զինվորականը շատ անգամներ է հաջողությամբ դիվերսիաներ հետ մղել: Հետո նեղսրտել, որ մեդալների չի արժանանում:

«Հայրիկի հետ էր խոսում, ասեց՝ այնքան բան եմ արել, բայց մի հատ մեդալ չտվեցին: Ասի՝ բալա, քեզ մեդալ պետք չէ, դու ապահով եւ անփորձանք եղիր, իմ մեդալը դու ես»:

Ապրիլի 2-ին է վերջին անգամ մոր հետ զրուցել, հանգստացրել իր սիրելի Նունե մայրիկին, ում համար բազում բանաստեղծություններ է գրել, որոնք հիմա արդեն մոր համար անգին գոհարներ են դարձել:

Ասել է, որ պետք չէ անհանգստանալ եւ հավատալ պատերազմ գուժող լրատվականների հրապարակումներին: Թեեւ հորդորել է կարդալ բարձրաձայն:

«Կարդացի, ասեց՝ մի հավատա, ինչ ասես գրում են: Ասի՝ բայց դու ոնց ես: Պատասխանեց, որ շատ լավ է, փառք Աստծո: Մա՛մ, գնա եկեղեցի իմ եւ իմ տղերքի համար մոմ վառի: Ասի՝ անպայման կգնամ: Ասեց՝ մամ, չմոռանաս, չուշացնես… ու ես անմիջապես գնացի եկեղեցի»,- պատմում էր մայրը:

Վերջին զրույցը ապրիլի 2-ի երեկոյան էր: Մերուժանը հորդորել է մորը իրեն լավ նայել եւ էլ չզանգել:

Sequence-01.Still001-320x246

Կարոտը կեղեքում է կնոջը, ով որդու եւ ապագա հարսնացուի երջանկությամբ երջանկացած այլեւս ոչինչ չէր ուզում: Անգամ անընդհատ շտապող որդուն, ով երազում էր երկու երեխա ունենալ՝ փոքրիկ Նունեին եւ Արթուրիկին, մայրը հորդորում էր՝ շտապել պետք չէ, ամեն ինչ ժամանակին: Իսկ Մերուժանն այնքան էր շտապում, ուզում ամեն ինչ հասցնել:

Հերոսի մայրը պատմում է՝ այդ օրն իր զինվորներին նահանջի հրաման է տվել, իսկ ինքը կանգնել: Երկուսը չեն հեռացել հրամանատարի կողքից, կռվել նրա հետ միասին եւ երեքով նահատակվել:

Մեդալի մասին երազող Մերուժանը մեդալ ստացավ հետմահու:

Sequence 01.Still003Թղթերը, որդու նկարները թերթող մայրը շատ պատահական հանդիպել է այս բանաստեղծությանը: Հայտնի չէ՝ երբ է այն Մերուժանը հանձնել թղթին, Աստծուն խնդրել է պահպանել հորն ու մորը, Աստծուն, ով բաժանեց իրեն հորից ու մորից:

Բացի նկարելուց Մերուժանը սիրում էր երգել: «Կյանքս կտամ հայրենիքիս…»,- հաճախ էր մրմնջում հերոս զինվորականը, ով 23 տարեկանում արդեն լուրջ հաջողությունների էր հասել:

Որդուն, ամենաթանկին կորցրած մոր հորդորը մեկն է՝ դասեր քաղել կատարվածից, զինել բանակը, հզորացնել, որ չլինեն այլեւս որդիներին կորցրած մայրեր, սիրելիներին կորցրած հարսնացուներ ու կանայք, հայրերին կորցրած զավակներ:

Sequence-02.Still001

Երազում տեսել է որդուն, ով վերադառնալու խոստում է տվել մորը: Հետո ստացել է Մերուժանի քրոջ զանգը, ով շուտով որդի է ունենալու: «Մա՛մ, Մերուժանն է ծնվելու… շատ շուտով»,- հնչել է ավետիսը:

Իսկ Մերուժանին տիկին Նունեն արդեն շատ է կարոտել…

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս