«Պետք է ուղղենք 1994 թվականին մեր կատարած գլխավոր սխալը. զինադադարը չպետք է կնքեինք, մենք դրա պտուղներն ենք քաղում այսօր». Ժիրայր Սէֆիլյան
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով քառօրյա պատերազմին, ասաց, որ որպես Արցախյան ազատամարտի ներկայացուցիչ՝ միշտ այն կարծիքին է եղել, որ իրենց հաջորդող սերունդը պիտի գերազանցի իրենց, և նրա խոսքով՝ դրանում չի սխալվել.
«Կատարվածը, իրոք, շատ մեծ հերոսություն էր։ Երիտասարդները, գտնվելով դիրքերում, հակառակորդն իրենցից տասն անգամ ավելի շատ լինելով հանդերձ, իրենց դիրքերը չեն լքում, փամփուշտները սպառվում են, բայց իրենց դիրքերը չեն լքում: Այսպիսի երևույթներ միշտ չէ, որ պատահում են։ Մեր ամբողջ հասարակական-քաղաքական գործունեությունը միտված պետք է լինի, որ այդ զոհողությունն իմաստավորվի»:
Նրա գնահատմամբ՝ ապրիլի սկզբին տեղի ունեցածը շարունակությունն էր նախորդ մեկուկես տարվա սկսված գործընթացի.
«Մենք հասել ենք որակական այնպիսի մակարդակի, որ հակառակորդը զինանոցում ինչ զենք ունի՝ կիրառել է, մենացել է՝ իր օդուժն էլ կիրառի, և վերջ։ Նաև գործողության բնույթն է փոխվել: Սրանից հետո զինադադարի խախտումները լինելու են այս մասշտաբի։ Այսինքն՝ նրանք մտնելու են մեր տարածք, տրորելու են մի քանի գյուղ ու դուրս են գալու, նույնը մենք ենք անելու, և այս ամբողջ նախաձեռնությունը, որ հակառակորդի կողմից է գալիս, հեռանկարային իմաստով՝ միայն ի վնաս մեզ է»:
Ըստ նրա՝ հակառակորդի այս ամբողջ համարձակությունն ունի մեկ պատճառ.
«Նրանք շատ լավ գիտեն, որ այսօր Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորությունը՝ Սերժ Սարգսյանը, ամեն ինչ անելու է, որ լայնածավալ պատերազմ չլինի։ Հակառակորդն օգտագործում է դա, և, ահավասիկ, մենք ստացանք վերջին հարվածը: Եթե մեր բանակի մարտունակությունը չլիներ, մեր սպաների ու զինվորների նվիրվածությունը և անձնազոհությունը չլիներ, այս գործողությունով՝ բացի նրանից, որ հարավային հատվածում ունենք ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերի կորուստ, հյուսիսային հատվածում կունենայինք առնվազն 2 բնակավայրի կորուստ՝ Թալիշն ու Մատաղիսը»:
Նա ընդգծեց՝ նույնիսկ Արցախյան պատերազմի ամենաթեժ մարտերում, չի հիշում, որ մի կամ երկու օրվա մեջ այդքան զոհ տված լինեինք. «Հակառակորդը հոգեբանորեն մեծ հարված է հասցրել մեզ։ Նրան հաջողվեց նաև խաղաղ բնակչությանը պարտադրել՝ հեռանալ իր բնակավայրերից։ Կատարվածից հետո դժվար է լինելու, որ այդ բնակիչները, նախկին հանգստությամբ, կարողանան վերադառնալ նույն բնակավայրեր»:
Խոսելով այն մասին, թե այս օրերին ինչ պետք է արվեր, նա ասաց, որ թեև կամավորները շատ էին, բայց մոբիլիզացիա պետք է լիներ, սակայն, ըստ նրա՝ գերագույն գլխավոր հրամանատարը վախենում է մոբիլիզացիա հայտարարելուց.
«Հայությունն այսօր խնդիր ունի զոհերի կատարածն իմաստավորելու` կատարելով մի քայլ, որի պատճառով հակառակորդը պետք է ծունկի գա, ու դրա միջոցով հաստատվի լիարժեք խաղաղություն և զինադադար։ Այսպիսի կարծիք ես լսում եմ նաև մեր հայ մայրերի կողմից։ Ժամանակը եկել է մեկընդմիշտ այս խնդիրը լուծելու, վերջ պետք է դրվի այս իրավիճակին։ Այս դեպքերը մեզ հուշում են, որ պետք է ուղղենք 1994 թվի մեր կատարած գլխավոր սխալը. զինադադարը չպետք է կնքեինք, մենք դրա պտուղներն ենք քաղում այսօր։ Ամեն օր, որ մենք ուշացնում ենք հակառակորդին ծունկի բերելու համարժեք քայլն իրականացնելուց, հաջորդ օրը մեզ համար ավելի դժվար է լինելու»: