Իսպանացի նախարարը հրաժարական է ներկայացրել օֆշորային սկանդալի պատճառով
Իսպանիայի արդյունաբերության նախարար Խոսե Մանուել Սորիան հրաժարական է տվել օֆշորային սկանդալի պատճառով՝ կապված «պանամական թղթապանակի» հետ:
Նա ապրիլի 15-ին հրաժարվել է նաև երկրի խորհրդարանում իր տեղից ու հրաժարական է ներկայացրել իր շրջանում Ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնից, հայտնում է իսպանական El Pais պարբերականը:
«Պանամական փաստաթղթերում» նշվում է, որ Իսպանիայի արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության նախարարը մի քանի ամիս ղեկավարել է UK Limited Lines ընկերությունը, որը Պանամայի Mossack Fonseca ընկերությունը գրանցել էր Բահամյան կղզիներում 1993թ. սեպտեմբերի 23-ին:
Սորիան հայտարարել է, որ հրաժարական է ներկայացնում «ավելի քան 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով» և «հաշվի առնելով այն վնասը, որը այդ իրավիճակը հասցրել է Ժողովրդական կուսակցությանը»:
Ավելի վաղ «պանամական փաստաթղթերի» պատճառով Իսլանդիայի վարչապետ Սիգմունդուր Դավիդ Գուննլեյգսոնը ստիպված էր եղել անորոշ ժամանակով լքել իր պաշտոնը:
Հիշեցնենք, որ Լոնդոնում ապրիլի 9-ին բողոքի ակցիա էր անցկացվել, որի մասնակիցները պահանջել էին երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի հրաժարականը, քանի որ վերջինիս հոր անունը նույնպես հիշատակվել էր «պանամական փաստաթղթերում»: