Բաժիններ՝

«12 տարեկան տղան ասաց՝ «Աստված տա՝ սաղդ կոտորվեք, որ մեզ հետներդ չեք տանում»». Ազատամարտիկ կինը կիսվում է իր մարտական հուշերով

«Ես պատերազմ եմ գնացել ազատագրական ջոկատների կազմավորվելու ժամանակ, գնացել եմ երկու ամիս ժամանակով, բայց երբ տեսել եմ՝ Մարտակերտում ինչ է կատարվում, իրոք բուժաշխատողների կարիք կա, մնացի, մինչև պատերազմն ավարտվեց»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ազատամարտիկ, գնդապետ, «Կին ազատամարտիկների միության» նախագահ Աիդա Սերոբյանը:

Նա պատմեց, որ, երբ ինքը մարտնչում էր Մարտակերտում, իրենց ջոկատում կռվում էին 12 տարեկան երեխա և 78 տարեկան պապիկ, քանի որ դեռ Արցախյան բանակը չկար, ու կամավորներն էին գնում պատերազմ:

«Երբ պետք է ազատագրեինք Մարտակերտի շրջանի գյուղերից մեկը, շատ լերկ բարձունք էր, մենք պետք է դաշտի միջով գնայինք ու գրավեինք այդ բարձունքը, ես մտքով հրաժեշտ էի տալիս իմ երեխաներին, հարազատներին, քանի որ մտածում էի, որ էլ չեմ տեսնելու նրանց: Մեկ էլ երեխայի ձայն եմ լսում, մեկը՝ 12, մյուսը՝ 13 տարեկան: Մեկը մյուսին ասում՝ «Ա, քինանք էն սոտկեն գրավինք»: Ես ասի՝ «Ռաֆո, մենք գնում ենք, այս երեխաներին ո՞ւր ես տանում»: Ռաֆիկը գնաց, որ համոզի, երեխաները սկսեցին լացել, բայց իրենց թողեցինք ստորոտին ու մենք բարձրացանք: Այս 12 տարեկանն ասաց՝ «Աստված տա՝ սաղդ կոտորվեք, որ մեզ հետներդ չեք տանում»»,- պատերազմի օրերից հիշեց ազատամարտիկ կինը:

Նա նաև հիշեց, որ այն ժամանակ այնքան կին կռվող չկար, որ մի անգամ երեխաներից մեկը նայում է իրեն ու ասում՝ «ձաձա-ձաձա, մի հատ պատրոն կտա՞ս»: Ու երբ ինքը հարցնում է, թե երեխայի ինչի՞ն է պետք «պատրոնը», երեխան վրդովվում է` ասելով, որ պետք է պաշտպանվի, երբ իր վրա թուրքը հարձակվի:

«Այսօր նայելով մեր երիտասարդներին՝ հպարտություն եմ ապրում, 15-16 տարեկան երիտասարդ աղջիկները և տղաները գալիս, ասում են՝ «տիկին Սերոբյան, չե՞ք գնում, մեզ էլ տարեք», բայց առողջական խնդիրների պատճառով այս անգամ չգնացի: Այս ագրեսիան, որ Ալիևն արեց խաղաղ բնակչության հանդեպ, նա մեծ թվով փողեր լվաց: Կարևոր չէ, թե դու ինչ զենքով ես մարտնչում, ինչքան ես զինված, կարևորը զինվորի ոգին է»: Ա. Սերոբյանը համբերություն մաղթեց բոլոր որդեկորույս մայրերին:

Նա նաև կարծիք հայտնեց, որ, ինչպես Իսրայելում, Հայաստանում աղջիկները պետք է ծառայեն բանակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս