«Զինվոր ունենք, որ առաջին անգամ էր մարտական արկով կրակում, բայց 5 տանկ է խոցել»
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակը, օգտագործելով օդուժ, ռեակտիվ հրետանի եւ ծանր զրահատեխնիկա, դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների ԼՂՀ հարավային ուղղությամբ: Տասնյակ անգամ գերազանցող հետեւակի ուժերով նա գրոհել է հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված պաշտպանական շրջանի մարտական դիրքերը: Միավորման բարձրաստիճան սպաները, որ քառօրյա պատերազմի ժամանակ ամենաթեժ կետերում էին, պատմում են, թե ինչպես են գործել մեր ստորաբաժանումները:
Միավորման շտաբի պետ, գնդապետ Ժ. Պողոսյանը «Հայ զինվորի» հետ զրույցում պատմել է. «Հարավարեւելյան ուղղությամբ հակառակորդը ունի բազում խոցված տանկեր: Այո՛, մենք համոզվեցինք, որ հակառակորդը ունի մեծ թվով ժամանակակից Տ-90-ներ, բայց, այնուամենայնիվ, ինչքան էլ տեխնիկան ու սպառազինությունը արդիական լինեն, որոշիչը միշտ էլ մարդկային գործոնն է: Թշնամին ցույց տվեց, որ իր տանկային անձնակազմերը գործուն չեն: Ունենալ նմանատիպ տանկեր եւ կատարել այդչափ խախտումներ, տեխնիկայի այդքան կորուստներ տալ, անհավանական է: Հակառակորդի զինանոցում առկա արդիականացված Տ-90 տանկերի մարտավարատեխնիկական բնութագրերը գերազանցում են մեր ունեցած Տ-72-ին: Զրահը, կառավարման համակարգը հնարավորություն են տալիս կասեցնելու հակատանկային միջոցները, բայց թշնամին չկարողացավ ճիշտ օգտագործել իր գերազանց հնարավորությունները: Նշեմ, որ տանկերի գերակշիռ մասը խոցել են հակատանկային ստորաբաժանումների շարքային զինվորները: Զինվոր ունենք, որ առաջին անգամ էր մարտական արկով կրակում, բայց 5 տանկ է խոցել:
Ինչ վերաբերում է մեր տանկիստներին, ապա նրանք իրենց փայլուն դրսեւորեցին: Այո՛, ունենք ցավալի կորուստներ, սակայն այդ կորուստները ոչ թե մեր անձնակազմերի թերությունների հետեւանք են, այլ հակառակորդի ժամանակակից հեռահար ղեկավարվող ջերմային զենքերի: Իմանալով, որ հակառակորդը նաեւ նման միջոցներ ունի իր զինանոցում, կարողացանք քողարկում իրականացնել եւ պաշտպանվել:
Քառօրյա պատերազմի տանկային մարտերում հակառակորդը պարտվեց»: