«Եթե դիտարկելու լինենք հայ-ռուսական ռազմավարական «ամուսնությունը», այստեղ «ընտանեկան բռնության» շատ հստակ դեպք ենք նկատում»

Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմից հետո պետք է քաղել հինգ դաս և ձեռնարկել հինգ քայլ: Այսօր այս մասին «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ժամանակ մանրամասնորեն խոսեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով՝ տեղի ունեցածի վերաբերյալ պետք է փորձել մի քանի դիտարկումներ անել:

Ըստ նրա` քառօրյա պատերազմից, առաջին հերթին, տուժեց 1994թ. հրադադարի ռեժիմն ու բանակցային գործընթացը:

Կիրակոսյանի համոզմամբ՝ նույնիսկ ներկայումս ձեռք բերված հրադադարը չի նշանակում վերադարձ հրադադարի ռեժիմին: «Այդուհանդերձ, կան որոշակի դասեր, որոնք քաղվել են: Առաջին դասն այն է, որ բավական քիչ լծակներ գոյություն ունեն՝ թույլ չտալու համար Ադրբեջանին վերսկսել ռազմական գործողությունները: Երկրորդ դասը` Ադրբեջանի նոր ռազմավարությունն է, որի էությունն այն է, որ պետք է գրավել ու պահել նոր տարածքներ: Երրորդ` առաջացել է նոր համատեքստ՝ այս ամբողջ իրավիճակի հետ կապված: Չորրորդ` ներքին իրավիճակին առնչվող դաս ևս կա: Հաշվի առնելով այն վտանգը, որի առջև կանգնած ենք, կոռումպացվածությունը և թափանցիկության բացակայությունն ավելի շատ են վտանգում հասարակությանը: Հինգերորդ դասն առնչվում է արտաքին գործոններին, մասնավորապես՝ ՌԴ-ի կողմից դավաճանությանը, քանի որ ՌԴ-ն Հայաստանում դիտարկվում էր՝ որպես ՀՀ ռազմավարական գործընկեր»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար մոնիտորինգային առաքելությունը ԼՂ հակամարտության գոտում՝ պարզելու համար, թե որ կողմն է նախահարձակ եղել, նա պատասխանեց, թե գտնում է, որ ՀՀ իշխանությունները հինգ քայլ պետք է ձեռնարկեն իրավիճակը փոքր-ինչ մեղմելու ուղղությամբ:

Կարդացեք նաև

Առաջին քայլը, ըստ Կիրակոսյանի՝ Հայաստանի պաշտպանական բարեփոխումների խորացումն է, և խոսքը թե՛ որակի, թե՛ քանակի, թե՛ ընդհանրապես մեր պաշտպանական դիրքի մասին է:

«Բացի այս հիմնական քայլից, առկա են բազմաթիվ այլ քայլեր, որոնք պետք է ձեռնարկել, և շաբաթ օրը ԵԱՀԿ ՄԽ-ի հետ իմ հանդիպման ժամանակ ասել եմ: Երբ հանդիպեցի ՄԽ ներկայացուցիչներին, առաջարկեցի, որ ԼՂ-ն պետք է հանդես գա՝ որպես խաղաղ գործընթացի կողմ, որպեսզի ավելի խորը դիվանագիտական գործընթացներ տեղի ունենան: Երրորդ` ԵԱՀԿ-ն պետք է մշտական մոնիտորներ տեղակայի այդ տարածքում, ինչը նման կլինի ԵՄ-ի կողմից իրականացվող նման մոնիտորինգին Վրաստանում: Չորրորդ քայլն ավելի պակաս հանդուրժողական լինելն է:

Այստեղ խոսքը գնում է, որ չպետք է հանդուրժենք հրադադարի ահագնացող խախտումները, այլևս հանդուրժելի չէ այն հանգամանքը, որ մեղադրվում է հակամարտության այս կամ այն կողմը՝ լինի դա հարձակվո՞ղ, թե՞ պաշտպանվող կողմը. նման խախտումների համար պետք է գին վճարեն նախաձեռնողները: Հինգերորդ քայլը` պետք է ձեռնարկվի ՀՀ կառավարության կողմից հայ-ռուսական հարաբերությունների վերանայում, Երևանի և Մոսկվայի   հարաբերություններում կա ճգնաժամ, որը պետք է գնահատվի և հաղթահարվի: Այստեղ խոսքն արևմտամետ կամ ռուսամետ լինելու մասին չէ, այլ՝ հայամետ դիրքորոշման: Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը չպետք է ենթարկվի մեկ այլ արտաքին ուժի շահերին»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, եթե դիտարկելու լինենք հայ-ռուսական ռազմավարական «ամուսնությունը», այստեղ «ընտանեկան բռնության» շատ հստակ դեպք ենք նկատում:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենն ասաց, որ երկու հիմնական հակասություն կարելի է նկատել: Նրա դիտարկումների համաձայն՝ Հայաստանն ու միա՛յն Հայաստանն է, որ Հարավային Կովկասում հանդիսանում է ՀԱՊԿ անդամ և «հյուրընկալում» է ռուսական ռազմական բազա: Միևնույն ժամանակ, ըստ Կիրակոսյանի. Ադրբեջանը ՌԴ-ից է ձեռք բերում բարձրակարգ հարձակողական զենքեր, որոնք օգտագործում է հայաստանցիներին սպանելու համար: «Ինչպես նշեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն օրերս, այստեղ խոսքը Ռուսաստան-Ադրբեջան բիզնեսի մասին չէ, այլ ռուսական համապատասխան քաղաքականության` զինելու Ադրբեջանին: Ի վերջո, Հայաստանի արժեքը ՌԴ-ի համար շատ ավելին է, քան ՀՀ կառավարությունը կարծում է, և ՌԴ-ի արժեքը ՀՀ-ի համար շատ ավելի քիչ է, քան իշխանությունը կարծում է»,- այսպես ամփոփեց իր խոսքը Ռիչարդ Կիրակոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս