«Ոչ ոք չդիմեց ՏՏ ոլորտի մասնագետներին` քննարկելու, վերլուծելու, թե հակառակորդն ինչ բարձր տեխնոլոգիական գործիքներ է կիրառում, ինչ անել»
Շփման գծում վերջին օրերին իրավիճակը պատերազմական է: 4-օրյա պատերազմի ընթացքում ևս մեկ անգամ անհրաժեշտություն եղավ խոսելու ՏՀՏ ոլորտի ու պատերազմի անմիջական կապի մասին:
ՏՀՏ ոլորտն ամեն կերպ աջակցում է բանակին պատերազմական իրավիճակներում, չնայած այս ոլորտում դեռ առկա են շատ խնդիրներ: Վերջին օրերի ռազմական գործողությունները կարևոր դաս է` ՏՀՏ ոլորտում ինքնակազմակերպման, և դրանով` առկա ներուժն արդյունավետ օգտագործելու համար: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց, որ հիմա պատերազմն անցել է տեխնոլոգիական դարաշրջան:
«Ինչպես բոլոր դարաշրջաններում, այնպես էլ հիմա, հաղթում է տեխնոլոգիապես ավելի ուժեղը: Եթե մենք պատրաստ չենք լինում դրան, ապա դրա գինը պետք է վճարել, և այդ գինը մարդկային կյանքն է»:
Ըստ պարոն Վարդանյանի՝ մենք հիմա կռվում ենք երկաթի կտորների հետ: Ադրբեջանը զենքերի հարթակում ունի հսկայական առավելություն: Յուրաքանչյուր զենք էլ ունի հակազդման միջոցներ, պարզապես պետք է շատ աշխատել:
«Հայաստանում ՏՏ ոլորտի մոտ 15 հազար մասնագետ կա, որոնք հիմնականում արտադրանք են տալիս դրսի համար, այդ թվում` ռազմական արտադրանք: Չնայած սրան, ոչ ոք չդիմեց նրանց` քննարկելու, վերլուծելու այն, թե հակառակորդն ինչ բարձր տեխնոլոգիական գործիքներ է կիրառում, ինչ անել, որ ապագայում հնարավոր լինի հակազդել նման դեպքերում: ՏՏ ոլորտում խնդիրները մեկ-երկու օրում չեն լուծվում, այլ 1-2 տարվա մեջ»,- նշեց պարոն Վարդանյանը:
Չնայած առկա բոլոր խնդիրներին, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները զինվորների կողքին են և պատրաստ են նրանց աջակցել թե՛ մասնագիտական գործունեությամբ, և թե՛ նյութական օժանդակությամբ:
Դեռ երեկ ՏՀՏ գործատուների միությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում առաջարկում էր ՏՀՏ համայնքին ամեն ամիս աշխատավարձի 1%-ը փոխանցել հիմնադրամի, որը կզբաղվի կիբեռանվտանգության համակարգի արդիականացմամբ:
Նախաձեռնություններով է հանդես եկել նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):
Ստեղծվել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարը կհատկացվի Հայոց բանակի մարտունակությանն ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանը:
Բացի այս, միությունը նախաձեռնել է ՏՀՏ ոլորտի մոբիլիզացիոն ենթակառուցվածքի ներդրման ծրագիր, որի շրջանակներում արդեն հավաքագրվում է ՏՏ ընկերությունների մարդկային և տեխնիկական ռեսուրսների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:
Սիրարփի Աղաբաբյան