«ԱՄՆ-ի լռությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով՝ Ռուսաստանին շանս է տալիս ամրապնդել ազդեցությունը տարածաշրջանում». Washington Post
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չափազանց վտանգավոր է, որպեսզի ԱՄՆ-ը թույլ տա իրեն այն անտեսել, The Washington Post-ում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Ինչպես գրում է հոդվածագիրը, Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին ծայր առած հակամարտությունը քիչ էր մնում պատերազմի վերածվեր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Սակայն ԱՄՆ իշխանությունները բավարարվեցին միայն արյունահեղությանը վերջ տալու կոչեր անելով՝ այն դեպքում, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վճռական քայլեր արեց՝ ամրապնդելու Ռուսաստանի միջազգային հեղինակությունը, Հայաստանին և Ադրբեջանին իր կողմը քաշելու ու հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:
Բրայզան այնուհետ նկարագրում է հակամարտության առաջացման պատմությունը: Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994թ. կնքված զինադադարից հետո ղարաբաղյան հակամարտության բանակցությունների համար ստեղծվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահությամբ:
Հոդվածագրին զարմացնում է ներկայում Լեռնային Ղարաբաղի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկկողմ ակտիվ համագործակցության բացակայությունը, քանի որ Մինսկի խմբի շրջանակում երկու պետությունները շարունակում էին շփումը:
Ներկայում եկել է ժամանակը՝ կոնսոլիդացնելու գործողությունները, սակայն Օբաման ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում խնդրի նկատմամբ՝ ամերիկյան կողմը՝ Սպիտակ տունը և Պետդեպը, բավարարվում են միայն պաշտոնական հայտարարություններով:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց է անցկացնում ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ, մինչև Ռուսաստանի արտաքին ու պաշտպանության նախարարներն ակտիվորեն համագործակցում էին Երևանի և Բաքվի իրենց գործընկերների հետ: Որպես արդյունք՝ ապրիլի 5-ին կրակի դադարեցման մասին որոշումը ձեռք է բերվում Ռուսաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Բաքվի իրենց գործընկերների օգնությամբ, սակայն՝ առանց
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղղակի մասնակցության:
Այդկերպ Ռուսաստանն իրեն ցուցադրել է հակամարտության կարգավորման շահող կողմ ու ամրապնդել է իր ազդեցությունը տարածաշրջանում, եզրակացնում է Բրայզան: