Բաժիններ՝

«Լսել եմ, որ ադրբեջանցիներն ուղղաթիռ են խփել, նրանց պետք է ոչնչացնել: Դա է իմ դիրքորոշումը». Վալերի Պերմյակով

Ռուսական 102-րդ ռազմական բազայում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործի քննությունը: Դատարանում հրապարակվում են սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ցուցմունքները, որոնք նա տվել է նախաքննության ընթացքում: Հարցաքննություններից մեկի ընթացքում քննիչի հարցին, թե ինչու սպանությունից հետո մեղայականով չի ներկայացել Ոստիկանություն, Վալերի Պերմյակովը պատասխանել էր. «Ես վախենում էի իմ կողմից կատարված հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից»:

Ըստ հարցաքննության արձանագրության՝ Վալերի Պերմյակովն ասել էր, որ Հայաստանում ծառայությունն անցնելու ցանկություն ունեցել է, սակայն 8 ամիս ծառայելով՝ որոշել է մնացած 4 ամիսը չծառայել, քանի որ համոզված է եղել, որ ինքնակամ թողնելով զորամասը և վերադառնալով տուն՝ կարող է ՌԴ երկրամասի տարածքում թաքնվել իրավապահ մարմիններից և խուսափել քրեական պատասխանատվությունից, քանի որ ամբողջ կյանքն ապրել է այդ տեղամասում, որտեղ հեշտությամբ կողմնորոշվում է: Նա նշել էր, որ կամավոր է ցանկացել ՀՀ-ում ծառայել, քանի որ եղանակն այստեղ ավելի տաք է, բարենպաստ է, իսկ Չիտայում մինուս 45 աստիճան է, եղել են նաև այլ տարբերակներ, սակայն ինքը ցանկացել է ՀՀ-ում ծառայել: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ընտրել Հայաստանի Հանրապետությունը, նա պատասխանել էր. «Ուղղակի սիրտս այդպես է ուզեցել»:

Վկայակոչելով վկաներից մեկի ցուցմունքն այն մասին, որ Վալերի Պերմյակովը հայտնել է, թե մայրը մահացել է, ինչը չի համապատասխանում իրականությանը, եղել է տխուր, ընկճված, լացել է, քննիչը հարցրել էր, թե ինչպե՞ս կբացատրի այդ հայտարարությունը: Պերմյակովն ասել էր, որ նման բան չի ասել, իսկ երեխա ունենալու իր հայտարարության մասին ասել էր, որ երեխա չունի:

Հունվարին հայկական կողմին տված ցուցմունքում Վալերի Պերմյակովը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակով է սպանել ընտանիքի անդամներին, ասել էր. «Չգիտեմ, պարզապես այդպես ստացվեց»: Քննիչի հարցին, թե ե՞րբ է ծագել զորամասն ինքնակամ թողնելու մտադրությունը, Վալերի Պերմյակովը պատասխանել էր, որ այդ մտադրությունն առաջացել է հունվարի 11-ին՝ վերակարգի ծառայության ընթացքում. «Մտածում էի, տխրել էի, թախծով էի լցվել, ու որոշեցի և հավաքվելով՝ գնացի»: Ի պատասխան քննիչի հարցի՝ Վալերի Պերմյակովն ասել էր, որ ադրբեջանցի ընկերներ չունի, ադրբեջանցիներին վատ է վերաբերվում, քանի որ նրանք Չիտայում սպանել են իր ընկերոջը: Քննիչը հարցրել էր՝ արդյոք Վալերի Պերմյակովը տեղյա՞կ է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ի՞նչ դիրքորոշում ունի այդ հարցում: «Լսել եմ հակամարտության մասին, լսել եմ, որ ադրբեջանցիներն ուղղաթիռ են խփել, նրանց պետք է ոչնչացնել: Դա է իմ դիրքորոշումը»,- ասել էր Պերմյակովը՝ նշելով, որ Չիտայում նրանց հաճախ էին ծեծում, «քանի որ եկել էին մեր երկիր ու իրենց գործունյայի տեղ էին դնում»: Հայերի մասին նման կարծիք չունի, նրանք իրենց մոտ իրենց այդպես չեն պահում. «Հենց ազերի էինք տեսնում, մտցնում էինք մեքենան, ինքնաձիգը դեմ էինք տալիս մռութին, հարվածում էինք, քանի որ իրենք իրենց վարքով էին այդ ամենը սադրում»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս